Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակից ազատվելու հնարավորություն կունենան նաեւ ԲՏՃՄ մասնագիտություններով սովորողները

Սեպտեմբեր 05,2022 11:55

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ այս խնդիրն առաջացավ անմիջապես, երբ 2017թ․-ին զինապարտության մասին օրենքում փոփոխություն եղավ, եւ բոլորը պարտավոր էին ծառայել։

«Երբ շատ ուսանողներ ստանում էին տարկետումներ բակալավրում եւ մագիստրատուրայում, հետո՝ ասպիրանտուրայում, այդտեղ շատերը խնդրի առաջ էին կանգնում, որովհետեւ մինչեւ 27 տարեկանը կամ պետք է զորակոչվես, կամ բանակից ազատված լինես։ Ստացվում էր, որ ասպիրանտի կրթությունը կիսատ էր մնում եւ դառնում անիմաստ մի բան։ Առաջարկում ենք սովորելու համար տարկետում ստացած եւ 27 տարեկանի հասածների համար տարիքը սահմանել մինչեւ 28: 27 թիվը խորհրդային շրջանից է, երբ դպրոցը տասը տարի էր։ Հիմա դպրոցը 12 դարի է, բակալավրը՝ 4, մագիստրատուրան՝ 2, եւ 3՝ ասպիրանտուրան։ Եվ շատ աշակերտներ երբեմն 18 տարեկանում են դպրոցն ավարտում։ Ուստի 27-ը դարձնում ենք 28, եւ սա կհեշտացնի նաեւ նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատանքը։ Ամեն անհատի դեպքում թղթաբանությունը բարդանում է, խնդիրները կուտակվում են, իսկ այսպես ամեն ինչ կկանոնակարգվի՝ ուսանողները կկարողանան որակյալ դիսերտացիաներ պաշտպանել»,-նշեց Վահրամ Դումանյանը։

Նա շեշտեց, որ պետությունը մինչեւ այժմ իր տեղում է եղել, տարկետում տվել բակալավրիատից, մագիստրատուրայից, ասպիրանտուրայից, բայց հենց պետության համար արտոնություն չկա․ «ԲՏՃՄ ուղղություններով բուհական աշխատանքը, դասավանդումը հասկանալի պատճառներով հետաքրքիր չեն շրջանավարտների համար։ Ուստի այս ուղղությամբ որոշ ԲՈՒՀ-երի եւ որոշ մասնագիտությունների համար տրվում է տարկետման հնարավորություն։ Մանրամասները համաձայնեցնելու ենք ՊՆ-ի հետ։ Մասնագիտությունների եւ բուհերի ցանկն ըստ տվյալ տարվա նպատակահարմարության՝ կսահմանի կառավարությունը։ Խոսքը եռաստիճան կրթություն մատուցող բարձրակարգ բուհերի մասին է։ Սա շատ կարեւոր փոփոխություն է։ Բազմաթիվ ծնողներ անհամբեր սպասում են այս փոփոխությանը»։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախ ընդգծեց, որ սա շատ լավ նախաձեռնություն է եւ միտված է մեր երկրի անվտանգությանը, ապա Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց․ «Ծնողները մտածում են կրթությա՞ն մասին, թե՞ տարկետման հնարավորությամբ երեխային բանակից ազատելու մասին»։ Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ կառավարությունն այս գործընթացը պլանավորել է մանրակրկիտ, եւ հարցը վերաբերում է բանակին, կրթությանը․ «Կրթությունը եւս անվտանգային ոլորտ է։ Կրկնեմ, որ տարկետման կարգն ամեն տարի սահմանելու է կառավարությունը։ Բացի այն, որ այս տարկետումը բարի կամքի դրսեւորում է, դրանից օգտվածները պարտավոր են պետության կարիքները հոգալ։ Օրինակ՝ ՊՆ-ին որեւէ ուղղությամբ կարող է պետք գալ որակյալ մասնագետ, եւ ասպիրանտը պետք է իմանա, որ ավարտելուց հետո աշխատելու է ՊՆ-ի համար՝ ՊՆ-ի սահմանած ստորաբաժանման կազմում։ Նույնը եւ ԲՈՒՀ-ի դեպքում։ Եթե ոչ՝ կծառայեն բանակում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930