Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդը, որը 20 տարեկանում նման դաժանությամբ սպանել է համակուրսեցուն, ինչպե՞ս կարող է փոխվել․ Մհեր Ենոքյանին նպատակադրված ուզում են հանել բանտից»․ Ելենա Աղաջանովա

Սեպտեմբեր 04,2022 15:07

Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմի փոփոխությանը խիստ բացասական են վերաբերվում սպանվածի ազգականները։ Նրանք զարմացած են, որ դատարանը նման որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ  առաջին ատյանի դատարանի որոշմամբ Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ, որի դեպքում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, և քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։ Այսինքն՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմանները նույնական են նախկինում գործող օրենսգրքի բաց ռեժիմին։

Aravot.am-ի հետ զրույցում սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան այս որոշման մասին ասաց․ «Շատ զարմացած ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել նման հանցագործի նկատմամբ, նման խիստ կոնֆլիկտային անձի նկատմամբ, որը երկու անգամ լինելով դատապարտված, ծանր հանցանք է կատարել, փախուստի դիմել եւ հիմա այդ ամենը զրոյացնել ու որոշել, որ կարող է ապրել սովորական մարդկանց մեջ»։

Մեր դիտարկմանը՝ ենթադրվում է, որ նման որոշման հիմք է եղել այն, որ Ենոքյանը փոխվել է, կրթություն է ստացել եւ այլն, Ելենա Աղաջանովան արձագանքեց․ «Նա  միակը չէ, որ վարքը փոխել է, կրթվել է։ Ինչո՞ւ մնացածի ռեժիմն էլ չեն փոխում։  Նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, եւ նպատակադրված ուզում են հանել բանտից։ Ինձ մոտ նման տպավորություն է։ Ես, որպես բժիշկ, գտնում եմ, որ մարդը չի կարող փոխվել։ Նրա բնավորության մեջ մնացել է այն, ինչ կար, ինքը միշտ լինելու է վտանգավոր, միշտ լինելու է ոչ ադեկվատ, ագրեսիվ։ Մարդը, որը կարողացել է 20 տարեկանում նման դաժանությամբ սպանել համակուրսեցուն եւ առանց որեւէ պատճառի, նա ինչպե՞ս կարող է փոխվել։ Չի կարող»։

Ելենա Աղաջանովան ասաց, որ իրենք նախապես տեղեկացված չեն եղել, որ քննարկվում է Ենոքյանի պատժի կրման ռեժիմը փոխելու հարցը, գիտեին, որ բազմաթիվ անգամ դիմում է ներկայացվել, սակայն տեղեկացված չեն եղել, որ դատ է լինելու․«Այսինքն, այս պետության մեջ, երբ ուզում ես վստահել քո շահերը,  քո իրավունքները պետությանը, չի ստացվում։ Պետությունը որոշում է, որ այստեղ ավելի կարեւոր է ցույց տալ, թե այս երկրում  ինչ-որ մոլագար կարող է փոխվել։ Նման բան չի լինում։ Աստված չտա, որ ինչ-որ մեկը զգա այն ցավը, որը մենք ենք զգացել»։

Աղաջանովայի կարծիքով՝ մեր երկրում ընտրովի արդարադատություն է․ «Ըստ այդ որոշման, նա կարող է տեղաշարժվել նաեւ քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններից դուրս՝ պետի թույլտվությամբ։ Դե թող մյուսներին էլ ազատեն։ Մարդուն մի թեթեւ բանի, կամ խոսքի համար մտցնում են խուցը ու անգամ գրավով բաց չեն թողնում։ Իսկ նրան այսպիսի հանցանք կատարելուց հետո․․․»։

Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի, Ենոքյանը հանցագործությունը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել էր ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Հ․ Գ․ 2019 թ.-ին քրեակատարողական օրենսգրքի համապատասխան փոփոխությունների համաձայն, ցմահ դատապարտյալները 15 տարի անց կարող են տեղափոխվել կիսափակ, 18 տարի անց՝ կիսաբաց և 20 տարի անց՝ բաց ՔԿՀ-ներ՝ դրսևորած դրական վարքագծի պարագայում: Այդ հիմքով մի շարք ցմահ դատապարտյալների պահման ռեժիմներ են մեղմացվել կիսափակ, ապա կիսաբաց պահման պայմանների: Դեռևս 2020-ին դրսևորած դրական վարքագծի հիմքով բաց տիպի ՔԿՀ է տեղափոխվել ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին: Մհեր Ենոքյանն այժմ հետբուհական կրթություն է ստանում, ազատազրկման տարիներին դարձել է իրավագետ և աշխատում է իր մասնագիտությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930