Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են մի քանի ամսում պատրաստել և ստորագրել խաղաղության պայմանագիրը:
«Կարծում եմ՝ մենք կարող ենք մի քանի ամսում ավարտել աշխատանքը և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Ալիևն իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ նման զարգացումն իրական կլինի, եթե «հայկական կողմը նույնպիսի կամք ցուցաբերի»:
Ալիևը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման ամենակարևոր արդյունքն անվանել է այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որի նպատակը կլինի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկ հնչեցրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո:
Կարդացեք նաև
«Մենք հայտարարեցինք, որ մեզ խաղաղություն է պետք, խաղաղության համաձայնագիր: Հայաստանին պահանջվեց մոտ երկու տարի, որպեսզի համաձայնի դրա հետ: Կարծում եմ՝ դա հանդիպման ամենակարևոր արդյունքներից մեկն էր»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ շատ բան կախված կլինի բանակցությունների ընթացքից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ