Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը Հայաստանի ներկայիս վիճակը գնահատում է օրհասականին մոտ: «Ես տեսնում եմ այն ծանր կացությունը, որի մեջ հայտնվել է Հայաստանը: Ընտանիքները պառակտված են, գրեթե չկա ամբողջական ընտանիք, որ ապրի միասնական՝ իր հայրենիքում, գյուղում, քաղաքում, իր տանը: Եթե միջնադարում պանդխտությունը ողբ էր առաջացնում, հիմա՝ միայն ուրախություն. գնաց, փրկվեց: Այնպիսի ծանր կացություն է ստեղծվել, որ մարդն իր ապագան իր հայրենիքում չի տեսնում: Ում հարցնում ես, մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսը՝ Ամերիկայի, այստեղի, այնտեղի: Զավակներին այդպես գրանցում են, որպեսզի հայկական բանակում չծառայեն: Մեկն էլ թուղթ է գրել, թե տղայի երկու ոտքն էլ աջ են: Խայտառակ հոգեբանական վիճակի մեջ ենք: Սա այն ազգն է, որը հերոսներ ծնեց, սա այն ազգն է, որ հաղթանակով դուրս եկավ առաջին պատերազմից: Բայց հիմա, որ այսօրվա դիրքերից մտածում ենք անցած ճանապարհի մասին, ծանր խոհեր են առաջանում:
Պիտի անկեղծ ասեմ մի շատ կարեւոր բան: Դեռեւս 1990 թվականին, երբ ՀՀՇ-ն նոր գալու էր իշխանության, ՀՀՇ-ի ղեկավարին «Տեխնիկայի տան» առջեւ տեսա: Նա էլ է գրականագետ, ես էլ եմ գրականագետ: Մասնագիտության ընդհանրություն կա: Հարցրի, թե ի՞նչ պետք է լինի Հայաստանի վիճակը: Ու ի՞նչ պատասխանի, որ լավ լինի: ասաց. «Հայաստանում կապրի երկու միլիոն մարդ եւ լավ կապրի»: Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանում ապրում էր 3,5 միլիոն մարդ եւ ձգտում էինք չորս միլիոնի: Ու ինձ պատասխանում էր Հայաստանի ապագա ղեկավարը:
Հայաստանում, իհարկե, ապրեց երկու միլիոն, գուցե, ավելի քիչ մարդ եւ վատ ապրեց: Այն մի քանի բացառիկ ընտանիքները թողնենք մի կողմ: Այդ պահից սկսեց ամեն ինչ կործանվել: Մենք ողջունեցինք անկախությունը: Չկա ավելի մեծ բան, քան պետությունը, իշխանությունը, անկախությունը: Սրանք սրբազան բաներ են: Բայց դարձան խայտառակություն: Եթե մեկ ամսում պետության մեջ կանգնում է 850-ից ավելի ձեռնարկություն՝ մարզերի մասնաճյուղերով, այդ ժողովուրդն ի՞նչ անի: Ժողովուրդը դարձավ իր երկրում օտար: Մենք մեր տան մեջ օտար եղանք: Ժողովուրդը բռնեց գաղթականության ճանապարհը: Հիշեք ծառեր կտրելու տարիները: Հետագայում կյանքի պայմանները տանելի դարձան գոնե այնքանով, որ ոչ թե ապրում էինք, այլ՝ գոյատեւում: Բայց եկանք, եկանք, եկանք՝ հասանք այսօրվա ամոթալի վիճակին:
Այսօրվա մեր գիտությունը տապալված է: Հայաստանում, որ խորհրդային ժամանակ գիտությամբ 3-րդն էր Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո, հիմա գիտությունը չկա: Ակադեմիան մի քանի անգամ փակելու փորձեր արեցին: Դեռ անում են: Փորձում են ակադեմիական որոշ ինստիտուտներ միավորել: Ասենք, լեզվի ինստիտուտը գրականության ինստիտուտի հետ: Լեզուն ուրիշ բան է, գրականությունը՝ մեկ այլ բան: Ակադեմիան տապալելու փորձեր են արվում: Կրթական մակարդակը զարհուրելի իջել է: Բուհերում, որտեղ մեկ տեղի համար տասը դիմում էր լինում, մրցույթ էր, հիմա մարդ են փնտրում: Ֆակուլտետներ են փակվում:
Կարդացեք նաև
Ահավոր տվյալներ են: Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ կինը, յուրաքանչյուր յոթերորդ տղամարդը ամուլ է: Երեխա չի ծնվում: Դարձանք այսպիսին, որովհետեւ Հայաստանում ներկայումս գործող 3500 կազմակերպությունները, որ ժպտում են բոլորին, տակից կտրում են ոտքերը ու ոչնչացնում: Հոգեւոր, մտավոր արժեքներն են փոխում, հային հակահայ են դարձնում, արտագաղթ կազմակերպում: Եվ այդ կազմակերպությունների, թեեւ եվրոպական անուններով են ներկայանում, հովանավորը Թուրքիան է, որն աշխարհի ամենամեծ երկրներից է: Եվ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Շատը եւ քիչը խելքի հետ է կապված: Խելոք, խելացի եղանք՝ կկարողանանք կազմակերպել մեր ինքնությունը եւ դիմանալ, խելոք չեղանք՝ կուլ գնացինք: Դա որոշում է երկրի ղեկավարությունը: Խելքը թափվում է մեր ժողովրդի վրայից: Բայց ղեկավարությունը պետք է այդպես լինի: Այսօրվա մեր ազգային ժողովում, կառավարության կազմում լցված են մարդիկ, որոնք կենսագրություն չունեն: Չգիտես ովքեր են՝ պատահական մարդիկ: Մեկ առ մեկ նայեք, կտեսնեք:
Այս տարիներին ամեն ինչ արեցին դասագրքերը փոխելու ուղղությամբ: Այ մարդ, եթե մենք խորհրդային ժամանակ հայոց պատմություն չէինք անցնում, չէր թույլատրվում՝ ԽՍՀՄ պատմություն էինք անցնում, եկավ մեր անկախության ժամանակը, մենք պետք է ուսուցանենք մեր ժառանգներին, բայց դրա դեմ են արդեն կռվում: Հայոց պատմությունը մեզ պետք չէ. ի՞նչ Րաֆֆի, ի՞նչ Արծրունի… դրանք արդեն վտանգավոր գրքեր են: Փորձում են հիմա փոխել դասագրքերը: Նոր չափորոշիչներ են մշակել, շրջանառության մեջ դրել: Մրցույթ են հայտարարելու՝ դասագրքեր ստեղծելու: Ամեն ինչ պետք է արվի՝ կասեցնելու այդ մրցույթը: Որովհետեւ այդ դասագրքերը ապազգային, հիշողություն չունեցող մարդու համար են: Պետք է պայքարենք այս ճգնաժամից դուրս գալու համար: Բայց դեռ խելքի չենք գալիս, չենք կայանում: Ինչպե՞ս Իսրայելը ստեղծվեց 40-ականներին ու իրեն արդեն համարում է տերություն: Ասում են՝ ատոմային զենք չունենք, բայց երբ ուզենանք, կունենանք: 200 միլիոնանոց արաբական աշխարհով են շրջապատված, բայց տիրոջ պես է, որովհետեւ խելք ունի, միջոցները ճիշտ է ծախսում: Այս պիտի անենք: Եթե չենք խոսում «Նաիրիտի» մասին, հարցը լուծվե՞ց, չենք խոսում Ամուլսարի մասին, հարցը լուծվե՞ց, չենք խոսում գերիների մասին, հարցը լուծվե՞ց: Ի վերջո, պետական ուժ եք չէ՞: Լռությամբ, տղայականությամբ չի լինի: Երկիրը պետք է երկիր դառնա, ամուր կանգնի ոտքերի վրա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ