Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագիրն ու ազգային ինքնությունը

Սեպտեմբեր 05,2022 11:30

Ազգային գիտակցության եւ ինքնության ամրապնդման գործում անգնահատելի է անկախության գաղափարի արժեքը։ Անկախությունը յուրաքանչյուր օր ապրելու արժեք է: Եվ այդ անկախության հիմքը, ասել է թե` անձնագիրը, անկախության հռչակման փաստաթուղթն է՝ Անկախության հռչակագիրը։ Հռչակագրի մասին շատ է խոսվել անցած տասնամյակների ընթացքում:

Սակայն կարելի է պնդել, որ Անկախության հռչակագրի տեքստին ծանոթ է մեր երկրի բնակչության, ինչպես նաեւ աշխարհի հայության շատ փոքր մասը: Հայաստանի միջին քաղաքացին մնացել է գաղափարից կտրված: Անկախությունը նրա համար դարձել է ինքնահոսի տրված վերացական հասկացություն: Մինչդեռ անկախությունը իմաստավորված լինելու կարիք ունի: Կրթական միջավայրի որակի շարունակական անկման պայմաններում առաջանում է մի իրավիճակ, երբ մարդը, չունենալով բավարար գիտելիք ու փորձ, սկսում է ինքն իրեն (ներառյալ` իր ընկալումը) ամեն ինչից պաշտպանել եւ ցանկացած, առաջին հերթին` ինտելեկտուալ տարբերություն թշնամական է ընկալում: Այս «պայքարը» երկիրը ներսից քանդում է եւ նման է ավտոիմունային հիվանդության, երբ իմունային համակարգը պայքարում է սեփական օրգանիզմի դեմ եւ թիրախավորում է նաեւ առողջ բջիջները: Առանց գաղափարական հիմքի, երկիրը դառնում է նման ավտոիմունային հիվանդության զոհ: Իսկ գաղափարական հիմքը պետության կազմավորման նպատակն է: Անկախությունը գիտակցված ընկալում է ենթադրում: Հայաստանի դեպքում անկախությունը կրելը մեր պետական (ազգային) ինքնության հիմքն է կազմում, ինչպես նաեւ բարդ տարածաշրջանում գտնվող երկրի հարատեւ զարգացման բանալին:

«Ընդդեմ» ինքնությունը որպես իրական խաղաղության խոչընդոտ

Ինքնությունը ձեւավորվում է հստակ գաղափարի կամ արժեքի շուրջ: Լինում են դեպքեր, երբ այդ գաղափարի հիմքում նպատակային կերպով սերմացվում է հակաինքնություն`այլ ազգի ինքնության դեմ պայքար: Նման օրինակներից են նացիստական Գերմանիայում հակասեմիտականությունը կամ Ադրբեջանում 1980-ականների վերջից բացահայտ հայատյացության հիմքում դրված ազգային ինքնության ձեւավորումը: Երկու դեպքում էլ ստեղծվել եւ խորացվել է մեկ այլ ազգի կողմից սեփական ժողովրդի նվաստացած լինելու գաղափարը: Ադրբեջանի դեպքում նման երեւույթի կոնկրետ օրինակներ են տարիներ շարունակ առաջ մղվող «տարածքի կորցրած 20%», «մեկ միլիոն փախստական», «Խոջալուի (այսպես կոչված) ցեղասպանություն» պնդումները: Նման իրավիճակում ազգերի կողմից առաջանում է նվաստացած լինելու զգացողություն։ Ի տարբերություն, օրինակ, պատերազմների արդյունքում ձեւավորվող ատելության, նվաստացված լինելու զգացողության հաղթահարումը շատ ավելի երկար ժամանակ եւ ավելի մեծ ջանքեր է պահանջում: Սովորաբար պատերազմներն ավարտվում են խաղաղության պայմանագրով եւ դրան հաջորդող մի քանի տարիներով, որից հետո այդ նույն պատերազմող երկրները կարող են դառնալ անգամ տնտեսական գործընկերներ կամ նույնիսկ դաշնակիցներ։ Իսկ ազգերի նվաստացման դեմ միջոցը այդ նվաստացման զգացողության թուլացումն է` նախ եւ առաջ այդ նույն ժողովրդի իշխանության կողմից: Այլ կերպ ասած, Ադրբեջանի դեպքում, հենց այդ երկրում է պահանջվելու երկար ժամանակ (գուցե մինչեւ մեկ ամբողջ սերնդի չափ)`սեփական ժողովրդի համար նվաստացման ընկալման «հակաթույնը» արդյունքի հասցնելու համար:

Անկախության հռչակագիրը ճանաչելի դարձնելը

Իսկ ահա հանուն (եւ ոչ` ընդդեմ) գաղափարի հիմքով ազգային ինքնությունը սեփական մշակույթն է դարձնում խարիսխ եւ այն փորձում առաջ մղել: Հայաստանի դեպքում ազգային ինքնության հիմքը, ըստ իս, հայկական մշակույթի (ավելի լայն իմաստով, քան միայն լեզուն եւ կրոնը) զարգացումն ու ներկայացումն է: Հայկական բարձրավանդակում գտնվող հայկական քաղաքակրթության եւ հայկական ինքնության (լայն իմաստով` նաեւ համաշխարհային հայության) պահպանման համար հիմնական գրավականը պետության գոյության գաղափարի կրումն է: Իսկ այդ գաղափարը ձեւակերպված է Անկախության հռչակագրով:

Հայաստանի Անկախության հռչակագիրը 12 կետից բաղկացած համառոտ փաստաթուղթ է, որը լայն ճանաչման կարիք ունի եւ դեռեւս մնացել է զուտ իբրեւ ձեւ-խորհրդանիշ՝ համակարգային բովանդակային հիմք լինելու փոխարեն: Հռչակագրի ճանաչումը, առաջին հերթին, ենթադրում է ոչ միայն այդ փաստաթղթի մասին հիշատակումը, այլեւ վերջինիս ուսումնասիրությունը: Հռչակագիրը ճանաչելու լավագույն միջոցներից մեկը, կարծում եմ, դպրոցներում այն մանրամասն ուսումնասիրելն է: Օրինակ, դասավանդման գործընթացում հատուկ դասաժամեր հատկացնելով, հնարավորություն կընձեռվի Հռչակագրին ծանոթանալ եւ այն վերլուծել: Դրանով կշեշտադրվի փաստաթղթի բացառիկ կարեւորությունը, ինչպես նաեւ կմեծանա վերջինիս վերաբերյալ իմացությունը ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաեւ վերջիններիս ծնողների շրջանում: Ժամանակի ընթացքում Հռչակագրի բովանդակությունը ճանաչելի կդառնա բնակչության լայն շերտերի կողմից:

Անկախության հռչակագրի իմաստն ու նշանակությունը նման քայլերով կարող է ամրապնդվել՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման եւ երկրի հարատեւ զարգացման:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Միջազգայնագետ (ք. Հոնկոնգ)

«Առավոտ» օրաթերթ
03.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930