Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասենք ՀՀԿ-ն դուրս եկավ պայքարից, մենակ ձգելո՞ւ եք դուք՝ երրորդ ուժիկներ կամ անուժիկներ»․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 03,2022 23:44

«Ընդդիմության շրջանակներում ներդրված, իրենց ընդդիմադիր երևակայող, անգամ գուցե սահմանափակումների, պետության կողմից կտտանքներին, նստեցումներին տրված գործիչներ, գիծ են ուզում տանել, որ ոչ Նիկոլն է մի բան, ոչ էլ նախկինները, մենք ենք տղերքը, նրանք վատ են անում, որ դա անում են նախկին տղերքի անցած ճանապարհի հաշվին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա այդ ուժերին զգուշացրեց․ «Հանկարծ չմտածեք, որ որևէ քաղաքական ուժ, առավել ևս ՀՀԿ-ն թույլ է տալու, որ դուք ձեր քաղաքական հավակնությունները փորձեք փաթեթավորել՝ մեզ զոհաբերելով այս դաշտում, հատկապես, երբ դուք արդար, ազնիվ չեք, երկդիմի եք, խաղեր տվող եք։ Մարդիկ կան, որ նա շիշ, նա քյաբաբ՝ ո՛չ նախկինները, ո՛չ ներկաներն են մի բան, մենք ենք լավ տղերքը, այդպես են ասում։ Տենց Սասնա ծռեր ահաբեկչական խմբավորում կա, մեկ էլ մեր ընդդիմադիր դաշտում հայտնված գործիչներ, որոնք փորձում են իրենց կտտանքները կապիտալիզացնել։ Հավակնություններ, քաղաքական ապագա ունեք, ազնիվ եք, օգնեմ, բայց անազնիվ եք, որովհետև փորձում եք ձեր գաճաճ քաղաքական հալով հասակ ստանալ, տղա երևալ՝ բարձրանալով ՀՀԿ-ի ուսերին։ Կշպրտեմ իմ ուսերից ու իմ կուսակցության վրա հանկարծ չփորձեք կանգնել՝ էլի հետ բերելով Սերժը մեղավոր է թեզը»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ամենակեղտոտ բանն այն է, որ հիմա փորձում են պատմություն վերաշարադրել, մաքրել իրենց վրայից կեղտերը, գտնել դրսում մեղավորներ․ «Ամենահեշտ տարբերակն այն է, որ մեղավորը Սերժ Սարգսյանն է ու ՀՀԿ-ն է։ Գլուխներդ պատով եք տվել, եթե մտածում եք, որ դա մարսելու եք, քանի որ ես ու իմ ընկերները կանք, տեսել ենք, թե ինչ է կատարվել 2018-ին։ Չփորձեք հանկարծ ձեր կեղտոտ, արկածախնդիր ձեռքերով վերաշարադրել այն պատմությունը, որը դուք եք Նիկոլի հետ միասին գրել և հիմա փորձում եք գցել մեր գրպանը»։

Անդրադառնալով այսպես ասած «հետահայաց պրոֆեսորներին», որոնք ասում են «ինչո՞ւ վլաստը տվեցիք Նիկոլին», Արմեն Աշոտյանն ասաց․ «Եթե իմանայի՝ սենց արհավիրք էր բերելու մեր գլխին, 2017-ին Մոսկվայի «Զոլոտոյե կոլցո» հյուրանոցի պատշգամբից կշպրտեի դուրս։ Բայց որ մեղադրում են, թե ինչու դեմը չառաք, ասեմ՝ դուք Սերժին կներեի՞ք, եթե նա Նիկոլի դեմ տանկեր հաներ այդ օրերին, հոշոտելու էիք մեզ։ Եթե գալիս էիք, դռների մոտ դագաղ դնելու, գալու էիք, դռները ջարդելու էիք, ինձ ու իմ ընտանիքին սրախողխող էիք անելու։ Որ ասում եք Ռադիո տուն, ապա ասեմ, որ իրենց տեխնոլոգիաները պահանջում էին սրբազան զոհ, դիտավորյալ էին մտնում, որ ուժ կիրառվի, միջից մեկին խփեն, դրա վրա մի նոր ողբերգություն սարքեն։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը համբերությամբ, ոնց որ ՊՊԾ գնդի խնդիրը լուծեց՝ մաշելով, ուզում էր այդպես լուծել այդ հարցը»։

ՀՀԿ-ին քննադատողներին ասաց․ «Երբ ինձ ու իմ կուսակիցներին 2018-ի մեջ փորձեք մեղադրել, կցեք, թե 2018-ին դուք ուր էիք։ Իմ կողքին միլիոնի դեմ տաս հոգի է եղել»։ Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ իրենք չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ու ասաց․ «Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրեցին տարբեր քաղաքական ուժեր։ Միայն ՀՀԿ-ն ու Աղվան Վարդանյանը չընտրեցին»։

Արմեն Աշոտյանը հարցնում է՝ այդ ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի՝ 3000-4000 հոգանոց հավաքները դարձան 30000-40000-անոց։ Նա այս հարցին էլ պատասխան ունի․ «Ճտիկը միացվել էր դրսի ուժերի կողմից, որոնք շանս տեսան անգամ Սերժ Սարգսյանին շնորհավորելուց հետո։ Բոլորը դարձան Սերժի դեմ»։

Արմեն Աշոտյանն ասաց՝ իրենց զինակից ընկերների կողմից քննադատությունն է ստանում ու հարցրեց․ «Իմա՞ստը։ Ասենք ՀՀԿ-ն դուրս եկավ պայքարից, մենակ ձգելո՞ւ եք, դուք՝ երրորդ ուժիկներ կամ անուժիկներ, ձգելո՞ւ եք։ Այդ ի՞նչ մեծ կարծիքի եք ձեր մասին»։

Արմեն Աշոտյանը նշեց, որ իշխանության կողմից ստեղծված ֆեյքերի միջոցով փորձում են իրենց կռվացնել, մասնավորապես՝ ըստ Արմեն Աշոտյանի՝ «ստեղծել են սերժական ֆեյքեր, քոչարյանական ֆեյքեր», որոնք կռվում են իրար դեմ»։

Անդրադառնալով արցախյան հակամարտության հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց․ «Սերժ Սարգսյանը չի վախեցել ասել՝ Աղդամն իր հայրենիքը չէ։ Պարզ է, չէ՞, որ Տիգրանակերտը մեր հայկական մշակութային պատմական ժառանգության մասն է, մեր պատմական հայրենիքն է, Կարսն էլ, էրզրումն էլ, Սիսն ու Ադանան էլ, պարզ է, չէ՞, որ դա քաղաքական հայտարարություն էր։ Նա չի վախեցել ասել, որ պատրաստ էր 5+2 շրջան հանձնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի դիմաց։ Նա երբեք ոչմիթիզական չի եղել։ Իրատեսական չէր դա»։

Անդրադառնալով այն թեզին, թե «Ղարաբաղը պիտի հանձնվեր, Սերժը դրա համար իշխանությունը տվեց Նիկոլին, Արմեն Աշոտյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը 2020-ին իր ասուլիսի ժամանակ ասում էր՝ սա է Նիկոլի թողած ժառանգությունը։ Այդ ժառանգությունն այսօր եթե կյանքի կոչվեր, ազգովի մատաղ չէ, չգտեմ ինչ պիտի անեինք։ Մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակին պետք է ծափ տայինք, էլ չասեմ Սերժինը։ Լաչինի միջանցք կյանքում չի քննարկվել, Լաչինը պետք է մնար հայկական հսկողության տակ, լիներ միջանցք Արցախի հետ առնվազն 25-30 կիլոմետր։ Այդ է «քցել» Սերժ Սարգսյանը Նիկոլի գրպանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930