Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձել ենք Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հերթական հանդիպմանը, ամփոփել բանակցային գործընթացում առկա իրողությունները: Ըստ վերջին հանդիպման վերաբերյալ հայտարարության, կա որոշակի գործընթաց՝ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ:
«Վերջին մոտ 2 տարում՝ պատերազմի պարտությունից հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրվել է գաղտնի և ժողովրդի թիկունքում վարվող բանակցությունների քաղաքականություն, որի հետևանքով տարբեր ժամանակահատվածներում պոստ ֆակտում արձանագրում ենք, որ Հայաստանի, Արցախի տարբեր տարածքներ անցնում են թշնամի Ադրբեջանին: Իսկ հերթական եռակողմ հանդիպումից հետո ընդգծվեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այսինքն, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի թիկունքում գաղտնի բանակցություններ էին տանում խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ, ինչը պարզ դարձավ Շառլ Միշելի հայտարարության տեքստից»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:
Կարևոր համարելով Շառլ Միշելի հայտարարության մեջ գերիների խնդրին առնչվող անդրադարձը՝ նա հավելեց.
«Այդուհանդերձ, դա Ն. Փաշինյանի «գեղեցիկ աչքերի» համար չէր: Առաջին հերթին սա ՀՀ ներքին քաղաքական դաշտի ճնշման արդյունքն է: Անընդհատ խոսվում էր, այս իշխանությունը պահանջատեր չէ իր երկրի քաղաքացիներին թշնամի պետությունից վերադարձնելու հարցում, և, փաստացի, քննադատությունների, հայտարարությունների, բողոքի ակցիաների արդյունքում Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտավ նաև գերիների խնդիրը: Բայց ավելի մեծ խնդիր կա, որը հայկական իրականության համար գերվտանգ է ներկայացնում. Արցախի մասով հայտարարությունը լղոզված էր: Պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ հայերի հետ խաղաղ ապրելու նպատակ չունի, բայց հայտարարության մեջ ընդգծվել է, թե «պատրաստ են ժողովուրդներին խաղաղության տանելու նոր գործընթաց սկսել»:
Կարդացեք նաև
«Սա ևս մեկ փչված փուչիկ է, որը ևս պայթելու է»: Գ. Դավթյանը նշեց՝ թեպետ մեզ մոտ ավելի մեղմ, խաղաղասիրական քաղաքականություն է, բայց Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել իր ռազմատենչ, նաև հայերին ոչնչացնելու քաղաքականությամբ.
«Վերոնշյալ վերջին հայտարարությունը, ըստ երևույթին, ավելի շատ ադրբեջանական օրակարգ էր սպասարկում: Այս առումով երկու խնդիր կա: Մեկը Հայաստանի՝ կապիտուլացված ղեկավարություն ունենալու փաստն է, երկրորդը՝ Ադրբեջան-Արևմուտք շահերի՝ բարձր մակարդակում գտնվելու փաստը: Եվրոպայում կա էներգետիկ խնդիր, և այս իմաստով, տեսնելով Ադրբեջանի պոտենցիալը, Եվրոպան, անտեսելով հայկական շահը, իր արտաքին ուժերը հօգուտ Ադրբեջանի է ծառայեցնում»:
Անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրից բխող վտանգներին՝ փորձագետը նախ հիշեցրեց, որ այս պայմանագրի հիմնական դրույթների մասին Ադրբեջանը նախօրոք է հայտնել: «Խոսքն իրենց կողմից ներկայացված 5 կետերի մասին է, որտեղ տարբեր ձևակերպումներով խոսվում է նաև տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Այդ պայմանագրի շուրջ գործընթացն Ադրբեջանը նշված հինգ կետերի շուրջ է կառուցելու. նրանք շեշտել են, որ այդ կետերն իրենց համար բազային ու կարևոր սկզբունքներ են: Պայմանագրի ստորագրմամբ Արցախը հայկական հոգևոր կենտրոնից կդառնա ադրբեջանական, այդ պայմանագրով կստիպեն նաև, որ իրենց մնան Սյունիքի հատվածում օկուպացված տարածքները: Ադրբեջանը շատ մեծ պահանջներ ունի՝ կապված նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը այդ պայմանագրի մեջ կփորձի դիտարկել որպես «խաղաղության ճանապարհ» կամ «խաղաղության հնարավորություն»:
Ադրբեջանի կողմից թելադրված այդ փաստաթուղթը չի կարող հայկական օրակարգ սպասարկող գեթ մեկ կետ ունենալ, ևս մեկ անգամ ապացուցելու կարիք չկա այն փաստը, որ Ադրբեջանի գերնպատակը Հայաստանի պետականազրկումն է կամ քաղաքական ազդեցիկ գործոն լինելու որևէ հնարավորությունից զրկելը: Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը խամաճիկ պետություն դառնա, քարտեզի վրա ՀՀ լինի, բայց իրենից ոչինչ չներկայացնի, չկարողանա իր ազգային, պետական շահը պաշտպանել, իր սեփական արտաքին քաղաքականությունն իրականացնել, իր ձևով հարաբերվել դաշնակից պետությունների հետ: Եվ, մասնավորապես, այս իշխանության օրոք խաղաղության պայմանագիրը որևէ ձևով չի կարող բխել հայկական շահից: Բազմիցս է ապացուցվել, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր, ժողովրդի մեջքի հետևում փաստաթուղթ ստորագրող ղեկավար է: Հավատալ, որ այս իշխանությունները խաղաղության պայմանագրով խաղաղության դարաշրջան են բերելու, ինքնասպանության փորձ կլինի: Այս իշխանություններն ունակ չեն որևէ ձևով սպասարկել ազգային ու պետական շահը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում