Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը և Իրանը միշտ պետք է խոսեն». հայ-իրանական գիտական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում

Սեպտեմբեր 05,2022 11:49

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնում:

Հուշագրի կնքումը իրականություն է դարձել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ակտիվ ջանքերի շնորհիվ։

Հուշագրով նախատեսվում է արևելագիտությանը վերաբերող գրականության ցանկերի փոխանակում, համատեղ գիտաժողովների, վեբինարների, կլոր սեղանների անցկացում, «Հրաչյա Աճառյան»-ի անվան մրցանակաբաշխության շրջանակներում լավագույն իրանագետ անվանակարգի սահմանում:

Հանդիպմանը ներկա էին բարերար Հովսեփ Ավետյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը, Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Սադեն, Թեհրանում «Ալիք» օրաթերթի արտոնատեր Ալբերտ Աճեմյանը, քաղաքական, մշակութային, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ ինչպես Իրանից, այնպես էլ Հայաստանից:

«Իրանը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Մեր երկու ժողովուրդները ստեղծել են յուրահատուկ քաղաքակրթություն: Արևելագիտության ինստիտուտի առաջնահերթություններից է իրանագիտության ոլորտում ուսումնասիրությունների խորացումը», – ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցության արդյունավետությունը:

«Հայ-իրանական հարաբերություններն ունեն մի քանի հազար տարվա պատմություն, բարեկամություն, մշակույթ և ամուր կապեր: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք Արևելագիտության ինստիտուտի հետ լավ համագործակցություն ձևավորել», – ասաց Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Սադեն: Նա ցանկություն հայտնեց մոտ ժամանակներս համագործակցության հուշագիր ստորագրել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։

Հուշագրի ստորագրմանը հաջորդեց «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը: Այն ամփոփում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված գիտաժողովի արդյունքները: Ժողովածուն ընդգրկում է երկու երկրների դեսպանների ելույթները տարբեր ժամանակներում, հայ և իրանցի գիտնականների զեկույցները: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, ժողովածուի գլխավոր խմբագիր Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց ժողովածուում կիրառված նորարարությունը՝ QR կոդը, որն ապահովում է 2020թ. փետրվարի 9-10-ին տեղի ունեցած գիտաժողովի տեսագրությունը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից շնորհակալագիր հանձնվեց բարերար Հովսեփ Ավետյանին հայրենանվեր գործունեության համար: Ավետյան ընտանիքի օժանդակությամբ վերանորոգվել և վերակահավորվել է Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժինը:

«Արևելագիտության ինստիտուտի և Ավետյան ընտանիքի միջև համագործակցության շնորհիվ մեր ինստիտուտի գիտական միջավայրն ավելի բարելավվեց: Մենք շատ շնորհակալ ենք Ավետյան ընտանիքին: Այս ամենն էլ ավելի կնպաստի մեր նոր գիտական արդյունքների ստացմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

«Գիտության մշակների համար ստեղծվել են արժանապատիվ պայմաններ, և մենք պետք է ավելի ակտիվացնենք մեր համագործակցությունը: Հայաստանը և Իրանը միշտ պետք է խոսեն, գտնեն շփման եզրեր և ընդհանուր շահեր»,- ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ավետյան ընտանիքին:

«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել այս գիտական կենտրոնի հետ: Ներկայում Իրան-Հայաստան հարաբերությունները կարևոր փուլում են, և կենտրոնը կարող է օգտակար լինել այդ հարաբերությունների զարգացման գործում», – ասաց Հովսեփ Ավետյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930