Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա պետք է անենք ճնշումով, պարտադրանքի միջոցով». Իշխան Սաղաթելյանը ներկայացնում է իմպիչմենտի գործընթացը՝ պետք են 3 օրով տասնյակ հազարավոր քաղաքացիներ

Սեպտեմբեր 02,2022 23:13

Այսօր՝ Արցախի Անկախության օրը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է խորհրդարանով հեռացնեն իշխանությանը. Կա երկու ճանապարհ՝ հրաժարական եւ պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով: Հաջողության կարող են հասնել համաժողովրդական լայն ճնշման ու պարտադրանքի միջոցով. «ԱԺ-ում պաշտոնանկություն անելու համար անհրաժեշտ է նախ պատգամավորների 1/3-ի քվեն, որպեսզի գործընթացը մտնի պաշտոնական շրջանառության մեջ: Խորհրդարանում կա 107 պատգամավոր, դրա մեկ երրորդը՝ 36 պատգամավոր: Այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար ունեն 35 պատգամավոր. Մի հոգի, որ դուրս է եկել, ես չգիտեմ՝ կստորագրի՞, թե՞ չէ: Խորհրդարանի միջոցով պաշտոնանկությունն անելու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ստորագրություն եւ քվեարկություն:

Պաշտոնանկության համար անհրաժեշտ է սահմանադրությամբ նախատեսված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր եւ վարչապետի թեկնածու: Իրավաքաղաքական հիմքերը ակնհայտ են: Ցանկացած նորմալ երկրում այն հիմքերը, որ կան, բավարար էին՝ անմիջապես իմպիչմենտ անելու համար, բայց քանի որ մենք գործ ունենք հայրենադավ իշխանության խմբակի հետ, այն ակնկալիքը, որ կհամոզենք, կանեն՝ դա չի լինելու: Դա պետք է անենք ճնշումով, պարտադրանքի միջոցով»:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ երկրորդ հանգամանքին՝ վարչապետի թեկնածուին եւ ասաց, որ երբ պաշտոնանկության գործընթացը սկսելու ժամկետները հստակեցվեն, վարչապետի թեկնածուին կորոշեն ժողովրդի հետ. «Այդ գործընթացը ուշ լինի՝ վատ է, շուտ լինի ու եթե պատրաստ չլինենք՝ անարդյունավետ է: Պետք է գործընթացը սկսել մաքսիմալ շուտ, բայց ճիշտ ժամանակին: Երբ որ մենք 36 ստորագրությունն ապահովենք, այդ գործընթացը մեկնարկի, գործընթացը տեւելու է 48-ից, 72 ժամ: Մեզ անհրաժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ 24 ժամյա ռեժիմով՝ ընդամենը 72 ժամ: Որ օրը մենք ներկայացրեցինք գործընթացը, այդ 3 օրվա ընթացքում մեզ պետք են տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ»:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ եթե իմպիչմենտը չստացվի 3 օրում, 6 ամիս կզրկվեն այդ հնարավորությունից, ուստի պետք է այնպես հաշվարկեն գործընթացը, որ այն ավարտվի հաղթանակով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930