«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումների համաձայն` սահմանվում է իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ, թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:
Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արա Ֆիդանյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց, որ հիմա այս ընթացակարգը կանոնակարգելի է, եւ այս փոփոխությունը միտված է դրա ամրապնդմանը․ «Սա կանխարգելելու է անչափահասի կողմից վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների կատարման դեպքերը»։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ անչափահասին դաստիարակելու, հաշվառելու եւ հսկողության տակ պահելու ոլորտը կարգավորելու ուղղությամբ լուրջ խնդիրներ կան, եւ օրենքում լրացում կատարելով՝ սա ստանում է նորմատիվ բնույթ․ «Այս ամենի կարգը կառավարության որոշմամբ կսահմանվի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ