Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկվածներին կսովորեցնեն բնական հումքից օճառ պատրաստել, կուսուցանվեն ծաղկագործության ու գրիչների ասեղնագործության հմտություններ

Սեպտեմբեր 05,2022 13:10

Սեպտեմբերի 5-ից նոր ուսումնական տարի է սկսվում նաեւ «Արմավիր» ու «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 20 անձանց համար։ «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ իրականացնում է «Հավասարը՝ հավասարին» ծրագիրը։

«Արմավիր» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող 10 հոգու կուսուցանվեն ծաղկագործության ու գրիչների ասեղնագործության հմտություններ։ Դասընթացը կվարի ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանը։

Իրինա Մանուկյան

«Սա թերեւս եզակի դեպք է, որ երրորդ կողմը դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիր է կնքում ու հենց ինքն է ուսուցանելու իր բախտակիցներին, այսինքն՝ «հավասարը՝ հավասարին» մեթոդն է կիրառվելու, որը կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։ Վերջինս շնորհակալ է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, հատկապես սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադեւոսյանին, «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայրապետ Անանյանին՝ ծրագրի իրականացման համար կազմակերպչական հարցերին արագ ընթացք տալու համար։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 10 անձանց ուսուցանվելու են օճառագործության հմտություններ․ նրանք կսովորեն բնական հումքից օճառ պատրաստել։ «Դասընթացը վարելու է ոլորտում փորձ ունեցող «Նուռի» ընկերության ղեկավար Սուրեն Բաբայանը։ Կարծում եմ, քրեակատարողական հիմնարկում նման դասընթաց կազմակերպելը եւս նորություն է»,-ասում է Իրինա Մանուկյանը։

Այս դասընթացը, թերեւս մի քանի օր ուշ կսկսվի․ քրեակատարողական ծառայությունը տեղեկացրել է՝ որ կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ։ «Չեմ կարծում՝ որեւէ խոչընդոտ կառաջանա, որովհետեւ «Հանուն Ազատության»-ը միշտ էլ համագործակցել է քրեակատարողական ծառայության, ՔԿՀ–ների հետ, ու միշտ ընդառաջել են մեզ»,-նշում է մեր զրուցակիցը։

Ավելացնենք, որ դասընթացների համար անհրաժեշտ գույքը, սարքավորումները եւս ձեռք են բերվել ու դրանք բաշխվելու են դասընթացի մասնակիցներին։ Ստացած հմտությունները հնարավորություն կտան պատիժ կրող անձանց՝ ազատության մեջ էլ զբաղվել այդ գործով՝ արագ ինտեգրելով հասարակությանը։ Դասընթացի մասնակիցներին տրվելու են վկայականներ ։

Նշենք, որ մինչեւ ծրագրի մեկնարկը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար աշխատաժողով էր նախաձեռնվել։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930