Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հիմա ընդդիմադիրների կողմից «ահաբեկչության դրսեւորումներ» կլինեն, թե այս օրենքն ընդունում են, որ մեր ազնիվ ցեղը վերանա, մինչդեռ իրականում այն ժողովրդին պաշտպանելու համար է. «Այդ ստանդարտները պետք է մենք ատամներով ձեւավորենք, որովհետեւ եթե ստանդարտները բացակայում են, բայց թղթի վրա գրված են, դրանք վերածվում են Սուրմալուների»:
Վիլեն Գաբրիելյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այն կարգավորում է քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ մարտական զենքի եւ ծառայողական զենքի հետ կապված իրավահարաբերությունները: ՀՀ-ում գործող «Զենքի մասին» օրենքն ընդունվել է 98 թվականին, բայց այն չի սահմանում ինքնապաշտպանական զենքի հասանելիության եւ մի շարք այլ հարցեր: Նոր նախագծով սահմանվում է քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը: Ըստ հեղինակի, այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը, նախագիծը կարգավորում է ՀՀ-ում զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստում է որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը, ներդրվում է զենքի հետ վարվելու մշակույթը, որն ուղղված կլինի քաղաքացիների մարտունակության բարձրացմանը:
Փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մի քանի առաջարկներ չեն ընդունվել նախագծում ու տրամաբանությունը չի կարողանում հասկանալ: Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց, որ մինչեւ երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկեն բոլոր առաջարկները:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փոխանցեց մամուլում առկա քննադատությունները առ այն, որ սրանով ատրճանակ ձեռք բերելն ազատականացվում է: Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ ազատականացում չի նախատեսվում, առավել եւս՝ ատրճանակ, մարդիկ չեն կարողանալու մտնեն խանութ ու զենք ձեռք բերեն. «Ատրճանակ ունենալու հնարավորություն մենակ տված է 20 տարի ուժային կառույցում ծառայած միջին եւ բարձր սպայակազմին»: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ հիմա, երբ ուզում եք ակոսափող հրացան առնել, թուղթ են տալիս ստորագրել, որով դառնում են որսորդմիության անդամ, ասում են՝ այս հարթափող հրացանը տար տունդ դիր, մի 5 տարի հետո կգաս, կառնես ակոսափող: Նա հարցրեց՝ բա հիմա ո՞նց է։ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց, որ առաջարկվող նախագծով քննական կարգով ու բուժզննումով է դառնում, 21 տարեկանից սկսած՝ կարող են ակոսափող ձեռք բերել:
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փոխանցեց անհանգստությունը, որ եթե մարդկանց մոտ շատ զենք լինի, հանցագործությունները կավելանան:
Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Թե՛ միջազգային փորձը, թե՛ ՀՀ-ում եղած փորձը ցույց է տալիս, որ օրինական զենքով հրաձգությամբ հանցագործություններ գրեթե չեն լինում: 17 երկրի փորձ ենք ուսումնասիրել, նույնն էլ ապացուցում է միջազգային փորձը: Զենքի «ազատականացումը», որ ասում եք կա, ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես զսպման մեխանիզմ: Մենք եղածից զենքի թույլտվություն տալու կարգը փաստացի խստացնում ենք: Զենք տիրապետելու եւ զենքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ է ձեւավորվելու հասարակության մեջ»:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ամերիկայում 50-ից բարձր զենք է հասնում 100 հոգուն. «100 բնակչին բաժին է հասնում 120 զենք: Հաջորդ երկիրը Շվեյցարիան է՝ մոտ 30-32 զենք: ԱՄՆ-ում 100 հազար բնակչի հաշվով կատարվում է 7-8 սպանություն, հանցագործություն՝ զենքով, այն դեպքում, երբ 100 բնակչին 12 զենք բաժին հասնող ՌԴ-ում կատարվում է 9-10 սպանություն»: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ԱՄՆ-ում հիմա խստացումների են գնում, բայց հետաքրքիրն այն է, որ նախագահ Բայդենի առաջարկած խստացումների մեծ մասը ՀՀ օրենքի փաթեթում կա, այն է՝ 21 տարեկանից նոր տալ ակոսափողը եւ դնել քննական կարգ:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ասաց, որ ստացել են մեծ թվով առաջարկներ։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ