Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել իր նորանշանակ խորհրդական Տարոն Ալեյանին։
Վերջինս փոխարինել է Գառնիկ Պետրոսյանին, որին դեռ խորհրդական էր նշանակել նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Հիշեցնենք՝ վերջինիս օգնականներն ու խորհրդականները Պողոսյանի աշխատանքից ազատվելուց հետո նույնպես աշխատանքից ազատվելու դիմումներ էին ներկայացրել, բացի Գառնիկ Պետրոսյանից։
Aravot.am-ի հետ զրույցում Գառնիկ Պետրոսյանը նշել էր, որ կշարունակի աշխատել այնքան, մինչեւ Ռոբերտ Ղուկասյանը կորոշի, որ չի ցանկանում աշխատել իր հետ։
«Ես իմ կամքով եմ դիմում գրել ու սեպտեմբերի 1-ից ազատվել եմ աշխատանքից»,-այժմ նշեց Գառնիկ Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Ի դեպ, մարզպետի նոր խորհրդականը նոր մարդ չէ Սյունիքում։ Տարոն Ալեյանը մոտ մեկ տարի աշխատել է Սյունիքում՝ որպես Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի փորձագետ։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Ալեյանը քաջ ծանոթ է մարզին, նրա խնդիրներին, հնարավորություններին ու զարգացման ներուժին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ