Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը: «Նախարարության ստեղծման օրվանից և դրանից էլ առաջ՝ սկսած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակներից Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարիների ընթացքում դարձավ պետական այն կառույցներից մեկը, որի դերը, անհրաժեշտությունը և կարևորությունը պետության հասարակական կյանքը բնական ընթացքով կազմակերպելու գործում ակնառու է:
Ժամանակի ընթացքում դուք, նոր ձեռքբերումների արդյունքում ավելի հմտանալով, հզորանալով այսօր պատրաստ եք մեր երկրի, քաղաքացիների ապրելու, աշխատելու համար անվտանգ միջավայրի ապահովմանը:
Կարդացեք նաև
Ձեր աշխատանքով դուք նաև ապացուցեցիք, որ Արտակարգ իրավիճակների աշխատողի կոչումը կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով արտակարգ իրավիճակներում անձնական զոհողության գնով իսկ պաշտպանել մեր բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Ժամանակակից պայմաններում փոխվել են նաև ձեր աշխատանքի նկատմամբ պահանջները, որը նշանակում է անընդհատ կատարելագործում, մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, տեխնիկական նոր զինվածություն: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, շարունակելով ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները, հետևողական քայլեր կիրականացնի նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահն ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթելով երջանկություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն:
Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար նախագահ Խաչատուրյանն ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրել է պետական պարգևներով:
Պարգևատրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Նախագահն ու վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ ծանոթացել են նաև շարահրապարակում ներկայացված նախարարության տարբեր ստորաբաժանումների գործունեությանն ու հնարավորություններին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ