Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամենակարեւորն այն է, որ կանխակալ, քաղաքականացված բան չլինի». Դավիթ Բաբայանը՝ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին

Սեպտեմբեր 03,2022 09:30

«Սա ընդդիմության հանրահավաքը չէ, սա համաժողովրդական հանրահավաք է՝ Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի առիթով: Տարբեր քաղաքական ուժեր են մասնակցում, կարելի է ասել՝ քաղաքական ողջ սպեկտորն այստեղ է»,- Ստեփանակերտում Ազատության հրապարակից դեպի Վերածննդի հրապարակ քայլերթի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա նույնպես մասնակցում էր քայլերթին: Քայլերթին, ապա հանրահավաքին մասնակցում էին նաեւ ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Հայաստան» դաշինքից պատգամավորներ:

 

Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «Միություն, պայքար, հաղթանակ», «Արցախ, Հայաստան», նաեւ՝ «Նիկոլ, դավաճան»: Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է վերջին վանկարկման հետ:

«Այս մարդիկ այդպիսի բան են վանկարկում, բայց հանրահավաքը նվիրված է Արցախի Հանրապետությանը: Կրկնում եմ, այստեղ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան, բայց հանրահավաքը համաժողովրդական է. մեկը վանկարկում է, մյուսը չի վանկարկում»:

Ավելի ուշ, արդեն Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի փրկենք Արցախը եւ կոչ արեց՝ չհավատալ բոլոր նրանց, ովքեր կասեն, թե ամեն ինչ որոշված է, եւ Արցախը փրկելու որեւէ հնարավորություն չկա: Նա վստահեցրեց՝ ամեն ինչ կախված է մեզանից եւ որպեսզի կարողանանք ողնաշարն ուղղել ու ուղիղ քայլեր, պետք է մաքրել հոգիներն ու սրտերը, արժեքների կրող լինել: Դավիթ Բաբայանը վստահեցնում է, Արցախի հզորացման եւ ապագայի հարցում կա նաեւ աշխարհաքաղաքական շատ լուրջ ուժերի շահագրգռությունը: «Մենք այն ազգն ենք, որին հնարավոր չէ հաղթել դրսից, բայց հնարավոր է ներսից այլասերել եւ կործանել»,- ասաց բանախոսը՝ միասնականության կոչ անելով:

Երեկ մեղադրանք է  առաջադրվել նաեւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին՝ «… հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ»:

«Ամենակարեւորն այն է, որպեսզի ամեն ինչ լինի օբյեկտիվ, որեւէ սուբյեկտիվ մոտեցում չլինի, կանխակալ, քաղաքականացված բան չլինի եւ ամեն ինչ լինի թափանցիկ: Եթե մեկին մեղադրանք են առաջադրում, թող բոլորը իմանան՝ դա հիմնավո՞ր է, թե՞ անհիմն»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Դավիթ Բաբայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930