Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ասրյան․ «Ջալալ Հարությունյանի գործով այլ դրվագներ էլ պետք է բացահայտվեն»

Սեպտեմբեր 04,2022 17:35

«Մենք կարծում ենք, որ պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ միայն Ջալալ Հարությունյանը։ Մեղավորների շրջանակը մեծ է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ ղեկավար Արմեն Ասրյանը։

Նա հիշեցրեց, որ անցած տարի Ցորի դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները դիմում էին ներկայացրել իրավապահ մարմիններին եւ հստակ նշել, թե ում ինչի համար են մեղադրում․ «Տարբեր անուններ կան, սկսած՝ դասակի հրամանատարից, շտաբի պետից, հրետանու պետից մինչեւ Ջալալ Հարությունյան։ Ամենքն իր մեղքի բաժինն ունի։ Ես ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ Գեւորգ Գեւորգյանի գործի ժամանակ ասել եմ՝  ինքն ամենացածր տեղն է, առավել պատասխանատու անձինք կան, որոնք մեղավոր են»։

Օրերս մեղադրանք է առաջադրվել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, եւ Քննչական կոմիտեի հաղորդագրության  համաձայն՝ Ջալալ Հարությունյանին երկու դրվագով է մեղադրանք ներկայացվել՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Արմեն Ասրյանն այս առնչությամբ ասաց, որ մեղադրանքը սպասելի էր․ «Հիմա չգիտեմ՝ անփույթ վերաբերմունքից են այդ զինվորականներն այդպես վարվել, թե՝ գիտակցաբար, դա քննությունը կամ դատավարությունը կպարզաբանի։ Մեր սպասումներն արդարացան, Ջալալ Հարությունյանը մեղադրվում է մի քանի դրվագներով, որից մեկը Ցորի դիվիզիոնի, Դ-20 դիվիզիոնի տղաների զոհվելու փաստն է։ Մյուսը այն տխրահռչակ հակահարվածի փաստն է։ Իմ կարծիքով՝ այդ հակահարվածն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ մարտական  կանոնադրությամբ որեւէ կետին չէր համապատասխանում այդ որոշումը։ Սա կոպիտ խախտում էր, եւ դրա համար ոչ միայն Ջալալ Հարությունյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ, այո, միանձնյա որոշում է  ընդունում բանակի հրամանատարը, բայց դրա համար համապատասխան մարտական ծառայության բաժնի պետերն իրենց առաջարկությունները պետք է ներկայացնեն։ Հիմա հարց է առաջանում՝ արդյոք բանակի օպերատիվ բաժնի պետը զեկուցել է համապատասխան հակահարված հասցնելու մասին իրենց վերաբերող առաջարկներն ու օպերատիվ մարտավարական հաշվարկներ ներկայացրել է, թե՝ ոչ։ Կամ՝ հետախուզությունը, հակաօդային պաշտպանությունը եւ այլն։

Այնպիսի տպավորություն է, որ թքած են ունեցել բոլորի կարծիքների վրա, ուղղակի պետք է եղել, արել են դա։ Համենայնդեպս, պատասխանատուն միանձնյա որոշում կայացնողն է։ Իսկ եթե ինչ-ինչ ուժեր ազդել են այդ որոշման վրա, նա պետք է գիտակցեր, որ ի վերջո իր վրա է պատասխանատվությունը, եւ չպետք է գնար դրան։ Այդ հակահարվածն անելով՝ մենք կորցրել ենք մեր վերջին ռեզերվները, ջախջախվել է բանակի ողնաշարը, ճեղքվել է պաշտպանության մի մեծ հատված, որտեղով էլ  հասել են Շուշի։ Իսկ Շուշիի պաշտպանությունը Հադրութից պետք է սկսվեր»։

Ասրյանը հիշեց՝  2014-2015 թվականներին «Նովրուզ Բայրամի» ժամանակ ՊԲ-ն ինչ գործողություններ էր անում․ «Ամբողջությամբ պաշտպանություն էինք իրականացնում, ինչ է թե ադրբեջանցիները նշելուն են էդ տոնը։ Իսկ 44-օրյայի դեպքում ամեն նախադրյալները կան կասկածելու, որ հակառակորդը պատրաստվում էր հարձակման։ Զորավարժությունների ժամանակ այսպես էր գրվում՝ հակառակորդը զորավարժության պատրվակի տակ առաջ է բերում իր զորքերը, խմբավորվում է եւ այլն։ Բա էդ նույնը կատարվել է,  որտե՞ղ էր ձեր ուղեղը, այդ ծանր ուսադիրների տակ ճռռո՞ւմ էիք, ինչո՞ւ ադեկվատ քայլեր չեք արել, երկու -երեք ստորաբաժանում եք հանել ու դրանով բավարարվել, այն դեպքում, երբ կային փաստեր, որ հակառակորդը մեծ ուժեր է կենտրոնացնում՝ հեռահար համազարկային հրետանի էր մեկնարկային դիրքի բերում, «սմերչ» եւ այլն։ Նախապես ոչինչ չեն արել, ինչի հետեւանքով մեծ կորուստներ ենք տվել հենց մշտական տեղակայման վայրերում, Մարտակերտում նորակոչիկների մեծաքանակ  զոհեր ենք տվել հենց այդ պատճառով»։

Ասրյանի կարծիքով՝ Ջալալ Հարությունյանի գործով այլ դրվագներ էլ պետք է բացահայտվեն։ Իսկ  դրա համար, ինչպես նա ասաց՝ պաշտոնատար անձինք պետք է խոսեն, նրանք, ովքեր անմիջական մասնակից են եղել այդ դրվագներում։

Ըստ Ասրյանի, Գենադի Բաղդասարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ «Նա չգիտե՞ր ինչ իրավիճակ էր, խառնաշփոթ էր, ինչո՞ւ բան չարեց,  որովհետեւ թքած ուներ, իր հարազատն այնտեղ չէր ծառայում, մարդկային կյանքը արժեք չուներ նրանց համար։ Նա փորձելու է մասնագիտական առումով՝ «ֆռռացնել», ձեւացնել, թե աստծո գառ է։ Թույլ չենք տալու։ Ծնողներով հետեւողական ենք լինելու, մասնակցելու ենք դատական գործընթացին, թույլ չենք տալու խեղաթյուրեն գորշը,  թույլ չենք տալու իշխանական ազդեցություն լինի դատավարության վրա։ Եվ  հուսով եմ, որ սա վերջին մեղադրանքը չի լինելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930