«Հաղթանակ» թաղամասի բնակիչները, որոնք այսօր բողոքի ցույց էին անում Երեւանի քաղաքապետարանի մոտ, կարծես թե «լեզու գտան» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։ Տեղեկացրել էինք, որ բնակիչների պահանջով նրանից մի քանիսին այսօր ընդունեց քաղաքապետը։ Հանդիպումն ավարտվել է, բնակիչները լրագրողներին պատմեցին, որ քաղաքապետը վստահեցրել է՝ բոլոր խնդիրները լուծվելիք են։
Թաղամասի բնակիչներից Գեղամ Վլասյանն ասաց, որ առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի իրենց նշած խնդիրներով, հանդիպումները լինելու են շարունակական, եւ քանի որ խնդիրը բազմաշերտ է՝ քաղաքապետարանը փորձելու է փուլային տարբերակով լուծել այն։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն էլ լինելու է միջնորդը բնակիչների եւ քաղաքապետարանի միջեւ։ Նա լրագրողներին ասաց, որ ուզում են շատ կարճ ժամանակում խնդիրը լուծել, մինչ այդ՝ մինչեւ հաջորդ հինգշաբթի օրը, բնակիչները պետք է գույքագրեն խնդիրները եւ ներկայացնեն, որպեսզի պարզ լինի, թե ըստ խնդրի քանի բնակիչ կա։
Իսկ խնդիրները մի քանիսն են՝ հողատարածքի սեփականության ակտերը, որոնցով գրանցում չի կատարվում եւ պետք է դրանք փոխարինել սեփականության վկայականով, մեկ ակտով երկու հողակտոր են ժամանակին տվել, մեկը՝ տնամերձ, մյուսը՝ այգեգործական։ Կատվալյանն ասաց, որ տնամերձ հողակտորը գրանցվել է, այգեգործականը՝ ոչ։ Այս մնացած խնդիրները գույքագրելուց հետո կսկսվեն աշխատանքները, բայց նախ՝ ակտերը փորձաքննության պետք է ենթարկվեն։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ