Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան․ Միքայել Արզումանյանը նահանջի հրահանգ տալ չէր կարող առանց ՊԲ հրամանատարի իմացության․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2022 11:47

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, գեներալ մայոր Միքայել Արզումանյանի դեմ սկսված քրեական հետապնդումը նմանվում է ղարաբաղցիների միջեւ ներքին «ռազբորկայի»: Այդ կարծիքն է ձեւավորվում, երբ կարդում ես Քննչական կոմիտեի հաղորդած նոր մանրամասները գեներալ Արզումանյանի մեղադրանքի վերաբերյալ: Այժմ գեներալին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը», որը կատարվել է պատերազմի ժամանակ (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մաս):

Հիշեցնենք․ սա արդեն երկրորդ մեղադրանքն է: Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ գեներալին մեղադրում են 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքի, ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ: Հասկանալով, որ Շուշիի անկումը մեկ անձի գլխին բարդելը, այն էլ՝ հրամանատարի, որը 44 օրերից միայն վերջին 12 օրն է ղեկավարել Արցախի ՊԲ-ն, ուղղակի ծիծաղելի է եւ շատ հարցեր է առաջացնում, իրավապահները որոշեցին ավելի առարկայական մեղադրանք առաջադրել՝ տվել է «նահանջ» հրաման:

Նոր մեղադրանքը վերաբերում է պատերազմի երրորդ օրվա՝ սեպտեմբերի 28-29-ի դեպքերին, երբ Միքայել Արզումանյանը դեռ չէր նշանակվել Արցախի ՊԲ հրամանատար, այլ գլխավոր շտաբում վարչության պետ էր:

Այդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ըստ հաղորդման, հայկական ուժերը ձեռնարկել էին Արեգա բարձունքը եւ հարակից դիրքերն ազատագրելու օպերացիան: Արեգան սար է, որը գտնվում է Մատաղիսից դեպի «Եղնիկներ» հատվածում: Հակառակորդը մեծ կորուստներ է կրել այստեղ, եւ մերոնք վերցրել են սարը, սակայն հետո, արդեն ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, եթե հավատանք քննչականին, հրամայել է թողնել բարձունքը եւ նահանջել՝ պատճառաբանելով, թե նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիա:

ՔԿ-ն նշում է, որ զորամասի հրամանատարը հակադարձել է Միքայել Արզումանյանին, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք, եւ կստեղծվի շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։
Գեներալ Արզումանյանը, սակայն, պնդել է, եւ հայկական զորքը նահանջել է, ինչից հետո՝ արդեն 23։00-ի դրությամբ, հակառակորդը վերահսկողության տակ է վերցրել բարձունքը: Ճշմարտանման այս պատմությունն անմիջապես երկու հարց է առաջացնում, ո՞վ է հրամանատարը, որը չի ենթարկվել Արզումանյանին, եւ ինչպե՞ս կարող էր Արզումանյանը, որը վարչության պետի պաշտոն էր զբաղեցնում, նահանջի հրաման տալ, առանց ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի իմացության:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, ասում է, որ Արզումանյանը չէր կարող նահանջի հրաման տալ ի պաշտոնե: «Այդ ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, Արզումանյանը գլխավոր շտաբում հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Չեմ կարծում, որ նման հրաման նա կարող էր տալ: Ո՛չ այդ իրավասությունն ուներ, ո՛չ էլ որպես անձ այդպիսի հրաման տվող էր»,- ասում է Մովսես Հակոբյանը:

Հեղափոխությունից անմիջապես հետո Միքայել Արզումանյանը նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, իսկ գլխավոր տեսուչը Մովսես Հակոբյանն էր: Թե ով է հրամանատարը, որը չի ենթարկվել «նահանջ» հրամանին, նա տեղյակ չէ: «Քննիչներին հարցրեք: Չե՞ն ասում: Քննիչները մի բան մոգոնում են, ժողովրդին գցում կրակի մեջ»,- ասաց Հակոբյանը: Կարո՞ղ էր արդյոք Միքայել Արզումանյանը նահանջի հրահանգ տալ, ու այդ մասին տեղյակ չլիներ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը: «Ոչ, դա հնարավոր չէր»,- պատասխանում է Մովսես Հակոբյանը:

Սյուզան ՍԻՄՈՆԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930