Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է վստահ լինենք, որ մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

Սեպտեմբեր 05,2022 15:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ տոնական օրվա առթիվ, մաղթել բարձր մասնագիտական հմտություններ և հնարավորինս քիչ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. 

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

 Պետական այրեր, 

Արտակարգ իրավիճակների նախարարության, 

Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ,  

Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունն իրենց կարևոր և առանցքային դերակատարումն ունեցել են և ունեն Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման գործում: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում իրենց կատարած կարևորագույն աշխատանքի համար: Եվ գնահատանքիս խոսքերն եմ հնչեցնում Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատողներին, Փրկարար ծառայության բոլոր աշխատողներին, որովհետև ձեր կատարած աշխատանքն անգնահատելի է:  

Կարծում եմ նաև, որ մենք պետք է հետևողականորեն զարգացնենք մեր երկրում բոլոր ինստիտուտները: Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը: Ինչո՞ւ ենք գնում նման փոփոխությունների: Ամենակարևոր երկու մոտիվացիայի մասին եմ  այսօր ուզում խոսել, որը կարելի է տեղադրել մեկ ընդհանուր վերնագրի ներքո: Ընդհանրապես մեր երկրում,  պետական համակարգում,  ամենուր, մի քանի անգամ  եմ ասել, անհրաժեշտ են բոլոր ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես ուժային կամ ուժային ուղղություն ունեցող կառույցներում աշխատել՝ նշանակում է որոշակի ստանդարտների համապատասխանել և աշխատանքը համապատասխանեցնել որոշակի ստանդարտների:

 Ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին ուզում եմ նշել սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը, որովհետև պետության համար կարևորագույն գործառույթ իրականացնող ծառայությունների աշխատողները պետք է երաշխավորված սոցիալական ապահովության համակարգ ունենան: Մեր նպատակադրումն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա:  

Բայց մենք, ընդհանրապես, պետական կառավարման համակարգում որոշել ենք, որ պետք է առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այսօր առաջնորդվում ենք, օրինակ՝ հանրակրթության ոլորտում: Մենք սահմանում ենք սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին: Եվ, ընդ որում, մեր նպատակադրումն այն է, որ այս գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական, որովհետև երբ մենք, ենթադրենք մի անգամ բարձրացնում ենք աշխատավարձ, հետո տեղի է ունենում գնաճ և այդ աշխատավարձը հինգ, վեց , յոթ տարի անց, երբեմն ավելի արագ չի համապատասխանում մեր սահմանած  նախնական չափորոշչին:

 Եվ հետևաբար մենք այս մեխանիզմը պետք է պարբերաբար աշխատեցնենք՝ ունենալով երկու նպատակ՝ սոցիալական երաշխիքների ամուր համակարգ, բայց նաև պիտի համոզված և վստահ լինենք, որ մեր դպրոցներում, մեր ոստիկանությունում, մեր փրկարար ծառայությունում, մեր զինված ուժերում ծառայություն իրականացնող կամ աշխատող յուրաքանչյուր ոք համապատասխանում է այն ակնկալիքին, որը պետությունն ունի նրա նկատմամբ, որ ժողովուրդն ունի նրա նկատմամբ, որ հանրային շահն ունի նրա նկատմամբ: Եվ ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք այս աշխատանքին: Իհարկե, 2018 թ.-ից հետո Փրկարար ծառայության աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի է ունեցել, բայց մենք դա չենք համարում շոշափելի և էական: Եվ մենք գոհ չենք այն իրավիճակից, որն այս առումով ունենք: Մենք պետք է իրար հետ շարժվենք առաջ: Մենք պետք է վստահ լինենք, որ  մեր երկրում՝ փրկարար ծառայությունում, բոլոր պետական ծառայություններում, նախարարություններում աշխատողը, այդ հաստիքը զբաղեցնողն ի վիճակի է առնվազն ինչ-որ մակարդակով լուծել իր առջև դրված խնդիրը:

 Հարգելի ներկաներ,

 Կրկին  շնորհավորում եմ և բոլորիս մաղթում եմ եռանդ, որպեսզի մենք այս կարևոր ճանապարհը հետևողական, գրագետ անցնենք, և արդյունքում կունենանք բոլորովին նոր իրավիճակ թե՛ փրկարար ծառայության աշխատողների սոցիալական վիճակի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգի,  թե՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների և կառավարման հմտությունների առումով: Ընդհանուր առմամբ, իհարկե, սա այն դեպքն է, երբ պետք է բոլոր փրկարարներին մաղթել ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալություն, բայց հնարավորինս քիչ աշխատանք:

 Շնորհակալություն բոլորիդ ծառայության համար և մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով»:         

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, անբասիր աշխատանքի և անձնվիրության համար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱԻՆ մի խումբ ծառայողների:

Այնուհետև կառավարության ղեկավարը և Հանրապետության նախագահը հետևել են ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում ներկայացվել են ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:

Վարչապետը և նախագահը հետևել են նաև ԱԻՆ երկու աշխատակիցների՝ Գինեսի գրքում գրանցվելու արարողությանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930