Ուկրաինական պատերազմի անելանելի կացությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ձախողումը այդ արկածախնդրությունում կարող է առաջացնել քաղաքական վակուում Կովկասում, որը հնարավոր չէ անտեսել: Այդ պատճառով էլ Արեւմուտքը եւ մասնավորապես Մ. Նահանգները վերջին վեց ամիսների ընթացքում առավել ակտիվ եւ վճռական դերակատարություն է ունենում տարածաշրջանում:
Ադրբեջանը հոխորտում է իր վերջին հաղթանակով եւ հրճվում հատկապես իր գործողությունների հանդեպ Անկարայի ցուցաբերած անսասան աջակցությունից: Ադրբեջանի նախագահ Ալիեւը չտատանվեց Մոսկվայի դեմ դուրս գալ եւ փակել Բաքվում ռուսական «Սպուտնիկ» լրատվամիջոցը, այն պատճառաբնությամբ, որ դրա հայկական ծառայությունը հարցազրույց էր հեռասփռել Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Այսօր էլ նույն վճռականությամբ Բաքուն դեմ է դուրս գալիս Մ. Նահանգներին եւ Ֆրանսիային այն համոզմամբ, որ Բրյուսելի հետ կնքած գազ մատակարարելու իր պայմանագիրը կազատի նրան իր բոլոր մեղքերից:
Շուշիի հավաքին երկու երկրների՝ Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանների բացակայությանն անդրադառնալով, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդատու Հիքմեթ Հաջիեւը նշել է. «Որոշ կողմերի ջանքերը վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ամոթալի կեղծավորություն է
Կարդացեք նաև
… Իրադարձությանը չեն մասնակցում երկու երկրներ՝ Մ. Նահանգներն ու Ֆրանսիան: Մենք չենք կարող հասկանալ նրանց բացակայության պատճառը: …Նրանց բացակայությունը, նրանց հայտարարությունները Մինսկի խմբի աշխատանքների վերականգնման վերաբերյալ մի անգամ եւս ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են նրանք կատարել այդ ձեւաչափով 30 տարվա բանակցությունների ամբողջ գործընթացում»:
Շուշիի իրադարձությանը ներկա չգտնվելու երկու երկրների պատճառն ակներեւաբար այն էր, որ նրանք ադրբեջանական զորքերի կողմից այդ քաղաքի գրավումը օրինական չեն համարում, որովհետեւ Շուշին միշտ էլ ներառված է եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում:
Նման բացատրությունը ավելի հստակ երեւում է Մ. Նահանգների հրապարակած անուղղակի մի հայտարարության մեջ: «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված մեկնաբանության ընթացքում Բաքվի ամերիկյան դեսպանությունը Հաջիեւի խոսքերին անդրադառնալով իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Սակայն ավելացրել է, որ «Մ. Նահանգների դեսպանատան անձնակազմը շարունակելու է առաջվա նման այցելություններ կատարել դեպի Ադրբեջանի բոլոր շրջանները՝ Աղդամ, Զանգելան եւ Ֆիզուլի»:
Ինչպես նկատելի է, Շուշին չի հիշատակված, ենթադրաբար տարբերակելու համար շրջանները, բայց ակնարկը ավելի քան պարզ ու հասկանալի է:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի վերաշխուժացմանը, Մ. Նահանգների պետքարտուղարությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ նշելով. «Մ. Նահանգները պարտավորված է զգում օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին նստելու բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երկարատեւ քաղաքական կարգավորում գտնելու համար: Դեսպան Ռիքերը աշխատելու է համախոհ գործընկերների հետ, ինչպիսին օրինակ՝ Եվրոմիությունն է: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ աջակցելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսություններին: Ներկա ժամանակահատվածում դեսպան Ռիքերի նշանակումը նաեւ վկայում է այն մասին, որ Մ. Նահանգները կարեւոր դերակատարություն է վերապահում իրեն Ժնեւում Վրաստանի հարցով ընթացող քննարկումներում»:
Ադրբեջանի համար նույնքան զայրացուցիչ էր Ռիքերի նշանակումը, որովհետեւ դա ցույց էր տալիս, թե որքան վճռական է Մ. Նահանգները՝ արդարացի կարգավորում պարգեւելու ղարաբաղյան հակամարտությանը: ԵԱՀԿ-ն միջազգային միակ հարթակն է, որ ՄԱԿ-ի կողմից լիազորված է կարգավորելու հարցը:
Ահա թե ինչպես է արձագանքել Ադրբեջանը Ռիքերի նշանակման լուրին: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լայլա Աբդուլլաեւան նշել է. «Փաստացի անգործունակ Մինսկի խմբի վերակենդանացման փորձերը կարող են Մ. Նահանգներին ընդհանրապես օտարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, եւ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է: Միջազգային համայնքը, ներառյալ մեր գործընկերները, պարտավոր են հասկանալ, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի հետ կապելը բոլորովին չի նպաստելու երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին»:
Աբդուլլաեւայի խոսքերը նշանակում են, որ միջազգային համայնքը չի «հասկանում» Ադրբեջանի տրամաբանությունը:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում