Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք «կաշառքը» տվել ենք, ո՞ւր են մեր հողերը»․ Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ցույց են անում քաղաքապետարանի մոտ

Սեպտեմբեր 05,2022 13:53

«Հաղթանակ» թաղամասի մի խումբ բնակիչներ բողոքի ցույց են անում Երեւանի քաղաքապետարանի մոտ։ Նրանք մի շարք պահանջներ ներկայացրեցին քաղաքապետին։

Ցույցի մասնակիցների ներկայացմամբ՝ երեք տարի է, ինչ իրենց խնդիրը ներկայացրել են տարբեր կառույցներին, սակայն խնդիրը չի լուծվում։ Բնակիչները պահանջում են վերանայել հողի նշանակության փոփոխության անհիմն գանձումը, թաղամասի բնակիչների սեփականություն հանդիսացող հողատարածքների մի մասը ճանաչված է կանաչապատ․ պահանջում են օրենքով բնակիչների սեփականությունը հանդիսացող տարածքները վերադարձնել սեփականատերերին եւ հողի սեփականության իրավունքի ակտերը փոխարինել իրավունքի վկայականով։

Գեղամ Վլասյան

«Հաղթանակ» թաղամասի բնակիչ Գեղամ Վլասյանի պատմելով՝ ժամանակին, երբ 90-ականներին հողերը բաժանվել են բնակիչներին, դրանք հետագայում ձեւակերպվել են սեփականության ակտով․ «Հետո օրենքը փոխվեց, ու դրանք պետք է փոխարինվեին սեփականության վկայականով։ Էդ վկայականների տրամադրումը շահարկվել է ամեն ընտրությունների ժամանակ, ձայն հավաքելու համար փոխարինել են։ Նախկինում գոնե կաշառքով դա հնարավոր էր անել, այսօր օրենքով չենք կարողանում անել։ Մարդիկ նույնիսկ հողի հարկ չեն կարողանում վճարել։ Թաղամասի բնակելի տարածքների 80%-ը չունի պետական գրանցում, պահանջում ենք նաեւ, որ դրանք անհատույց տան բնակիչներին, ստանան պետական գրանցում, բյուջե հարկ վճարենք։ Կան տներ, որ մարդիկ տարիների ընթացքում տան մակերեսը ընդլայնել են ու չեն գրանցել դա դարձել է ինքնակամ շինություն, որը չունի պետական գրանցում, որի դիմաց ընդամենը հողի հարկ է գանձվում, չնչին գումար։ Պահանջում ենք գրանցեն դրանք ու որպես շինություն գրանցելու դեպքում էլ հարկը ավելի բարձր կլինի»։

Գեղամ Վլասյանը կատակով ասաց՝ «Հաղթանակ» թաղամասը եզակի ինքնաբավ թաղամասերից է․ «Թաղամասն իր կարիքները կարող է լուծել։ Կատակով կարող ենք ասել՝ Վատիկանի կարգավիճակի պես ինքնուրույն կարգավիճակ տվեք, մենք մեզ կպաշտպանենք, մեր զորքն էլ կարող ենք ունենալ, մեր տնտեսությունն էլ, մեր գիտական ուժն էլ ունենք»։

Բնակիչները պատմեցին, որ արտահերթ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ են հանդիպել, մասնավորապես՝ Հրաչյա Հակոբյանը խոստացել է խնդիրը լուծել, սակայն նշել է, որ այդ շրջանում արտահերթ ընտրություններով են զբաղված, ֆիզիկապես չի հասցնի, ընտրություններից հետո կզբաղվի։

Արմեն Գեւորգյանը պատմեց, որ արտահերթից հետո էլ հանդիպել են պատգամավորների հետ․ «Մենք ընտրություններին մարդկանց ասում էինք՝ իրենց ձայն տվեք, խոստացել են մեր հարցը լուծել։ Արտահերթին ՔՊ-ն էլի 65% ձայն հավաքեց մեր թաղամասում։ Հետո գնացինք հանդիպման ու սկսեցին ցրել մեզ Բաբկեն Թունյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը։ Մենք չէինք պատկերացնում, որ այսպես բացահայտ կխաբեին։ Իհարկե, մեզ չեն ասել՝ մեզ ընտրեք․ կլուծենք հարցը, բայց ասել են՝ արտահերթ է, արտահերթից հետո կլուծենք։ Հիմա մենք «կաշառքը» տվել ենք, ո՞ւր են մեր հողերը»։

Բնակիչներն ասացին, որ 2018-ից հետո սեփականության ակտով չեն կարողանում վճարել գույքահարկ ու չեն հասկանում՝ ինչո՞ւ։

«Եթե ես չեմ կարող վճարել, ուրեմն՝ իմ սեփականությունը չի։ Հրաչյա Հակոբյանի կաբինետում Կադաստրի պետն ասում էր՝ ժանգոտած թղթերը վերցնում-բերում եք, ասում եք՝ մեզ ոտքով չափած հող տուր։ Եղբայր, այդ հողերը, որ տրամադրել են, դուք հլը «պրոյեկտի» մեջ չկայիք։ Չափագրումն արված է։ 2020-ից մուտք եմ արել քաղաքապետարան, պատճառաբանում են՝ հողամասի վրայով բարձրավոլտ է անցնում, հրաժարվեք հազար քմից։ Հրաժարվեցի։ Մեկ էլ՝ վայ, հողամասի ուրվագիծը մի փոքր էականորեն խախտված է։ Անիմաստ պատասխաններ են տալիս, այն դեպքում, երբ պետական այլ կառույցից դրական եզրակացություն են տվել»,-պատմեց թաղամասի բնակիչներից մեկը։

Բնակիչները պահանջում էին, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպի իրենց հետ, քաղաքապետարանից որեւէ այլ պաշտոնյայի հետ հանդիպման առաջարկները մերժում էին։ Քաղաքապետարանի ներկայացուցչի առաջարկով՝ 4-5 բնակիչներ այս պահին քաղաքապետի հետ հանդիպման են։

Մինչ այդ ցույցի մասնակիցները փակել էին քաղաքապետարանին հարակից Արգիշտի փողոցը, հետո ոստիկաններն այն բացեցին։

Սաշա Կատվալյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը լրագրողների հետ զրույցում խնդրի առնչությամբ պարզաբանում տվեց, ասաց, որ որոշակի աշխատանք կատարվել է, ամբողջ վարչական շրջանում գույքագրվել են այն հողերը, որոնք ակտի կարգավիճակ ունեն, այսինքն՝ պետական գրանցման չեն գնացել․ «Օգոստոսի 10-ին արդեն փաթեթը մուտք ենք արել քաղաքապետարան, պետք է ստուգվի ակտերի իսկությունը, քանի որ կեղծիքների դեպքեր են եղել։ Օրինակ՝ ակտում գրված՝ է 3000 քառակուսի, իրականության մեջ դա գոյություն չունի։ Ակտերի ճշմարտացիությունը կասկածի տակ է, ուստի փորձաքննություն պետք է արվի»։

Կատվալյանն՝ անդրադառնալով բնակիչների այն մտավախությանը, որ այս գործընթացով փորձ է արվում իրենց հողերը խլել սեփանականատերերից, վստահեցրեց՝ նման բան չկա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930