Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը պատմում է, թե ինչպես է Անդրանիկ Մարգարյանը «սեմչկայի» պես զենք բաժանել «մեր երկրի ախպերությանը»

Սեպտեմբեր 05,2022 15:23

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը: 

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց՝ մոտավոր գնահատական կա՞, թե նախագծից հետո Հայաստանում զենքի ծավալներն ինչքանով են ավելանալու ու զինագործությունը կարո՞ղ է զարգանալ: Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ այո, նման ակնկալիքներ ունեն. «2020-ի 44-օրյա պատերազմից սկսած` գրեթե կրկնապատկվել է այն մարդկանց քանակը, որոնք դիմում են զենքի թույլտվություն ստանալու համար եւ դա է եղել նաեւ պատճառներից մեկը, որ մենք որոշել ենք այս օրենքին անդրադառնալ եւ կարգավորել»:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին որպես հարակից զեկուցող ներկայացնելիս` Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Նա իր տեսակով զենքի սիրահար է եւ զենքի կարգավորման սիրահար»: Ալեքսանյանի խոսքով՝ ատրճանակ ձեռք բերելու կարգը մնում է նույնը, ինչպես եղել է, պարզապես 20 տարի ուժային կառույցներում ծառայածներին թույլատրվում է ատրճանակ ձեռք բերել. «Ակոսափող զենք ձեռք բերելու հնարավորությունը դառնում է տրամաբանական, այսինքն, մարդը գնում է, հանձնում է քննություն, ներկայացնում այն թղթերը, որոնք հանձնում էր, ավելանում է քննական կարգը»:

Արա Ֆիդանյան

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ասաց, որ նախագծում նշված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2023-ի հունվարի 1-ից, բայց լիցենզավորման համար 6 ամիս ժամանակ է պետք:

Քրիստինե Պողոսյան

ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր ելույթում ասաց. «Ինչքան էլ ներքուստ անհաշտ եմ ես այս օրենքի հետ, բայց ձեր բերված հիմնավորումներից մի բանի հետ ավելի անհաշտ եմ. այս տարիների դառը փորձը գիտե՞ք ինչ ցույց տվեց՝ ինչը որ ասում են՝ եկեք 6 ամիս հետաձգենք, մինչեւ մեխանիզմ մշակենք, հետո կանդրադառնանք, մոռանում են, տանում են վրան ծաղիկներ են դնում ու ուրիշ տեղ են դնում: Եկեք այս հարցը այդ տեսանկյունով չկարգավորենք: Արդեն կան չափորոշիչներ, թե ինչ կարգով են զենքը ստանում, կան մասնագիտացված տեղեր, որտեղ կարող են վարժանքներ անցկացնել, եկեք օրենքը ընդունենք, ու թող գերատեսչությունները ջանք գործադրեն, չարչարվեն ու այդ կարգերը ապահովեն»:

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս նախագիծը հեղափոխական է. «Հատկապես սահմանամերձ բնակիչները, որոնք հիանալի կերպով տիրապետում են զենքին, պատերազմից հետո ասում էին՝ ինչո՞ւ ենք պետք է 5 տարի որսորդ լինենք, հետո՝ ակոսափող ունենանք: Այստեղից ծնվեց նաեւ այս օրենքում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Մենք ունենք սպորտային եւ ռազմաուսումնական հաստատություններ, որոնց զգալի մասը դուրս է օրենքի կարգավորման դաշտից, ուղղակի այս ոլորտում նրանց գործունեությունը պատշաճ չի կարգավորվում: Ռազմաուսումնական հաստատությունները նաեւ մտնում են այս օրենքի կարգավորման դաշտ: Զենք ունեցողները այս երկրում կունենանն երաշխավորված զենք կրելու, պահպանելու մասին գիտելիքներ: Վարչարարական ավելորդ գործառույթները կրճատվում են, բյուրոկրատական քաշքշուկները, ձեւական պահանջները վերանում են: Ձեւական պահանջ է, որ ակոսափող զենք ունենալու համար ասում են՝ դու 5 տարի պետք է լինես «Որսորդ» միության անդամ, 5 տարի հետո ունենաս ակոսափող զենք»:

Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում ասաց, որ մի ժամանակ ատրճանակը դարձել էին «սեմչկայի» պես բաժանվող մի բան. «Երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 600 քանի թույլտվություն տվեց եւ տվեց մեր երկրի ախպերության հիմնական շերտերին: Բոլորն ունեին մեկ, երկու, երեք… Այն ժամանակ ճիշտ կլիներ, որ ոստիկանությունն առարկեր, բայց ոստիկանության ձայնն այն ժամանակ հասանելի չէր: Ավելին՝ ոստիկանության եւ ուժային կառույցներին ենթարկացրել էին ախպերական շրջանակներին ու այսօր այս երկրում փոխվել է հենց դա: Մենք այս օրենքի նախագծով ոչ թե գնում ենք օրինական ճանապարհով անօրինական մարդկանց զինելուն, այլ՝ մեր հասարակությանը տալիս ենք հավասար պայմաններ: Այդ հավասար պայմանները շատ կարեւոր դրույթ է, այդ պայմանները վերահսկելի են, արտոնյալներից հեռանալու հնարավորություններ են»:

Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ ովքեր զենքով պարգեւատրվել են, բոլոր պարգեւատրումների հետեւից գնալու են ու «պետք է քննություն տան, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը, որն ունի նման պարգեւատրում»:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930