Նիհարեցնող վիրահատությունը, կամ մասնագիտական լեզվով ասած՝ բարիատրիկ վիրահատությունը բավականին տարածված է։ Այս վիրահատության միջոցով ոչ միայն քաշն է նվազում, նաեւ ճարպակալման խնդիրներն է լուծվում կամ պարզապես մարդու վիճակն է թեթեւացվում։
Աշխարհում տարեկան մոտ 580 հազար մարդ ենթարկվում է բարիատրիկ վիրահատության:
Հայաստանում էլ այս վիրահատությունը մեծ պահանջարկ ունի։
Ինչ ռիսկեր, օգուտներ կամ ցուցումներ կան այս բարիատրիկ վիրահատության դեպքում, պարզաբանում է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ Հակոբ Շմավոնյանը։
– «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կատարվո՞ւմ են բարիատրիկ վիրահատություններ: Ինչպե՞ս եք պարզում՝ նիհարեցնող վիրահատության կարիք կա, թե ոչ: Եթե մարմնի զանգվածի ինդեքսը որոշելուց հետո պարզվում է, որ վիրահատության կարիք չկա, սակայն պացիենտը պնդում է հակառակը, ի՞նչ եք անում, եւ արդյոք լինո՞ւմ են նման դեպքեր:
– Այո, մեր համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայում՝ կլինիկայի ղեկավար պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանի գլխավորությամբ եւ այդ մեթոդին տիրապետող վիրաբույժներն են կատարում բարիատրիկ վիրահատություններ:
Կարդացեք նաև
Վիրահատության անհրաժեշտությունը պարզում ենք մարմնի զանգվածի ինդեքսով, որի միջոցով ակնհայտ է դառնում՝ հիվանդն ունի՞ ավելի քաշ, թե՝ ոչ եւ ի՞նչ աստիճանի է ճարպակալումը: Իսկ ինդեքսը որոշվում է քաշի եւ հասակի քառակուսու հարաբերակցությամբ: Եթե մարմնի քաշի ինդեքսը բարձր է 45-ից, դա ամենածանր վիճակն է, այս պարագայում տվյալ անձը գրեթե միշտ ունենում է ուղեկցող հիվանդություններ: Հայաստանում վիրահատությունների համար դիմում են հիմնականում 1-ին եւ 2-րդ աստիճանի (մարմնի քաշի ինդեքսը 30-40 սահմաններում) ճարպակալում ունեցող հիվանդները:
Աշխարհում վերջին տարիներին դիտվում է հետեւյալ միտումը՝ անձը չունի ճարպակալում, բայց դիմում է բարիատրիկ վիրահատության համար եւ պնդում է, պատճառաբանում, որ ուզում է պայքարել ավելցուկային քաշի դեմ, երբ մարմնի քաշի ինդեքսը 25-30 սահմաններում է:
Ավելցուկային քաշի դեմ պայքարելու մյուս մեթոդները՝ աշխատանքը հոգեբանի, դիետոլոգի հետ, ֆիզիկական ակտիվության ավելացումը այս անձանց համար դժվար են կամ անընդունելի, նրանց պատճառաբանմամբ բերում են կյանքի որակի վատացման:
Հանուն արդարության պետք է նշենք, որ այս միտումն այն աստիճանի է զարգացել, որ որոշ վիրաբուժական ուղեցույցների մեջ նշված է, որ անձի ցանկությունը կարող է հիմք հանդիսանալ բարիատրիկ վիրահատության իրականացման համար, եթե կա ավելցուկային քաշ եւ չկան բացարձակ հակացուցումներ:
– Նիհարեցնող միջամտությունների մի քանի տեսակներ կան՝ ստամոքսի բանդաժավորում, թեւքային գաստրոպլաստիկա, ստամոքսի շունտավորում, բիլիոպանկրեատիկ շունտավորում 12-մատնյա աղու անջատումով եւ այլն. կասե՞ք տարբերությունները, ի՞նչ ցուցումներ եւ հակացուցումներ ունեն, ինչպե՞ս եք ընտրում՝ որն իրականացնել:
– Իրականում վիրահատությունները բազմաթիվ են. կան այնպիսի վիրահատություններ, որոնք կիրառություն ունեն այսօր, եւ կան այնպիսիք, որոնք այսօր չեն կիրառվում: Երկու հիմնական խմբեր կան՝ առաջինը ռեստրիկտիվ վիրահատություններն են, երբ փոքրացնում ենք ստամոքսի ծավալը, եւ մյուսը՝ շունտավորող վիրահատությունները, երբ կարճացնում ենք սննդի անցման ճանապարհը բարակ աղիներով, դրանով իսկ նվազեցնում ընդունված սննդի ներծծման չափը:
Ներկայումս Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ամենատարածվածը ստամոքսը փոքրացնող վիրահատություններն են, կամ ինչպես բժշկական աշխարհում են ասում, թեւքային կամ «սլիվ մասնահատումները»: «Սլիվ» նշանակում է թեւք, հեռացվում է ստամոքսի 75-80 տոկոսը եւ նրանից ձեւավորվում է նեղ խողովակ: Սա աշխարհում հաճախ կիրառվող բարիատրիկ վիրահատություններից մեկն է:
Անհրաժեշտ եմ համարում կարճ անդրադառնալ նաեւ վիրահատությունների պատմությանը։ Ստամոքսի շունտավորումը բաց վիրահատության ձեւով կիրառվել է 1960-ական թվականներից: Հետագայում լապարասկոպիկ մեթոդով ստամոքսը շունտավորող վիրահատության դժվարության պատճառով առաջարկվել էր, որպես առաջին փուլ, անել ստամոքսի փոքրացում: Եվ երբ սկսել էին դա անել, տեսել էին, որ ունի բավականին լավ արդյունք, այդպես կիրառության մեջ մտավ ստամոքսը փոքրացնող վիրահատությունը: Հետագայում առաջարկվեցին ստամոքսի ծավալը փոքրացնող կարգավորվող բանդաժները, ներկայումս այս վերջին մեթոդը չի կիրառվում եւ հիմա ամբողջ աշխարհում հեռացնում են նախկինում դրված բանդաժները:
Ստամոքսի ծավալը փոքրացնող վիրահատությունը, ի տարբերություն շունտավորող վիրահատությունների, տեխնիկապես ավելի հեշտ է, կարճ է տեւողությունը, բարդությունների տոկոսն ավելի քիչ է, այդ պատճառով այն ավելի հաճախ է կիրառվում: Բայց վիրահատության տեսակի ընտրության հարցը պետք է որոշել հիվանդին լսելուց հետո, կարեւոր է՝ ի՞նչ է ասում եւ ի՞նչ է ուզում հիվանդը, նիհարելու պրոցեսը պետք է լինի մաքսիմալ կոմֆորտ հիվանդի համար, վիրահատությունից հետո հիվանդի կյանքի որակը չպետք է տուժի: Այս առումով կարեւոր է հաշվի առնել եւս մեկ հանգամանք՝ ստամոքսի շունտավորման կամ բիլիոպանկրեատիկ շունտավորման դեպքում վիրահատվածը պետք է խմի միկրոէլեմենտներ, վիտամիններ, սննդային հավելումներ օրգանիզմի նորմալ գործունեությունն ապահովելու համար, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում:
Մյուս կարեւոր հանգամանքը՝ շունտավորումից հետո առաջանում է դիառեա՝ լուծ, ինչը նույնպես վատացնում է կյանքի որակը: Անպայման պետք է նշել, որ շունտավորող վիրահատությունը դառնալի վիրահատություն է, որոշ ժամանակ հետո կարող են դիմել եւ վերադառնալ հին մարսողությանը, մինչդեռ «սլիվ» վիրահատությունները անդառնալի են. հեռացվում է ստամոքսի 75 տոկոսը, որը հետ դնել եւ կարել հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է ցուցումներին եւ հակացուցումներին, ապա ցուցումը ճարպակալումն է եւ երկրորդ կարգի շաքարային դիաբետը: Հետազոտությունները ցույց են տվել, որ «սլիվ» մասնահատումն ավելի քիչ դրական ազդեցություն ունի շաքարային դիաբետի կոռեկցիայի վրա, քան շունտավորող վիրահատությունները։ Պետք է հաշվի առնել՝ հիվանդն ունի՞ դիաբետ, թե՞ ոչ, եւ ի՞նչ քաշի խնդիր կա։ Կարելի է առաջին փուլով անել ստամոքսը փոքրացնող վիրահատություն, հետո նոր՝ շունտավորող, թեեւ հիվանդների մեծ մասը ճիշտ կենսակերպի արդյունքում հասնում է այնպիսի արդյունքների, որ շունտավորման կարիք չի լինում:
Հակացուցումներն ուռուցքային ախտահարումներն են, սրտանոթային, շնչառական, արտազատական, նյարդային համակարգերի գործունեության ծանր խանգարումները: Կան կերակրափողի հետ կապված հարաբերական հակացուցումներ: Օրինակ՝ եթե մինչեւ վիրահատությունը հիվանդն ունի կերակրափողի լորձաթաղանթի բորբոքում, վերափոխում, այսպես կոչված՝ «Բարրետի կերակրափող», ապա վիրահատությունը հակացուցված է: Մեր հիվանդանոցում իրականացնում ենք հիմնականում թեւքային կամ «սլիվ» մասնահատումներ:
– Ովքե՞ր են դիմում նիհարեցնող վիրահատությունների, սեռատարիքային կազմն ինչպիսի՞ն է, արդյոք տարիքային ցուցումներ կա՞ն:
– Վիրահատում ենք 18 տարին լրացած այն բոլոր անձանց, ովքեր ունեն ճարպակալում, անպայման ուշադրություն ենք դարձնում ուղեկցող հիվանդություններին։ Մեր կլինիկա հիմնականում դիմում են միջին տարիքի կանայք:
– Ինչպե՞ս են պատրաստվում այս վիրահատությանը, օրինակ՝ ի՞նչ հետազոտություններ են անցնում: Ի՞նչ բարդություններ կարող են լինել հետվիրահատական շրջանում, ի՞նչ ռիսկեր է պարունակում այս վիրահատությունը: Քանի՞ օր է տեւում հետազոտման եւ բուժման ամբողջ ընթացքը:
– Հիվանդները հետազոտվում են ըստ սխեմայի, պարտադիր հետազոտություններից են լաբորատոր անալիզները, գաստրասկոպիան, որովայնի սոնոգրաֆիան, սրտի հետազոտությունը, կրծքավանդակի ռենտգենը: Հետազոտությունները, նախավիրահատական նախապատրաստությունը տեւում են 1-2 օր, հետվիրահատական շրջանը սովորաբար տեւում է 2-3 օր:
Ռիսկերը կարելի է երկու խմբերի բաժանել՝ ռիսկեր, որոնք կապված են վիրահատության եւ անեսթեզիայի հետ. դրանք բոլոր վիրահատությունների համար ընդհանուր են, ու կոնկրետ վիրահատության հետ կապված սպեցիֆիկ բարդություններ: Ամենահաճախ հանդիպողը ստամոքս-կերակրափողային ռեֆլյուկս հիվանդությունն է, այս դեպքում ցուցված է հատուկ բուժում: Մյուս բարդությունը հետվիրահատական արյունահոսությունն է, որը կարող է լինել ինչպես դեպի ստամոքսի, այնպես էլ որովայնի խոռոչ: Հաջորդ բարդությունը ստամոքսի կարի անբավարարությունն է: Այս եւ այլ բարդությունները փոքր տոկոս են կազմում ընդհանուր քանակի մեջ, բայց հիվանդը պետք է իմանա այս մասին մինչ վիրահատությունը:
– Ի՞նչ առավելություններ ունի այս վիրահատությունը, արդյոք վիրահատվողն այլեւս չի՞ գիրանա: Խնդրում եմ, անդրադարձեք հետվիրահատական ճիշտ կենսակերպի եւ սննդակարգի խնդրին։
– Վիրահատության հիմնական նպատակը հիվանդներին քաշը նվազեցնելու հնարավորություն տալն է: Պետք է նշել, որ հիվանդների մոտ քաշի պակասեցումը դինամիկ գործընթաց է, ստամոքսը փոքրացնող վիրահատությունը չի ենթադրում, որ սննդակարգին չհետեւելու դեպքում հիվանդները կհասնեն իրենց ցանկալի արդյունքին։ Օրինակ՝ ստամոքսը փոքրացնում ենք, ընկճում ենք ախորժակը, բայց եթե խմեն մեծ քանակությամբ հեղուկ ածխաջրեր, ապա դրանք կներծծվեն եւ կվերածվեն ճարպերի, պարզ է, որ լինելու է քաշի ավելացում, նման դեպքում դիմում են արդեն մարսողական համակարգը շունտավորող վիրահատությունների, բայց ես խորհուրդ չեմ տալիս հասնել դրան: Պետք է հետեւել սննդակարգին, չգիրանալ, հետվիրահատական ճիշտ սննդակարգի եւ կենսակերպի շնորհիվ հիվանդները կորցնում են քաշ, օրինակ՝ պետք է բացարձակ չօգտագործել արագ ներծծվող ածխաջրեր, սնունդը պետք է լինի բալանսավորված եւ սպիտակուցային։
Հետվիրահատական շրջանում կարելի է եւ լավ կլինի հաճախել մարզասրահ: Մենք խորհուրդ ենք տալիս ակտիվ կենսակերպ, զբաղվել սպորտով, սնվել առողջ, բայց դա խորհուրդ ենք տալիս բոլորին:
– Ամբողջ աշխարհում սա բավականին թանկ վիրահատություն է։ Եվրոպական երկրներում թեւքային գաստրոպլաստիկան արժե 15 հազար եվրո, ԱՄՆ-ում՝ 20 հազար դոլար, ի՞նչ արժե այս վիրահատությունը մեր երկրում:
– Մեզ մոտ բարիատրիկ վիրահատությունների ընդհանուր արժեքը տատանվում է միջինը 1-1,2 մլն դրամի սահմաններում: Ծախսի զգալի մասը կազմում են կարող ապարատը եւ նրա պարագաները: Վիրահատությունները, ինչպես մեր երկրում, այնպես էլ մյուս երկրներում, իրականացվում են նույն ապարատների միջոցով, դա գնի հետ կապ չունի, մենք օգտագործում ենք լապարասկոպիայի Olympus4K սարք, որը լավագույններից մեկն է աշխարհում: Նշեմ նաեւ, որ մեր կլինիկայում բարիատրիկ վիրահատություններ տարած հիվանդների հետ պահպանում ենք կապ, պարբերաբար հետազոտում ենք, ունենք գերազանց եւ լավ արդյունքներ: Մեզ դիմում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ:
Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.09.2022