Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գումարը մեծ դեր ունի ինձ համար, բայց առաջնայինն իմ անունն է»

Սեպտեմբեր 05,2022 11:00

Հարցազրույց ոճաբան, հագուստի դիզայներ Արայիկ Գաբաջյանի հետ

– Հարգարժան Արայիկ, դուք, որպես ոճաբան եւ հագուստի դիզայներ, հնչեղ անուն եք Հայաստանում։ Ձեզ հետ հանդիպման ինֆորմացիոն առիթը վերջերս Երեւանի օպերային թատրոնում լեգենդար բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի իրականացրած Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետի» պրեմիերայից հետո հանդիսատեսի հիացական արտահայտություններն էին ներկայացման մասին, որտեղ ձեր հիմնադրած «Գաբաջյան նորաձեւության տանը» պատրաստված հագուստները, կեղծամները, գլխազարդերը որակվում էին շքեղ, նույնիսկ ասում էին, որ վերջին շրջանում հայաստանյան թատրոններում նման շքեղության չեն հանդիպել։ Այստեղ մի բայց կա. բեմադրության նկարիչն ու զգեստների դիզայները ճանաչված անուն Վյաչեսլավ Օկունեւն է։ Հետաքրքիր է՝ դուք միայն պատրաստե՞լ եք, թե՞ որպես դիզայներ նույնպես ներդրում ունեք այդ աշխատանքում։

– Ինձ թույլ էր տրված մինչեւ 20 տոկոս շեղվել օկունեւյան դիզայնից։

Տեսարան «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից:

– Գիտենք, որ դուք համագործակցել եք երեւանյան որոշ դրամատիկական թատրոնների հետ։ Իսկ ինչպե՞ս եղավ հրավերն օպերային թատրոնից։

– Առաջին ներկայացումը Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկն էր», ինձ առաջարկեցին պատրաստել 20 մկների հագուստները, վերանորոգել որոշ ռեկվիզիտներ։ Ես սիրով օգնության ձեռք մեկնեցի, իսկ օպերային թատրոնում հայտնվեցի փորձերի համակարգող Տաթեւիկ Մավելյանի շնորհիվ։

– Մեկ ձեռքի մատները հավանաբար շատ են հաշվելու համար, թե մեր հանրապետությունում քանի ոճաբան ունենք։ Պատճառը մեկն է՝ մշակութային բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում բացակայում է այդ մասնագիտությունը։ Դուք, բնականաբար, արտասահմանում եք կրթություն ստացել…

– Առաջին մասնագիտությամբ աստվածաբան եմ, դաստիարակված եմ քրիստոնեական արժեքներով։ Ուսանել եմ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում եւս, ձեռք բերել հագուստի մոդելավորողի մասնագիտություն։ Ինչ վերաբերում է ոճաբանի մասնագիտությանը, ուսանել եմ Լոնդոնում, իսկ ավարտելուց հետո աշխատանքներս տեղ գտան հայտնի Vouge ամսագրում։ Միառժամանակ անց նաեւ դասավանդելու հրավերներ ստացա, այդ թվում՝ Բոստոնի արվեստի համալսարանից։ Ի դեպ, ժամանակին Երեւանի գեղարվեստի ակադեմիայից էլ եմ դասավանդելու հրավեր ստացել… Այս պահին մտաբերեցի Լոնդոնի համալսարանի դասախոսիս, որին միսիս Փարաջանով էին անվանում, որովհետեւ տարված էր մեծ վարպետի արվեստով։ Նա մի անգամ խնդրեց Հայաստանից իրեն նուռ տանեմ, որից անկրկնելի մի մազակալ պատրաստեց։

– Երբեք չե՞ք մտածել Հայաստանում առաջին անգամ ոճաբանի դասընթացներ կազմակերպելու մասին։

– Նման գաղափար ունեմ՝ մոտ ժամանակներս բացել ոճաբանի եւ հագուստի մոդելավորողի դպրոց։

– Արայիկ, արվեստի այս կամ այն ոլորտի մասնագետ դառնալու համար համապատասխան ընդունակություններ են հարկավոր, օրինակ՝ երաժշտարվեստ ոտք դնելու համար՝ ռիթմ, երաժշտական լսողություն… իսկ ձեր ոլորտում ի՞նչ ընդունակություններ են անհրաժեշտ։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հարցազրույցներում նրանց մեծ մասը հաճախ ասում է, թե երգել ավելի շուտ է սկսել, քան առաջին բառերն արտաբերելը…

– Եթե այդպես է, ուրեմն ես ավելի վաղ եմ սկսել «շփվել» ապագա մասնագիտությանս հետ (ժպտում է- Ս. Դ.)։ Տատիկս ադրբեջանցի հայտնի երգչուհի Զեյնաբ Խանլարովայի դերձակուհին էր… Մեր տանը հսկայական քանակի գործվածքներ կային, ես էլ փոքր երեխա էի, շոշափում էի դրանք, հոտոտում… Պետք է ասել, որ դրանց հոտն ինձ դուր էր գալիս… Պապս եւ հորեղբայրս ճանաչված վարսահարդարներ են եղել։ Ավելին՝ պապս Քեսաբի միակ վարսահարդարն է եղել։ Նրանք 1947-ին են հայրենադարձվել…

– Գանք մեր օրեր։ Նորաձեւության ո՞ր միտումներն են ձեզ ամենաշատը հետաքրքրում կամ՝ դուք «հաշվի նստո՞ւմ» եք նորաձեւության հետ։

– Մեծ հաշվով, հաշվի եմ նստում ժամանակի հետ։ Նորաձեւության աշխարհը լաբիրինթոս է, պետք է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվես, իսկ եթե ժամանակից հետ մնացիր՝ այդ նույն նորաձեւությունը քեզ պարզապես կուլ կտա։ Մի դաժան բան կա մեր մասնագիտության մեջ. այն դիզայները, որը գերի է դառնում տենդենցներին, շատ արագ ճանաչում է ձեռք բերում ու նույն արագությամբ կորչում։

– Նորաձեւությունը, ըստ ձեզ, ի վերջո արվե՞ստ է, թե՞ բիզնես։

– Եթե նորաձեւությունը չդիտարկես որպես բիզնես, այն կմեռնի։ Եթե մի բան եմ ստեղծում ու այն միայն ինձ է գրավում ու կոմերցիոն բնույթ չի կրում, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնի, դրա համար չի վճարի…

– Ստացվում է՝ գումարը որոշիչ է ձեզ համար…

– Իրականում` այո, գումարը մեծ դեր ունի ինձ համար, բայց առաջնային չէ, առաջնայինն իմ անունն է։

– Ինչո՞ւ երբեւէ ցուցադրություններ չեք կազմակերպում, ասում են՝ քանիցս հրաժարվել եք մասնակցել արտասահման ցուցադրությունների։

– Նոր խոսում էինք գումարի դերի մասին։ Ասացի, որ իրականում մեծ դեր ունի գումարը։ Հիմա ձեր հնչեցրած հարցի առիթով պետք է ասեմ, որ ցուցադրություններ չեմ իրականացնում, քանի որ դրանք շա՜տ մեծ գումար են պահանջում, սկսած համապատասխան տարածքից մինչեւ մոդելներ։ Ցուցադրության առաջարկներ ստացել եմ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Լիբանանից եւ այլ երկրներից, իսկ այս ամառ՝ Իտալիայից, որտեղի փառատոնում պետք է ներկայացնեի աշխատանքներս 60 երկրի թվում։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930