Ի՞նչ գործեր են նշանակվել սեպտեմբերին Սահմանադրական դատարանում
ՀՀ սահմանադրական դատարանում սեպտեմբերի ժամանակացույցը հուշում է, որ 4 դիմում է նշանակվել քննության:
Սահմանադրական դատարանը փետրվարի 8-ին որոշել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի եւ Բարձրագույն դատական խորհրդի «Դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները եւ կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի եւ դրա հավելված 1-ի 19-րդ կետի՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության եւ գործի դատաքննությունը սկսել 2022 թվականի մայիսի 24-ին: Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը: Մայիսի 13-ին, սակայն, ուժը կորցրած է ճանաչվել փետրվարի 8-ի ՍԴԱՈ-26 աշխատակարգային որոշումը: ՍԴ ժամանակացույցում նշված է, որ քննությունը նշանակվել է սեպտեմբերի 6-ին, ժամը 11-ին, մինչդեռ կից ներկայացված է փետրվարի աշխատակարգային որոշումը, որտեղ որոշված էր մայիսին գործը քննելու մասին:
Սեպտեմբերի 13-ին նշանակվել է Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:
Կարդացեք նաև
Դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունիսի 16-ին: Ռուզաննա Ղազարյանը դիմելով Սահմանադրական դատարան՝ խնդրել է որոշել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի «Պետական գրանցման առանձնահատկությունները» վերնագիրը կրող 4-րդ գլխի 40-րդ հոդվածի 2-րդ մասի (ՀՕ-247-Ն, ընդունված՝ 23.06.2011թ.) «բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը» մասի՝ ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը՝ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը: Դիմողը նշել է, որ վիճարկվող դրույթով օրենսդիրը գրավատուին փոստային առաքանու միջոցով բռնագանձման ծանուցումն ուղարկված լինելու հանգամանքը դիտարկել է բավարար՝ սեփականության իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար, ինչպես նաեւ չի նախատեսել ընթացակարգ, որը հնարավորություն կտար հավաստիանալու նշված ծանուցումը գրավատուի կողմից ստացվելու մասին, միաժամանակ նախատեսված չեն ծանուցումը գրավատուի կողմից չստանալու պարագայում ծանուցման այլ ընթացակարգեր, որոնց պարագայում գրավատուն հնարավորություն կունենար իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը։ Ըստ դիմողի՝ առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցելու ընթացակարգը պահպանված համարելու, եւ, ըստ այդմ, գրավառուի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված համարելու համար պետք է ապացուցվի, որ առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավատուին իրազեկելու կապակցությամբ պատշաճ կարգով իրականացվել են ակտիվ գործողություններ։
Այսինքն, անկախ ծանուցման եղանակից, նշված գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի ապացուցել գրավատուի կողմից բռնագանձման ծանուցման մասին իրապես տեղեկացված լինելու փաստական հանգամանքը, որպիսի ընթացակարգ օրենքի վիճարկվող նորմով սահմանված չէ: Դիմումատուի գնահատմամբ, օրենսդրական կարգավորման անորոշությունը հնարավորություն չի տալիս հստակ հասկանալու, թե ինչ եղանակով պետք է փաստել, որ գրավատուն իրազեկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին։ Սեպտեմբերի 20-ին վերսկսվելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը, դարձյալ գրավոր ընթացակարգով: Մի անգամ այն նշանակվել էր հունիսի 14-ին: Երբ բացում ենք հունիսի 21-ի աշխատակարգային որոշումը, պարզում ենք, որ նմանօրինակ որոշում կա. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի դատաքննությունը հետաձգել, գործի քննության ժամկետը երկարաձգել եւ գործի դատաքննությունը նշանակել 2022 թվականի հոկտեմբերի 18-ին` ժամը 11.00-ին»: Մինչդեռ կայքի պաշտոնական ժամանակացույցով նիստը նշանակված է սեպտեմբերի 20-ին ու կից աշխատակարգային որոշումն էլ չեն նայել, թե ինչի մասին է կցվածը:
Աշխատակարգային որոշումների տեղատարափ է սեպտեմբերի 27-ին նշանակված գործով՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Հղում է կատարված փետրվարի 22-ի աշխատակարգային որոշմանը, որի համաձայն նիստը նշանակվել էր հունիսի 7-ին: Զեկուցող էր նշանակվել Ա. Թունյանը: Երբ բացում ենք հունիսի 7-ի աշխատակարգային որոշումը, պարզվում է, որ այդ որոշմամբ էլ ուժը կորցրած է ճանաչվել ՍԴ մայիսի 3-ի աշխատակարգային որոշմամբ՝ «գործի դատաքննության ժամկետի մասով», իսկ նիստը նշանակվել է հուլիսի 8-ին: Փաստորեն, կա նաեւ մայիսի 3-ի որոշում էլ, համաձայն որի, այս գործով նշանակվել է քննություն՝ հունիսի 10-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2022