Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ զոհերի հարազատների՝ ռուս խաղաղապահները պատերազմից առաջ՝ դեռ հունիսին էին հրաման ունեցել Հայաստան սպասվելիք տեղափոխման մասին. «Առերեսում»

Սեպտեմբեր 03,2022 22:00

«Այո, այսօր մեղադրանք է առաջադրվել Ջալալ Հարությունյանին, բայց դրանով չի վերջանում: Մենք հուսով ենք, որ արդարադատություն կլինի, բայց պահանջում ենք նաեւ, որ Ջալալ Հարությունյանը կալանավորվի»,- ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը, մանրամասն պատմելով Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի հետ կատարվածը, որը Արցախի պաշտպանության նախկին նախարարին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկն է:

Արդեն 2020-ի դեկտեմբերին դիվիզոնում զոհվածների հարազատները առաջին դիմումն էին գրել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք տեղ գտան 2022-ի սեպտեմբերի 2-ին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Հատվածներ ներկայացնենք այդ դրվագից, ըստ որի՝ հոկտեմբերի 12-ին «կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:

…Զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխանցվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն և գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

… Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը և խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։

Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որևէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը և շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ»: Անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ:

«Դեռ հոկտեմբերի 10-ին հրամկազմը գլխավոր շտաբից խնդրել է, որ հետախուզություն իրականացնեն, ավելի կոնկրետ ճշտեն իրավիճակը: Հետախուզում էլ չեն իրականացրել,- պատմեց հաղորդման մյուս հյուրը՝ զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:- Ստեղծված իրավիճակում ամեն վայրկյան ամեն բան փոխվում էր՝ թե բնագծերը, թե ռազմաճակատի ընդհանուր իրավիճակը… Ու չեմ կարող ասել, թե պարզապես անփութություն էր: Ես սա համարում եմ միտումնավորություն»:

Եղիշե Զաքունցը մանրամասներ պատմեց զոհված զինծառայողների հարազատների եւ Ջալալ Հարությունյանի հանդիպման մասին. «Ծնողներից ոչ մեկը նրա դեմքի վրա չի տեսել զղջում իր քայլերի հետեւանքով մեր ունեցած զոհերի եւ կորուստների համար: Եվ այժմ ամենախիստ ձեւով պետք է պատժվի Ջալալը, քանի որ եթե ինքն ասեր՝ «տեղում որոշում կայացրեք, համոզված չեմ»՝ տղաներն այսօր ողջ կլինեին»:

Նաիրա Մելիքյանը 44-օրյա պատերազմի սկզբի վերաբերյալ մանրամասներ պատմելով՝ ասաց. «Առաջին մի քանի օրը ոչ ջուր են ունեցել խմելու, ոչ կերակուր»: Եղիշե Զաքունցը հավելեց. «Ինքս սեպտեմբերի 30-ին Վազգենաշեն եմ գնացել տղաների մոտ՝ առաջնագիծ եւ ինքս եմ տարել թե ջուր, թե ուտելիք»:

«Արցախի նախագահականում ծանոթներ ունեի, որոնք անամոթաբար իրենց երեխաներին դեռ օգոստոս ամսին տեղափոխել էին Երեւան: Եվ ինձ էլ դեռ ասում էին՝ Նառա, դե շատ ես դողում էդ երեխայի վրա: Ասում էի՝ բայց էդ մեկն ունեմ, բա չդողա՞մ: Իրենք իմանալով՝ բերել, իրենց երեխաներին Երեւանում նստեցրել էին»,- ասաց Նաիրա Մելիքյանը՝ վստահություն հայտնելով, թե պատերազմի սանձազերծման մասին նախապես է հայտնի եղել:

Եղիշե Զաքունցն էլ դարձյալ վստահություն հայտնելով, թե այս ամենը «միտումնավոր ու պայմանավորված» էր՝ մեկ այլ փաստարկ վկայակոչեց. «Մենք տեղեկություն ունենք ռուս խաղաղապահներից. մեր ծնողներից մեկին՝ Ջիվանին (Արտակ Միքայելյանի հայրը` Ջիվան Միքայելյանը.- խմբ) փոխանցել էին Արցախում, թե ոնց, դուք չգիտեի՞ք, որ կռիվ է սկսվելու: Ասել է՝ մենք հունիս ամսին արդեն հրաման էինք ստացել, որ սպասենք՝ թռնելու ենք Հայաստան»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    ես ճիշտն ասած չհասկացա Աննա Իսրայելյանը փորձում է արդարացնել բանակային հակահարվածը՞ ասելով որ լավ էլ կռվել են․․․․ իսկ տրամաբանությունը ու՞ր է։ Բացահայտ պատերազմական սխալ գործելով տանել կոտորել ասելու համար որ կռվել ե՞ն։ Լու՞րջ եք ասում

    • Հարգելի Միկա, եթե հյուրերս համախոհներ են լինում՝ ես փորձում եմ հակափաստարկներ ներկայացնել, որոնք թեմայի առնչությամբ հնչել են մամուլում։ Իսկ եթե հաջողվում է բանավեճ կազմակերպել՝ այդ դեպքում փորձում եմ մնալ չեզոք վարողի դիրքում։ Տվյալ դեպքում ես փորձում էի հակափաստարկ հնչեցնել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930