Վերջերս կարդացի «Առավոտ» օրաթերթի վարքականոնը։ Այն իմ կողմից հիմնականում ընդունելի է։ Չգիտեմ, այլ լրատվամիջոցներ նույնպես ունեն նման վարքականոններ, հավանաբար՝ ոչ բոլոր։
Չլինելով լրագրող՝ այնուամենայնիվ պատկերացրեցի, թե եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի, օրինակ՝ «Հիշողություն» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, ապա ինչպիսի ոչ միայն վարքականոն, այլև լրագրային քաղաքականություն կիրականացնեի։
Լրատվամիջոցը հարթակ կտրամադրեր տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչներին, բացի․․․
Վարքականոնի առաջնային սկզբունքներից մեկը կլիներ՝ երբեք հարցազրույցների չհրավիրել, կարծիք չհարցնել այնպիսի գործիչներից, որոնք տարբեր՝ խարդախության, շորթման, բանակից ազատվելու համար փաստաթղթեր կեղծելու և նման այլ հանցագործությունների համար դատապարտվել են։ Նույն կանոնը կկիրառվեր նաև դատարանով ապացուցված որևէ գործչի բանսարկությունն ու ստախոսությունը, նաև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով սուտ լուրեր տարածելը (օրինակ՝ սպանված երեխա, հղի կին), պաշտոնավարության ժամանակ դատավորին ուղղորդման «Ուզես, չուզես կալանք պիտի տաս», տարբեր ժամանակ բարձր պաշտոն զբաղեցնող, հետո Հայաստանի քաղաքացիությունը այլ երկրի քաղաքացիությամբ փոխող և այլ նման գործիչների նկատմամբ։
Կարդացեք նաև
Եվ ամենակարևորը, նրանցից ոչ ոք իր արարքների, մեղքերի համար ոչ միայն հրապարակային ներողություն չի խնդրել և հեռացել քաղաքական, հասարակական կյանքից, այլև կարծես ոչինչ չի եղել, շարունակում են ակտիվ գործունեությունը։Եթե այնուամենայնիվ, վերը նշված տիպի գործիչները շարունակում են ակտիվ քաղաքականությունը, օրինակ` մամլո ասուլիսներ են տալիս, նաև ցանկալի հյուրեր են այլ լրատվամիջոցների համար, ապա իմ կողմից ղեկավարվող լրատվամիջոցը ստիպված կանդրադառնար նման գործիչներին։ Հարց՝ ինչպե՞ս։
Խորհրդային տարիներին մեր լիբանանահայ բարեկամ Մովսես Հերկելյանը ամեն անգամ Երևան ժամանելիս և մեր տուն այցելելիս բերում էր այն ժամանակ արգելված «Բագին» ամսագրի համարներ։ Հիշում եմ, 1979 թ․ Ակսել Բակունցի հոբելյանին նվիրված «Բագինի» համարը։ Ամսագրում բացի տարբեր, Բակունցին նվիրված հոդվածներից և հիշողություններից, ամենատպավորիչն ամսագրի հանդիպակաց էջերում տեղադրված Հրաչյա Քոչարի հոդվածներն էին, տպագրված առաջինը՝ 1936թ․ «Խորհրդային Հայաստան», երկրորդը՝ 1979թ․, նույն, բայց արդեն «Սովետական Հայաստան» անվանումով թերթում։
Առաջին հոդվածում Հրաչյա Քոչարը Ակսել Բակունցին հայհոյում, այպանում, մեղադրում էր բոլոր մեղքերում, երկրորդում՝ փառաբանում, որպես մեծ արձակագիր և իր գրական գործընկեր։ Մովսեսը պատմեց, որ «Բագինի» խմբագիր Պողոս Սնապյանը խմբագրությունում ունի հայ գործիչների, գրողների, գիտնականների առանձնացված դարակներ, նրանց բոլոր ժամանակների հոդվածներով և ամեն պատեհ առիթով հիշեցնում է նրանց անցյալը։
Այս ամենն ավելի դյուրին է այսօրվա էլեկտրոնային դարում և շատ լրատվամիջոցներ կիրառում են, պայմանական ասած, սնապյանական մեթոդը։Գիտեմ, ընթերցողը կնկատի, որ այսօր լրատվամիջոցները հեղեղված են վարչապետ կոչեցյալի, նախկինում կատարված հայտարարություններով, որոնք 100%-ով հակասում են նրա այսօրվա գործողությունները։ Եվ ի՞նչ․․․
Բայց վերադառնանք պայմանականորեն ասած իմ ղեկավարած լրատվամիջոցին։
Օրինակ, եթե Ստեփան Գրիգորյան կոչված քաղաքագետը ասուլիս կամ հարցազրույց է տալիս, իմ ղեկավարած լրատվամիջոցի լրագրողը ասուլիսին նրան հարց կուղղեր․
-Պարոն Գրիգորյան, ինչ երաշխիք, որ դուք չեք ստում, ինչպես Յուրի Խաչատուրովին բանսարկելու դեպքում։
Նման հարցեր կհնչեին այլ գործիչներին նույնպես, կախված նրանց նախկին գործունեությունից։
Լրատվամիջոցը պարբերաբար կանդրադառնար նման գործիչների հարցազրույցներին, կարծիքներին, տրված այլ լրատվամիջոցներին՝ անվերջ հիշեցնելով նրանց «փառավոր» անցյալը։
Իրականում, բոլոր նման անձինք, ոչ թե քաղաքական, հասարակական գործիչներ են, վերլուծաբաններ, այլ էժանագին կամ թանկ վարձատրվող քարոզիչներ, որոնց համար կարևորը ոչ թե ազգային, պետական շահն է, այլ միայն ու միայն փողը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ