«Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» (IFES) աջակցությամբ իրականացվող «Հակակոռուպցիոն պայմանագրերի և չափանիշների իրականացում» ծրագրի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերլուծում է կոռուպցիայի համատեքստն՝ ըստ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացված առաջարկությունների։ Ծրագրի շրջանակում ընտրել ենք ՀՀ վերաբերյալ միջազգային կազմակերպությունների 5 առաջարկություններ և իրականացնում ենք գործողություններ, որոնցով կնպաստենք առաջարկությունների կատարմանը։ Ընտրված առաջարկություններից մեկը՝ «Բարեփոխել դատախազների հավաքագրման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերը, այդ թվում i) Մեծացնելով Որակավորման կոմիտեում որոշումների կայացման գործընթացի թափանցիկությունը՝ սահմանափակելով Գլխավոր Դատախազի հայեցողական լիազորությունները և պահանջելով, որ վերջինս գրավոր բացատրություն տա իր որոշումների վերաբերյալ, և ii) թույլ տալով չընդունված թեկնածուներին դիմել դատարան՝ իրավական հստակ և կոնկրետ դրույթների հիման վրա: Առաջարկություն ներկայացվել է Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) կողմից։
Վերը նշված առաջարկությամբ բարձրացված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ դատախազության մասին օրենքով և ՀՀ գլխավոր դատախազի 2018 թ․ ապրիլի 26-ի թիվ 44, 2018 թ ապրիլի 26-ի թիվ 43 և 2021 թ․ ապրիլի 26-ի թիվ 42 հրամաններով։
Նշված իրավական նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատախազների առաջխաղացման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերում կան բացթողումներ, օրենսդրական խութեր, որոնց պատճառով չի ապահովվում գործընթացի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, գլխավոր դատախազն ունի բազում հայեցողական լիազորություններ։
ՀՔԱՎ-ը ուսումնասիրել է ոլորտի իրավական կարգավորումներն ու ներկայացնում է ոլորտը բարեփոխելու առաջարկություններ՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) առաջարկություններին համապատասխան։
Կարդացեք նաև
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ