Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի մասնակից սպիտակ բանակի մարտիկը՝ ինքնակրթության ու ազնվության մասին

Սեպտեմբեր 03,2022 12:00

Ռոմանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ սպիտակ բանակի մարտիկների շարքում կրակի տակից անընդհատ վիրավորներ էր տեղափոխում: Ինքն իր համար պարտադիր պահանջ էր դրել՝ օպերատիվ կերպով վիրավորներին մարտադաշտից դուրս բերել՝ անգամ վտանգելով սեփական կյանքը, կարեւորը՝ ոչ մի վայրկյան չկորցնելն էր: Հերթական վիրավորներին տեղափոխելիս անօդաչու թռչող սարքը բաժին հասավ Ռոմանին եւ նա ազդոսկրի բազմաբեկոր վնասվածք ստացավ: Ռոմանն իր կամքը վճռականություն դարձրեց, հաղթահարեց այդ փորձությունը եւ կրկին իր երդմանը հավատարիմ կանգնեց մարդկանց կողքին:

«Մեծ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ պետք է մոտենալ մասնագիտական պարտականություններին: Եթե բժիշկ ես՝ ուրեմն պետք է անես հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, որ առաքելությանդ մեջ հաստատուն մնաս, ոչինչ չխնայես, գործես, անընդհատ գործես՝ տարբեր վեկտորներով, որպեսզի հասնես արդյունքի»,-ասում է Ռոմանը, ավելացնելով, որ բժիշկը նաեւ իր վերաբերմունքով եւ ուշադրությամբ է բուժում, գոտեպնդում ու հուսադրում հիվանդին։

Անվիճարկելի է, որ բժշկի աշխատանքը սխրանք է, ինքնանվիրում, հայրենասիրություն: Ռոմանը չի սիրում խոսել պատերազմի մասին. ընկերներին է հիշում, պատերազմական կորուստներով լի օրերն են հայտնվում աչքի առաջ: Բայց մի բան է հասկացել՝ պետք է վերարժեւորել ամեն ապրած օրդ, վայրկյանդ, որովհետեւ կյանքն ապրելու, ճի՛շտ ապրելու համար է: «Երբ հայրենիքդ հեղհեղուկ խաղաղության մեջ է ապրում, փորձում ես ամեն ինչ անել՝ նեցուկ լինել, միշտ նրա կողքին կանգնել եւ որ ամենակարեւորն է՝ շենացնել՝ ապրելով»,-ասում է մեր զրուցակիցը:

Ռոմանն ընտրել է ազնվության ու աշխատասիրության ճանապարհը: Ասում է՝ ինքդ քո հանդեպ ազնիվ լինելը նույնպես կարեւոր է: Մասնագիտական գիտելիքները լրացնում է նաեւ ինքնակրթությամբ: «Ինքնակրթությունը առաջընթացի լավագույն նախապայմաններից է եւ բժշկությունն էլ լինելով աշխարհում դինամիկ զարգացող ճյուղ, միշտ նորություններ է ունենում, որոնց անպայման ուշադրություն եմ դարձնում, ուսումնասիրում եմ»,-ասում է Ռոման Օհանյանը:

Մարդկային հարաբերություններում Ռոմանը կարեւորում է փոխադարձ հարգանքն ու նվիրվածությունը, հավատարմությունը: Նա չի դավաճանում իր մարդկային սկզբունքները եւ կյանքի ամեն ակնթարթ փորձում է ապրել սիրով, երջանկությամբ:

Այսօրվա երիտասարդությանը մի հորդոր ունի՝ ապրել ու արարել միայն հայրենիքում, հմտանալ մասնագիտության մեջ ու շենացնել մի բուռ հայրենին, որից թանկ ոչինչ չունի հայ մարդը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930