«Եթե չարձագանքեցին Ալիևին, ուրեմն պիտի ընդունենք ի գիտություն, որ Իլհամ Ալիևի ասածն է, ոչ մի բան էլ չկա, ուրեմն չեն կարողացել առաջ տանել որևէ հարց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը` անդրադառնալով բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն խաղաղության պայմանագրի շուրջ՝ հիմնված հինգ սկզբունքների վրա, որոնք ընդունել է Երևանը:
Մեր հարցին՝ այս գործնական բանակցություններից ի՞նչ ակնկալել, Թևան Պողոսյանը պատասխանեց․ «Բանակցությունների խնդիրը չէ, թե ինչ ակնկալել, որովհետև եթե դու ունես հմուտ դիվանագետ, կամ ճիշտ բանակցող, ապա ինքը կարող է այսպես ասած աղվեսի ճանապարհով արջին էլ հաղթել։ Խնդիրն այն է, թե գործողներն ինչ նպատակ են դրել և ինչ են անելու։ Իսկ պարտված իշխանությունը կարող է միայն նոր պարտություն բերել։ Ալիևը երեկ հայտարարել է, որ մեր դրած հինգ կետերը, որոնք ՀՀ-ն ընդունել է, օգոստոսի 31-ին էլ Բրյուսելում վերահաստատել է, այդ կետերի հիման վրա է լինելու։ Բայց հայկական կողմը պատասխանել էր, որ վեց կետ են ուղարկել և այլն։ Ալիևի հայտարարությունից մեկ օր է անցել, բայց հայկական կողմից արձագանք չկա։ Եթե այսօր ու վաղը հայկական կողմի որևէ ներկայացուցիչ չբացատրի, որ այդ հինգ կետից բացի նաև լինելու են հայկական կողմի մոտեցումները, ապա արդեն պիտի ասենք, որ բանակցությունների հիմքային սկիզբը սխալ է լինելու»։
Թևան Պողոսյանը փաստեց՝ հասկանալի է, որ թշնամին մեզ ոչ մի բան չի առաջարկելու, որը մեր շահերից է բխելու։ Նա ուզում է Սյունիքն էլ վերցնել, Սևանն էլ, Երևանն էլ, որ մենք ամբողջ կյանքն ապրենք պարտվածի դաջվածքով։ Սակայն պետք է հայ ազգն ունենա վստահություն, որ Ալիևի ասածով չէ։ Նա մանրամասնեց․ «Հայ ազգը պիտի ունենա վստահություն, որ միայն Ալիևի ասածով չէ։ Պետք է այսօրվա իշխանության ներկայացուցիչները խոսեն։ Կխոսեն, կասեն, հույս կունենանք, որ միգուցե ինչ-որ բան անեն։ Այնպես որ, թե վաղը չէ մյուս օրն ինչ կլինի, ոնց են շարունակելու, դա արդեն այլ հարց է։ Բանակցություններից հետո անցել է երկու օր, երեկ արդեն Տավուշում ենք ունեցել սրված իրավիճակ, որտեղ կրակել են և այլն։ Գեղարքունիքում ենք ունեցել սրված իրավիճակ»։
Կարդացեք նաև
Թևան Պողոսյանը հիշեցրեց՝ այս թշնամին դարավոր է և նրա նպատակն է մեզ վերացնել։ Իսկ մենք պետք է հասկանանք՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Նա այս առիթով նշեց․ «Մինչև հայկական կողմը պատասխան չտա, մի անգամ իրենց ատամները չջարդի, թշնամին շարունակելու է լինել լկտի։ Բնության կանոններ են, որոնք իմաստ էլ չկա քննարկել։ Այսօր գործող իշխանությունը պարտության խորհրդանիշն է, որը, բնականաբար, բանակցային սեղանին էլ է պարտության խորհրդանիշը։ Իրենք պետք է գիտակցեն, որ գիտակցված, ինքնակամ հեռանալն այսօրվա դրությամբ շանս է բացում։ Այլ պարագայում ոչ մի շանսի չեն բերելու։ Նույնիսկ չեն կարողանում նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված երեք տարին կյանքի կոչել, նույնիսկ չեն կարողանում իրենց բանակցած ժամկետը պահել»։
Մեր փաստմանը՝ Ալիևը միայն շեշտել է հինգ կետերը՝ վերահաստատելով, որ Բրյուսելում ՀՀ վարչապետը համաձայնել է, սակայն ոչ մի խոսք հայկական կողմի առաջարկների մասին, Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց․ «Դա միայն Ալիևն է ասել, մեր գործող իշխանությունները պետք է խոսեն, չնայած վերջին երկու-երեք տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Ալիևն ինչ ասում է, վերջում կյանքի է կոչվում։ Բայց ամեն անգամ ուզում ես հույսով ապրել, որ միայն թշնամու ասածը չէ, և թշնամին կարող է նորից թշնամանք անել։ Ամեն ինչ կախված է այսօրվա գործողներից։ Ալիևին հավասարազոր արձագանք է պետք։ Եթե կարձագանքեն, ասեն բա մեր վեց կետերը, բա մեր խնդիրները, լավ, հակառակ դեպքում պարտության իշխանությունները բերելու են հերթական պարտությունը։ Դրա մասին ասել ենք ինչպես մինչև հանդիպում, հանդիպման օրը, նույնն էլ հիմա եմ ասում»։
Հ․Գ․ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն քիչ առաջ ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ։
Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը: Սա ևս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում: Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ