Հայաստանում կայանալիք STARMUS-ի վեցերորդ փառատոնին ընդառաջ «Արմենպրես» գործակալությունը ներկայացրել է նախորդ՝ STARMUS V-ի կարևորագույն դրվագներն ու հետաքրքիր ելույթները, պատմել, թե ինչպես փառատոնը եկավ Հայաստան։
«STARMUS-ի հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում՝ Ցյուրիխում: Փառատոնն այս տարի նվիրված էր Լուսնի վրա մարդկության առաջին քայլերին ու Երկիր մոլորակի արբանյակի ուսումնասիրմանն ուղղված «Ապոլոն» առաքելություններին:
Փառատոնի մասնակիցների շարքում կրկին անվանի լուսնագնացներ ու աստրոնավտներ էին, ավելի քան 50 նշանավոր գիտնական, Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ ու արտիստներ:
STARMUS-ի հինգերորդ փառատոնի աշխատանքներին մասնակցեց նաև Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը: Ուշագրավ է, որ նա աշխարհում առաջին նախագահն էր, ով ներկա գտնվեց գիտության հանրահռչակմանն ուղղված այս փառատոնի աշխատանքներին ու հանդես եկավ ելույթներով։
Կարդացեք նաև
STARMUS V-ի բացմանը փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը բեմ հրավիրեց Հայաստանի նախագահին, ով իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին: Խոսելով իր՝ STARMUS-ի բեմում ինելու պատճառների մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասաց. «Առաջինը երազանքն է: Գարիկը երազող է: Նա խենթ բաներ է մտածում ու դրանք իրականություն դարձնում: Մեզնից յուրաքանչյուրն ունի երազանք: Ես ձեզ կպատմեմ Խորհրդային Միությունում՝ Հայաստանում ծնված փոքրիկ տղայի մասին, ով երազում էր դառնալ տիեզերագնաց: Երբ 10 տարեկան էր, նա անգամ մրցանակ շահեց Լուսնի վրա աստղագնացի գեղեցիկ նկարի համար: Դա հեռավոր 1963 թվականն էր…»:
Երկրորդ պատճառը նախագահն անվանեց «STARMUS և Հայաստան». «Ես հրավիրում եմ մյուս՝ վեցերորդ STARMUS փառատոնը անցկացնել Հայաստանում: Ուրախ կլինեմ բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, արտիստների ու երաժիշտների տեսնել Հայաստանում: Ինչո՞ւ Հայաստան, որովհետև այն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է: Շատ ուրախ կլինեմ բոլորիդ ցույց տալ ավելի քան 2800-ամյա Երևանը, Մեծամորը, որտեղ Ուրարտուի թագավորության ժամանակ կառուցվել էր աստղադիտարան… Հայերը գնահատում են կրթությունն ու գիտությունը»:
Արմեն Սարգսյանի առաջարկն ամիսներ անց պաշտոնապես հաստատվեց. փառատոնի տնօրենների խորհրդի անդամների որոշմամբ՝ STARMUS VI-ը տեղափոխվեց Հայաստան»։
ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ