Խորհրդարանում այսօր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստն է ընթանում՝ ծավալուն օրակարգով։ Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձանագրեց, որ հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավորները չեն եկել։ Նիստին մասնակցում են միայն ՔՊ-ի պատգամավորներն ու նախագծերը զեկուցող կառավարության անդամները։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նիստին չմասնակցելով՝ ընդդիմադիրները փաստում են, որ հետաքրքրված չեն անվտանգային խնդիրներով. «Ես տեղյակ չեմ՝ ուր են եւ ինչով են զբաղված։ Եթե որեւէ մեկը տեղյակ է, ասեք իմանանք»։
Նշենք, որ օրակարգում են, այդ թվում՝ ոստիկանությանը, զինվորական ծառայությանը եւ զենքի շրջանառությանը վերաբերող օրենսդրական փաթեթներ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ