2021 թ. հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» իրավական առումով մեկնարկային կետ դարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի սերտ ինտեգրման համար, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային, հումանիտար, առողջապահական, կրթական, սոցիալական, երիտասարդության եւ սպորտի բնագավառները։ Միաժամանակ այն մարտահրավերների մի ամբողջ փաթեթ առաջացրեց հայկական աշխարհի համար, որոնք առնչվում են նախեւառաջ անվտանգային հարցերին։ Դրա ապացույցներից են խիստ հաճախակի անցկացվող համատեղ զորավարժությունները։ Ի դեպ, սեպտեմբերի 5-ին Ադրբեջանում մեկնարկելու են «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների եւ տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբն արդեն մեկնել է Ադրբեջան։
Այս տարվա սեպտեմբերի 1-ից ինտեգրվել են թուրքական e-devlet էլեկտրոնային կառավարման եւ ադրբեջանական e-gov պորտալները։ Մինչ այդ միասնականացվել էին երկու երկրների վարորդական վկայականները, ինչի արդյունքում այժմ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վարորդական իրավունք ստանալ անմիջապես Թուրքիայի պետական մարմիններում, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքացիները՝ Ադրբեջանի պետական մարմիններում։ Մեկ միասնական համակարգի մեջ են միավորվում նաեւ բանակների չափանիշները:
Վերջերս Ադրբեջանում բացվել է թուրք-ադրբեջանական ռազմական համալսարան։ Որոշակի զգուշավորությամբ, սակայն խոսվում է «թյուրքական միասնական բանակ» ունենալու մասին։ Ակտիվ աշխատանքներ են տարվում կրթական միասնական համակարգի, մասնավորապես պատմության ընդհանուր դասագրքեր ունենալու ուղղությամբ, որը վերաբերում է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներին։ Ադրբեջանում նոր ուսումնական տարվանից գործելու են Թուրքիայի «միջազգային լուսավորչական դպրոցներ»։
Օրեր առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղջին նշել էր, որ հաստատությունը կպատրաստի 300-350 ուսանող: «Մայրենի լեզվով սովորելու հնարավորություն ընձեռող ուսումնական հաստատությունում նախատեսվում է նաեւ ակադեմիական մակարդակով կրթություն տալ թուրքերեն, անգլերեն, ռուսերեն եւ իսպաներեն։ B2 մակարդակի թուրքերենի իմացությամբ ուսանողներին առաջարկվում են կրթաթոշակով ուսման հնարավորություններ Թուրքիայում: Այս դպրոցի շրջանավարտները Թուրքիայի բուհեր ընդունվելիս կսովորեն անվճար»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Հանրային շրջանակներում ոգեւորությամբ է խոսվում «մեկ միասնական երկիր» դառնալու օգուտների, առավելությունների եւ հեռանկարների մասին, սակայն հասկանալի է, որ զարգացումները ենթադրում են ոչ թե միավորում մեկ պետության մեջ, այլ՝ միության ստեղծում, թերեւս, ԵՄ-ի մոդելով։ Նշենք, որ ադրբեջանա-թուրքական միասնական պետության գաղափարն ակտիվորեն զարգացնում էր Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։ Որոշակիորեն կրելով ԱԴՀ հիմնադիր Ռասուլզադեի գաղափարախոսական ազդեցությունը՝ նա ցանկանում էր վերականգնել ադրբեջանական ինքնության թյուրքականությունը։ Էլչիբեյը Թուրքիան համարում էր Ադրբեջանի «մեծ եղբայրը», իսկ իրեն՝ «Աթաթուրքի զինվոր»:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում