Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Հիմա ի՞նչ անենք, հայրենիքը դարձնենք տո՞րթ, թե՞ լեշ՝ ուտեն-պրծնեն»

Սեպտեմբեր 03,2022 21:45

Այսօր «Արաբո» կամավորական ջոկատի եւ համախոհների  համաժողով հրավիրելու պատճառն այն էր, որ մարտիկները մտահոգված են  Հայաստանի եւ Արցախի ներկայիս վիճակով: Նրանց հետաքրքրում է, թե իրենց իսկ խոսքով, թատերականացված պատերազմից հետո ի՞նչ է լինելու վաղը եւ իրենք ի՞նչ կարող են եւ պետք է անեն:

Կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն իր ելույթում ասաց. «Մենք այսօր արտահայտվելու հնարավորություն տալիս ենք մարդկանց, որոնք ստամոքսից առաջ ուղեղ ունեն, մարդկանց, որոնք հասկանում են, որ այս տարածաշրջանում ապրելու համար պետք է եղան ունենալ, որովհետեւ եթե քո դիմաց կանգնած է եղանով վայրենի, դու պիտի հակաեղան ունենաս, այլապես նա քեզ կեղանահարի: Մինչդեռ հիմա բամբասում են արցախցիներից: Եթե Արցախում կա մի քանի տականք, արցախցիներին ինչի՞ եք ատում: Հայաստանում չկա՞ն այդ տականքները: Ինչի՞ մենք Հայաստանը չենք ատում: Վաղն էլ Սյունիքն ենք ատելու հա՞: Այդպես մենք չե՞նք նմանվում այն անասունին, որի աչքի առաջ ձագին մորթում են՝ մի անգամ բառաչում է ու գլուխը թեքում, շարունակում է արածել: Արցախը ավերվում է, մենք տանուլ ենք տալու անտարբերությամբ:

Ես գիտեմ մի բան:  Այս իրավիճակը, որ հիմա ստեղծվել է Հայաստանում, ասես իրենց ասում են, թե մենք վախենում ենք: Բայց մենք վախենո՞ւմ ենք, մենք կարող է նրանց շանսատակ անենք: Այսպես հիմար ձեւով հայրենիքի հետ վարվել չի կարելի: Իմ հայրենիքը իմ տունն է, մեր բոլորի տունն է: Ինչ-որ մի կիսախելագար նստել, ստորագրում եւ տալիս է ամեն ինչ: Ի՞նչ ես տալիս, ո՞ւմ ես տալիս: Մենք հավաքվել ենք այստեղ, որ հարց տանք. մենք մենա՞կ ենք, թե միասին ենք: Եվ հիմա հայտարարում եմ. ինչ պայքարի միջոց որ ընտրեք, ես ձեր կողքին եմ: Այս իրավիճակը պետք է շտկվի:

Մեկ էլ տեսնում ես՝ անտեղյակ մարդիկ հեռուստատեսությամբ ասում են, թե 44 օր մենք պատերազմեցինք ու ոչ մի տերություն մեզ պաշտպանության ձեռք չմեկնեց: Հարց եմ տալիս. այդ պետությունները գիտեի՞ն, որ մարմնավաճառին տվել են գումարը ու ինչ ասում են՝ այդ մարմնավաճառն անում է: Դրա համար մեզ չէին պաշտպանում: Մեզ վաճառել են, տղերք ջան:  Ես առաջին կռվին էլ եմ մասնակցել, երկրորդին էլ, երրորդում միասին ենք եղել: Ես ձեզ հավաքել եմ, որ ասեմ՝ շնորհակալ եմ ձեզանից, որ 44 օր շարունակ միասին կանգնած ենք եղել  ռմբակոծության տակ, նռնականետի արկ չկար, որ տանկերին կրակենք: Այդպես ո՞վ է կռվում: Ամեն ինչ արհեստական սարքել են, որ հայ տղամարդու պատիվը զրոյացնեն: Հեսա կբերեն թուրքերին, նրանք փողով այստեղ ման կգան, նույն հայ տղամարդը սոված-ծարավ կապրի: Այսպես մեր ազգային պատիվը կամաց-կամաց կհավասարվի գետնին: Ամեն անգամ ասում են՝ ժողովուրդը մեղք է, ժողովուրդը սոված է: Հասկացանք: Ժողովրդից ավելի շատ ես եմ տանջվել: Մենք ամեն ինչ արել ենք հայրենիք դառնալու համար: Մեզ էլ են թալանել, նստացրել են: Հիմա ի՞նչ անենք, հայրենիքը դարձնենք տո՞րթ, թե՞ լեշ՝ ուտեն պրծնեն:

Հայրենիքի համար պայքարել է պետք: Հայրենիքը սիրելը շատ քիչ է: Դու պետք է պայքարես հայրենիքի համար: Մենք պետք է գնանք Հայաստանի  կառուցմանը: Ժողովուրդը այսօր շատ բան չի որոշում, որովհետեւ ժողովուրդը ինքը չգիտի, թե  ինչ է ուզում: Դրա համար ես  ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն հայտնում այն մարդկանց, որոնք այսօր եկել են որպես համախոհ: Կրկնում եմ. ինչ էլ որ որոշենք, ես մինչեւ վերջ ձեր կողքին եմ, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930