«Որքան շատ գան Արցախ վերաբնակեցվեն ու լծվեն պայքարի՝ Արցախը կփրկվի: Կան նաեւ շատ մեր այլ հայրենակիցներ, որոնք տեղափոխվել են Արցախ եւ Արցախը շենացնելու գործին են լծված. ողջունելի են բոլորի քայլերը, բայց այս ամենը չպետք է լինի ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու հարց, այլ պետք է լինի Արցախը շենացնելու, Արցախի համար պայքարելու որոշում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով հայտնի գործարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությանը, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից եւ տեղափոխվում է Արցախում բնակվելու:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը միանշանակ չպատասխանեց իր քաղաքական հավակնությունների մասին հարցին, բայց տպավորությունն այնպիսին է, որ նա ունի քաղաքական հավակնություններ. այս դիտարկման մասով էլ մեր զրուցակիցն ասաց.
«Այսօր քաղաքական դաշտը բաց է, ով որ կարող է Արցախի համար այնպիսի լուծում գտնել եւ կյանքի կոչել…, մենք պատրաստ ենք, ողջունում ենք եւ կօգնենք: Բայց քանի որ հստակ ծրագիր չկա, ավելի ծավալուն չեմ կարող պատասխանել»:
Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանն էլ այդ առիթով մեզ հետ զրույցում ասաց, որ ողջունում է մեր ցանկացած հայրենակցի Արցախ տեղափոխվելը եւ արցախցիների կողքին լինելը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ