Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստացի ոչ թե տեղի է ունեցել ավտոմեքենայի զննություն, այլ` ավտոմեքենայի խուզարկություն». Լիպարիտ Սիմոնյան

Սեպտեմբեր 03,2022 13:00

Դատարանում հետազոտված տեսանյութը 4 րոպեանոց էր, դրանում, ըստ պաշտպանի, բացակայում էր կատարված գործողության սկիզբը եւ ավարտը, համապատասխան արձանագրությունը կազմելու փաստը, ինչպես նաեւ ընթերակաների ներկայությունը, գործողության սկզբնական հատվածի բացակայության պայմաններում նույնիսկ հնարավոր չէ փաստել, թե կոնֆետների տուփերը հանվել են «ՎԱԶ 21130-120» մակնիշի 55 LR 055 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից, թե՝ ոչ:

2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցի թուլատրելիությունը որոշվում է այն ձեռք բերելու պահին գործող օրենսդրությամբ, այսինքն՝ ՀՀ 1998թ. քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, մինչդեռ, ըստ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, իր մի գործով ճիշտ հակառակ պատկերն է: Օգոստոսի 18-ին դիմելով վերաքննիչ բողոքով դատարան` պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում) խնդրել էր իր վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ եւ բավարարել, թիվ ՏԴ/0089/01/20 քրեական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. հուլիսի 20-ի դատավճիռը Կարեն Հովհաննիսյանի մասով բեկանել եւ փոփոխել:

Կարեն Հովհաննիսյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ) եւ 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), ճանաչել անմեղ եւ՝ արդարացնել:

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Զ. Զաքինյան) Կարեն Հովհաննիսյանի եւ Արա Քոթանջյանի վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 20-ին կայացրել է դատավճիռ: Ըստ դատավճռի՝ Կարեն Հովհաննիսյանը եւ Արա Քոթանջյանը դատապարտվել են ազատազրկման 8 տարի 6 ամիս ժամկետով: Նրանց պատժի կրման սկիզբը հաշվել է 2019թ. դեկտեմբերի 22-ից:

Դատաքննությամբ, ըստ էության, առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ …ամբաստանյալներ Կարեն Հովհաննիսյանը եւ Արա Քոթանջյանը նախնական համաձայնության են եկել միմյանց հետ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելու եւ այն Հայաստանում ապօրինի իրացնելու համար: Արա Քոթանջյանը եւ Կարեն Հովհաննիսյանը վերջինիս կնոջը պատկանող «Վազ 21130-120» մակնիշի 55 LR 055 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 18.12.2019թ. Երեւանից ուղեւորվել են Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Կ. Հովհաննիսյանը, հիշյալ ավտոմեքենայով, որպես վարորդ, իսկ Ա. Քոթանջյանը մինչ այդ, որպես ուղեւոր, ՀՀ Բագրատաշենի անցակետով հատել են ՀՀ սահմանը՝ դեպի Վրաստան, որտեղից մուտք են գործել ՌԴ-ի տարածք: Նրանք ձեռք են բերել B8 ներհրված դաջվածքով, առանձնապես խոշոր չափերի` 4,128 գրամ, «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 516 հաբ, որոնք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Հայաստան տեղափոխելու նպատակով, թաքցրել են 6 հատ կոնֆետների տուփերի մեջ: 2019թ. դեկտեմբերի 21-ին նրանք հատել են ՀՀ պետական սահմանը, իսկ դեկտեմբերի 21-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են թմրամիջոցի պարունակությամբ 516 հաբերը, որոնք թաքցված են եղել «Լենտիլկի» գրառմամբ կոնֆետների տուփերի մեջ: Նշենք, որ ըստ դատարանում առկա պաշտոնական փաստաթղթերից մեկի` «զննման արձանագրության» զննման ընթացքը տեսանկարահանվել էր բջջային հեռախոսով: Որպես ապացույց գնահատված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության» համաձայն էլ՝ բեռնախցիկից հայտնաբերվել էր պոլիէթիլեն տոպրակով տարբեր տեսակի եւ քանակի քաղցրավենիք: Ըստ Կարեն Հովհաննիսյանի հայտարարության` նշված B8 մակնշմամբ հաբերն իրեն չի պատկանում, իսկ կոնֆետներն էլ գնել է ՌԴ Նեւինամինսկ քաղաքից, Արմավիր քաղաքի ՎՀ-ի Սադսիզոանցակետի DVTY FREE խանութից:

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 31.01.2020թ. թիվ 279 գրության համաձայն՝ Կարեն Հովհաննիսյանը ընկերությունում հաշվառման մեջ չի գտնվում: ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի 03.02.2020թ. թիվ 01-89-448 գրության համաձայն՝ Կարեն Հովհաննիսյանը եւ Արա Քոթանջյանը նշված բժշկական կենտրոնում հաշվառված չեն:

Ըստ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ:

Ըստ դատարանի, երբ նշված գործողությունը տեսագրվել է, տեսանյութում Կարեն Հովհաննիսյանը հայտնում է, որ նշված կոնֆետներն ինքն է գնել Նեւինամինսկի բազարից, բայց դեղահաբերից տեղյակ չէ: Իսկ մաքսային տեսուչի այն հարցին, թե ինչու է դրանք սկոչել, հայտնում է՝ «երեւի իր զավադսկոյ սկոչն է»: Այսինքն` ըստ դատարանի, Կարեն Հովհաննիսյանը չի ժխտել, որ դրանք ինքն է ձեռք բերել եւ մաքսանենգ ճանապարհով անցկացրել ՀՀ սահմանով:

Լիպարիտ Սիոմյանը երեկ «Առավոտին» ասաց. «Առաջին ատյանի դատարանը Կարեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչելով՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, թույլ է տվել դատական սխալ, այն է՝ ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, ճիշտ չի կիրառել ՀՀ միջազգային պայմանագիրը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում: Սույն քրեական գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2022 հուլիսի 1-ից հետո` 2022 թվականի հուլիսի 20-ին: Սույն քրեական գործով դատական քննություն նշանակելու մասին դատարանի որոշումը կայացվել է մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը, ուստի վարույթը պետք է իրականացվի ՀՀ 1998թ. քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Համաձայն ՀՀ 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ»: Իսկ համաձայն նույն օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի (09.06.2022թ. ՀՕ-241-Ն օրենքի խմբագրությամբ)՝ «Այն քրեական գործերը, որոնցով մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում եւ լուծվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: Նույն օրենսգրքի 8-րդ մասի (09.06.2022թ. ՀՕ-241-Ն օրենքի խմբագրությամբ) համաձայն՝ Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները բերվում եւ քննվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստացված ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ձեռքբերման ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան»:

Ըստ բողոքի, մաքսային «զննման» է ենթարկվել Կարեն Հովհաննիսյանի կողմից վարած «ՎԱԶ 21130-120» մակնիշի 55 LR 055 ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող իրերը. «Ակնհայտ է, որ փաստացի ոչ թե տեղի է ունեցել ավտոմեքենայի զննություն, այլ տեղի է ունեցել ավտոմեքենայի խուզարկություն»: Պաշտպանական կողմի համաձայն, հետազոտված տեսանյութը նույնպես վկայում է, որ տեղի է ունեցել Կարեն Հովհաննիսյանի կողմից վարած ավտոմեքենայի խուզարկություն եւ ոչ թե՝ զննություն:

Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տվյալ ավտոմեքենան, որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա, օրենքի ուժով հանդիսանում է նաեւ Կարեն Հովհաննիսյանի ավտոմեքենան:

Նշենք, որ 1998թ.-ի խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ, իսկ այս գործով առկա չէ Կարենի վարած ավտոմեքենայի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշում:

Բացի այդ` 1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածը դեպքի վայրի զննությունը դասում է այն քննչական գործողությունների շարքին, որոնք հնարավոր է կատարել մինչեւ քրեական գործ հարուցելը, մինչդեռ նույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված զննումը կարելի է կատարել միայն արդեն իսկ հարուցված քրեական գործով: Հետեւաբար, ստացվում է, որ մինչեւ քրեական գործ հարուցելը բնակարանի՝ ավտոմեքենայի զննությունը թույլատրվում է, եթե բնակարանը համարվում է դեպքի վայր, սակայն նշվածն ամենեւին չի կարող հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորման չեզոքացմանը:

Հետեւաբար, բողոքաբեր կողմի պնդմամբ, Կ.Հովհաննիսյանի կողմից շահագործվող մեքենայից հայտնաբերված իրերը չեն կարող դիտարկվել որպես պատշաճ ապացույցներ եւ դրվել ամբաստանյալի նկատմամբ կայացված դատավճռի հիմքում, իսկ այդ գործողության արդյունքում ձեռքբերված եւ ստացված հետագա բոլոր ապացույցները պետք է համարվեին անթույլատրելի ապացույցներ։
Բողոքաբեր կողմն անդրադարձել էր ընթերականերին, որոնք զննությանը կամ խուզարկությանը չեն մասնակցել, նրանց մասնակցության վերաբերյալ տվյալները մաքսային աշխատակիցների կողմից առերեւույթ կեղծվել են, հետեւապես, ստեղծվել են կեղծ փաստաթղթեր, որոնք էլ հետագայում դրվել են Կարեն Հովհաննիսյանի եւ Արա Քոթանջյանի մեղադրանքի հիմքում:

Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ ավտոմեքենայի զննությունը կատարվել է Կարեն Հովհաննիսյանի ներկայությամբ, նույնես չի համապատասխանում իրականությանը, այն կատարվել է Կարեն Հովհաննիսյանի բացակայությամբ, որը հաստատվում է ինչպես տեսանյութով, այնպես էլ Կարեն Հովհաննիսյանի՝ դատարանում տված ցուցմունքով այն մասին, որ մեքենայի զննությանը կամ խուզարկությանը ինքը ներկա չի գտնվել, այլ իրեն անձնական զննության ենթարկելուց հետո, երբ կանչել են մեքենայի մոտ, մեքենայի միջի ապրանքները արդեն եղել են գետնին, իսկ մեքենան ամբողջությամբ քանդված վիճակում է եղել: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաեւ Արա Քոթանջյանը:

Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի դատավճռում նշված այն պատճառաբանությանը, թե. «Մասնավորապես՝ 2019թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին, նրանց ներկայությամբ կազմվել է մաքսային զննման ակտ, որով արձանագրվել է, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով տարբեր տեսակի եւ քանակի քաղցրավենիքներ, որոնց մեջ եղել են նաեւ 6 տուփ «Լենտիլկի» գրառմամբ կոնֆետներ: Դրանք բացելուց հետո պարզվել է, որ կոնֆետների հետ միախառնված առկա են նաեւ օվալաձեւ սպիտակ գույնի լատինատառ B8 մակնշմամբ 516 հատ հաբեր: Նշված գործողությունը տեսագրվել է: Տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Կարեն Հովհաննիսյանը հայտնում է, որ նշված կոնֆետները ինքն է գնել Նեւինամինսկի բազարից, բայց դեղահաբերից տեղյակ չէ: Իսկ մաքսային տեսուչի այն հարցին, թե ինչու է դրանք սկոչել, հայտնում է, որ երեւի իր զավադսկոյ սկոչն է, ապա հարկ է նշել հետեւյալը: Նախ, Կարեն Հովհաննիսյանը տեսանյութում չի ասել, որ «B8» գրությամբ հաբեր պարունակող տուփով կոնֆետները գնել է նշված վայրերից, այլ Կարեն Հովհաննիսյանը ասել է, որ ցելաֆոնե փաթեթներում գտնվող կոնֆետներն է գնել, իսկ ինչ վերաբերում է հաբեր պարունակող կոնֆետների տուփին, ապա դրանց մասին Կարեն Հովհաննիսյանը ասել է, որ դրանցից տեղյակ չէ»:
Արձանագրության տակ, որը վերաբերում է Կարեն Հովհաննիսյանի կողմից կատարված ենթադրյալ հայտարարությանը, Կարեն Հովհաննիսյանի ստորագրությունը բացակայում է, իսկ արձանագրության վերջում առկա է Կարեն Հովհաննիսյանի հայտարարությունը՝ «հրաժարվում եմ պատասխանել որեւէ հարցի»:

Պաշտպանական կողմն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երբ մաքսային տեսուչները ստացել են ենթադրյալ թմրամիջոցների շրջանառության մասին օպերատիվ տվյալը եւ այն իրացնելու նպատակով զննել կամ խուզարկել են Կարեն Հովհաննիսյանի ավտոմեքենան, ապա այդ պահից սկսած, «հայտնաբերման» պահից, Կարեն Հովհաննիսյանը հայտնվել է փաստացի կասկածյալի կարգավիճակում, սակայն նրան չի բացատրվել կասկածյալի իրավունքները, լռելու եւ այդ պահից սկսած պաշտպան ունենալու իրավունքը, ու ստացվում է, որ ապացույցները, այդ թվում Կարեն Հովհաննիսյանին վերագրված հայտարարությունները ձեռք են բերվել Հովհաննիսյանի պաշտպանական իրավունքների խախտմամբ, հետեւաբար, չէին կարող դրվել նրա մեղադրանքի հիմքում: Վերաքննիչ բողոքի քննության օրը դեռ նշանակված չէ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930