«Մենք հարյուր անգամ բարձրաձայնել ենք, Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարել է՝ չի ուզում վարչապետ դառնալ, հետևաբար ծիծաղելի է, երբ Սերժին կամ ՀՀԿ-ին փորձում են չեզոքացնել այս դաշտում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, անդրադառնալով 2018-ի իրադրությանը, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուն, Սերժ Սարգսյանի և մյուսների մեղավորության մասին այսօր քաղաքական դաշտ որոշ մարդկանց կողմից նետվող խոսակցություններին, նշեց երեք պատճառ և վստահեցրեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտվում է այդ խոսակցություններից։
Պատճառների մասին ասաց․«Առաջինը «մանթրաշն» է։ Բոլորս հիասթափված ենք այն իրողությունից, որ այսքան պայքարում ենք, բայց Նիկոլը դեռ վարչապետ է, դեռ շարունակում է մեզ ծախել Ադրբեջանին ու թուրքերին։ Ազնվորեն կարող են որոշ շրջանակներ «մանթրաշ» ընկնել և մեզ մեղադրել։ Որոշ մարդկանց նյարդերը թույլ են, հեշտ գրգռվող են։ Կան շրջանակներ, որոնք այս խոսակցություններն ակտիվացնում են այն պատճառով, որ ընդդիմության ներսում նախապատրաստվում է ընդդիմադիր միասնական վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը։
Կան շրջանակներ, որոնք այս խոսակցություններով փորձում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ազդեցությունը թուլացնել այդ գործընթացում։ Դա զավեշտ է։Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ չի ուզում վարչապետ դառնալ։ Այնպես չէ, որ մեր կյանքի նպատակը՝ կոնկրետ իմ դեպքում եղել է չորս անգամ ոստիկանություն բերման ենթարկվելը, Երևանի փողոցների ասֆալտի վրա պառկելը, ոստիկանների հետ ծեծուջարդի բռնվելը։ Եթե ուզում եք, կարող եք պայքարել առանց ՀՀԿ և հասնել հաջողության, ես մոմ կվառեմ ձեզ համար, գնացեք, արեք, մեզնից կիլոմետրերով հեռու մնացեք։ Ինչպես ասում են՝ լավ լինեք, հեռու լինեք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ