Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ բրյուսելյան հանդիպումից հետո լինեն հայրենադարձման դեպքեր». Սիրանույշ Սահակյան

Սեպտեմբեր 05,2022 12:30

Սիրանույշ Սահակյանը, տեսնելով Ռուսաստանի հետ մրցակցությունը, կարծում է՝ սա կարող է գործոն լինել եւ այս փուլում ռուսական կողմից չհեղինակազրկվելու նպատակով հայրենադարձում գուցե չիրականացնեն եվրոպական կառույցների միջնորդությամբ, այլ սպասեն հենց ՌԴ հովանու ներքո իրականացնեն։

«Բնականաբար նման բարձր հանդիպումների ֆոնին եւ ընթացքում հնարավոր է հայրենադարձման խնդիրը բարձրացնել. այդ հնարավորությունը չեմ բացառում, պարզապես տարածաշրջանում այլ բնույթի մրցակցություն կա եւ այս ֆոնին պետք չէր նաեւ անտեսել ՌԴ կողմից կատարված հայտարարությունը, երբ նրանք բացահայտ մեղադրեցին եվրոպական կառույցներին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահեր առաջ մղելու նպատակներով դափնիներ հափշտակելու մեջ»,- «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված առաջխաղացում լինի, այսպես պատասխանեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Նշենք, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փակ դռների ետեւում մոտ չորս ժամ տեւած հանդիպումը։ Բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը եւ անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը եւ սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Սակայն մանրամասներ չնշվեցին։

Սիրանույշ Սահակյանը փաստեց՝ Արեւմուտքը եւ Ռուսաստանը մրցակցում են Հարավային Կովկասում դիրքավորման համար. յուրաքանչյուրը փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա այս կոնֆլիկտի համատեքստում եւ վիզուալիզացնել, որի դրսեւորման ձեւերից մեկը երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող խնդիրներ լուծելն է՝ այդ թվում ռազմագերիների։ Սիրանույշ Սահակյանը շարունակեց. «Չեմ բացառում, որ այս հանդիպումից հետո լինեն հայրենադարձման դեպքեր։ Ուղղակի այս մրցակցության պայմաններում, երբ, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի սերտ է աշխատում ՌԴ-ի հետ կամ հայկական կողմը, հանկարծ չփորձեն դափնիներ տալ եվրոպական կառույցներին եւ կոնկրետ այս դրվագում զերծ մնան նոր հայրենադարձման դեպքերից։ Չնայած նախկինում գիտեք, որ Եվրոպական միության եւ եվրոպական երկրների ջանքերով է հայրենադարձություն եղել։ Մյուս կողմից՝ չենք կարող բացառել, որ Եվրոպան եւ Ադբեջանը, որոնք հիմա ռազմավարական առումով աշխատում են էներգետիկ ոլորտում եւ ունեն համընկնող շահեր, գնան մեծ գործարքների, որը մեծ հաշվով պատվաբեր չէ եվրոպական կառույցներին՝ հաշվի առնելով, որ նրանք խուսափել են գործընկերություն հաստատել կոռուպցիոն, ավտորիտար եւ հանցագործությունների մեջ ներգրավված իշխանությունների հետ, իսկ Ալիեւների իշխանությունը հենց այդպիսին է։ Նաեւ էթնիկ զտումների մեջ է ներգրավված։ Բայց, եթե գնում են այդ գործարքին, հավանական է, որ իրենց վարկանիշը փրկելու նպատակով գործարքի գնան եւ համաձայնեցնեն, որ եվրոպական կառույցների հովանու ներքո լինի հայրենադարձումը։ Խնդիրն այն է, որ սրանք ամբողջովին քաղաքական գործարքների պայմաններում զարգացումներ են։ Մենք չենք բացառում նաեւ եվրոպական կառույցների ջանքերով այս հանդիպումների ֆոնին հայրենադարձումը, բայց պետք է տեսնենք նաեւ, թե ինչպես են ընթանում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան շփումները»։

Հարցին՝ զուգահեռաբար իրավական դաշտում ի՞նչ նորություն կա հայ ռազմագերիների իրավական վարույթներով, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Որոշումների մակարդակով տեղաշարժ չկա, բայց ընթացակարգային առումով կոմունիկացիաների փոխանակում կա։ Մենք մշտապես տեղեկատվություն ենք ստանում դատարանի միջոցով Ադրբեջանի կողմից իրենց իրավական դիրքորոշումների մասին, ընթացող գործողությունների վերաբերյալ։ Մենք պարբերաբար նոր գործեր ենք ներկայացնում ընթացող գործերով, նոր միջնորդություններ, նոր ապացույցներ, փաստեր, նաեւ առարկում ենք՝ Ադրբեջանի դիրքորոշումներին հերքելով, անգամ ցուցադրելով ապացույցների կեղծման մոտեցումը։ Այստեղ իր բնականոն հունով ընթանում է գործընթացը, սակայն նոր որոշումներ չունենք»։

Սիրանույշ Սահակյանը փաստեց՝ Ադրբեջանում ունենք 38 հաստատված ռազմագերիներ եւ 80 չհաստատված գերիներ։ Մեր հստակեցմանը՝ հնարավո՞ր է բրյուսելյան հանդիպումից հետո հայ ռազմագերիների հայրենադարձման դեպքեր լինեն, նա պատասխանեց. «Այո, չեմ բացառում, ուղղակի, երբ տեսնում եմ Ռուսաստանի հետ մրցակցությունը, որոնք նաեւ դատապարտում, քննադատում են դափնիներ վերցնելու փորձերը, կարծում եմ՝ սա կարող է գործոն լինել եւ այս փուլում, եթե մեծ է, օրինակ, ռուսական դերակատարումը, ռուսական կողմից չհեղինակազրկելու նպատակով հայրենադարձում գուցե չիրականացնեն եվրոպական կառույցների միջնորդությամբ, այլ սպասեն հենց ՌԴ հովանու ներքո իրականացնեն, բայց նաեւ չեմ բացառում, որ եվրոպական կառույցները դա անեն, քանի որ գազային գործարքներ են Ադրբեջանի հետ կազմում, սերտ լինի համագործակցությունը, իրենց հեղինակությունը հարաբերականորեն հայ հասարակության շրջանում փրկելու նպատակով, հնարավոր է մարդասիրական խնդիրը լուծեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930