Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի հայտարարությունը՝ իր, որպես նախկին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ  

Սեպտեմբեր 05,2022 09:44

Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների:

2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։

2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբարենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարմար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

Պետական համակարգից հեռանալուց հետո, բազմակողմանիորեն գնահատելով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իմ քաղաքական գաղափարակիցների հետ մշակել և Արցախի ու Հայաստանի իշխանություններին եմ ներկայացնել ճգնաժամային կառավարման ոլորտային մոտեցումներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Նշեմ նաև, որ ԱՀ իշխանությունների հետ պարբերական շփումներ եմ ունենում իբրև խորհրդարանական ուժի առաջնորդ, իսկ ՀՀ իշխանությունների հետ առնչվել եմ բացառապես արտախորհրդարանական ուժերի հարթակում, ապա հեռացել՝ ձևաչափի անարդյունավետության պատճառով։

44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել եմ հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իմ առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կանխակալ մեդիահրապարակումներով ինձ մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ եմ կրելու պատասխանատվություն։ Հակառակ դեպքում հետամուտ եմ լինելու՝ պատասխանատվության ենթարկելու զրպարտության և սուտ մատնության հեղինակներին։ Զինվենք համբերությամբ և հետևենք դատավարական գործընթացներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահայտելու պահանջով։ Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քարտուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։

Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթները, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվում են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահայտվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930