Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Սանոսյանին ՌԴ-ում ամեն անգամ բռնում-տանում են, հետո այստեղից Արա Ֆիդանյանի հետ զանգում ենք, որ բաց թողնեն»

Սեպտեմբեր 05,2022 15:10

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվի այն քաղաքացին, որը որպես օտարերկրյա քաղաքացի՝ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի ՀՀ հավաքականում հանդես գալու համար եւ մինչեւ 2021թ․-ի մայիսի մեկը պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է։ Մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան պետք է դիմում ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն, որն էլ միջնորդություն կներկայացնի ՊՆ-ին։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր զեկուցելով նախագիծը՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարեց․ «Ժամանակին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու համար արտասահմանից հրավիրվել են բազմաթիվ երիտասարդներ, մեկ խաղ խաղացել կամ չեն խաղացել, կուտակվել է մի հսկա ցուցակ, եւ այդ մարդիկ իրենց երկրներում հիմա խնդիրներ ունեն օրենքի հետ կապված, որովհետեւ հետախուզում է հայտարարված։ Ֆուտզալի մեր հավաքականի անդամների անունները եւս կան այդ ցուցակում, օրինակ՝ Վլադիմիր Սանոսյանինը, որն առանցքային խաղացող է։ ՌԴ-ում պարբերաբար նա օրենքի հետ խնդիր է ունենում, բռնում-տանում են, հետո այստեղից փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ զանգում միջնորդում ենք, որ բաց թողնեն, բացատրում, թե ինչ է կատարվել»,-նշեց Կարեն Գիլոյանը։

Նա բերեց Արման Ծառուկյանի օրինակը, որը հանդես է գալիս «ընդհանուր մենամարտեր»՝ «Ultimate Fighting Championship»(UFC) սրտաձեւում եւ հոկտեմբերին մենամարտելու է հիմնական խաղում․ «Նրան ես եմ խնդրել, որ ՀՀ-ն ներկայացնի, անձնագիր տվեցինք, հետո ստացվեց, որ բանակ են տանելու։ Մեկ այլ հարցում բախտս բերեց, որ երկրորդ երեխան ունեցավ, ու այդպես կազատվի բանակից, այլապես այդ մարդուն զոռով կրակն էի գցելու»։

Նախագիծն արժանացավ դրական եզրակացության եւ առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930