Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն․ ուղերձ Ստեփանակերտից

Սեպտեմբեր 02,2022 22:45

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հղված կոչ-ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայր Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող քույրեր ու եղբայրներ,

Այսօր` 2022թ. սեպտեմբերի 2-ին, մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատվածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատվածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածված գործողություններից է կախված պետության ու պետականության ապագան:

Երեսունմեկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նույն հրապարակում մեր հազարավոր հայրենակիցներ «Միացում», «ազատություն» և «անկախություն» էին վանկարկում` հորդորելով արտահերթ նստաշրջանի հավաքված նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպես հիմա. ազատության համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում քանդվող տերությունների փլատակների տակ:

Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ազգաբնակչության ցանկությանն ու կամքին՝ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետությունը: Պատմական այդ որոշմանը հաջորդեցին միջազգային իրավունքի սկզբունքներին և դեռևս գործող միութենական պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ու քաղաքական գործողությունները՝ համաժողովրդական հանրաքվեն և ինքնիշխան պետության օրինական իշխանությունների ընտրությունները:

Անկախ պետության հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացվեց 1988թ. փետրվարին արցախահայության կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ, որն արտահայտվել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիավորելու գաղափարախոսությամբ:

Ինքնիշխանության հաստատման ուղին ծանր էր ու հագեցած բազմաթիվ բարդություններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկված զանգվածային ջարդերի, բռնաճնշումների և էթնիկ զտումների քաղաքականությունը շուտով վերաճեց բացահայտ ռազմական գործողությունների՝ հայկական Արցախի դեմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչությունը՝ Հայաստանից ու Սփյուռքից օգնության հասած բազմաթիվ հայրենակիցների հետ մեկտեղ:

Արցախի շուրջ օրեցօր սեղմվող օղակը ճեղքելու և հումանիտար աղետից խուսափելու նպատակով և ուժերի մեծագույն լարումով հաջողվեց 1992թ. մայիսին ազատագրել հայոց բերադաքաղաք Շուշին, դեպի Սյունիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային հուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ: Ազատության ու անկախության համար պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռանը հռչակված Արցախի անկախ հանրապետության տարածքի գրեթե կեսը օկուպացված էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մեծ մասը:

Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում հայությունն իր մեջ ուժ գտավ համախմբվելու և կերտելու ապագա հաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թույլ տվեց ամուր հիմքերի վրա դնել երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերը, որի շնորհիվ 1994թ. մայիսին թշնամին պարտադրված էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձևավորված իրավիճակը:

Ռազմի դաշտում գրանցած հաջողություններին զուգահեռ ակտիվացավ նաև 1992թ. գարնանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով մեկնարկած և Մինսկի խմբի ձևաչափում կենտրոնացվող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացավ 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտող կողմի արձանագրումը:

Հետպատերազմյան տարիներին Արցախի Հանրապետությունը, հաղթահարելով բազմաթիվ նոր դժվարություններ, ձեռնամուխ եղավ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից իրավական ու ժողովրդավարական պետության կառուցմանը, և այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Սահմանադրությունը:

Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստորեն հետևում էր ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ և բացահայտ պատրաստվում էր նոր պատերազմի: Ցավոք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպություններին և կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարներին սպասված արդյունքներ չունեցան, և հակառակորդը, օգտվելով թողտվությունից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին:

Այդ ամենի կիզակետը պետք է համարել 2016թ. քառօրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտվելով միջազգային կառույցների ոչ հասցեական արձագանքներից, դիմեց հերթական արկածախնդրությանը: Այդ նույն օրերին աշխարհասփյուռ հայությունը աննախադեպ աջակցության օրինակ և Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամություն ցույց տվեց և, հավանաբարար, հենց այդ գործոնները հուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ քաշվել և ապագա ագրեսիվ ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած հերթական լայնամասշտաբ պատերազմը ծանր ու աղետաբեր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար: Օգտվելով մեր սխալներից և վերջին տարիներին իր կուտակած սպառազինությունների առավելություններից՝ թշնամուն հաջողվեց ոչ միայն լրջորեն վնասել մեր անվտանգային ու պաշտպանական համակարգը, այլև զգալի մարդկային ու տարածքային կորուստներ պատճառել մեզ՝ տիրանալով հայկական Շուշիին, Հադրութի ողջ շրջանին և պատմական Արցախի այլ ավանդական բնակավայրերի: Հազարավոր մեր հայրենակիցներ հայրենազրկվել և ունեզրկվել են՝ ստիպված լինելով ապաստան գտնել Արցախի և Մայր Հայաստանի առավել անվտանգ բնակավայրերում: Այն հանգամանքը, որ մեր երկրամասում ծրագրված հերթական ցեղասպանությունը կանխվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական միջամտությամբ ու Խաղաղապահ ուժերի Արցախ մուտք գործելով, որևէ կասկած չի կարող հարուցել: Միաժամանակ, մենք համոզված ենք, որ Արցախի անվտանգության ապահովման համար կարևորագույն բաղադրիչ է մեր սեփական պաշտպանական համակարգի կատարելագործումը:

Հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, որոնք վտանգում են մեր ազգային ինքնությունն ու հայկական պետականության ապագան:

Եվ որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ համակած պարտվողական տրամադրությունները և վերագտնել 1988 և 1991 թվականների ՀԱՅ-ի նպատակասլաց տեսակը, ինչպես նաև համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ նախաձեռնել ստեղծված իրավիճակը փոխելու համար, խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք ազգովի համախմբվենք միասնական հայկական օրակարգի շուրջ:

Իսկ դա նշանակում է.

Հենց այսօր, պատմական 1991թ. սեպտեմբերյան օրերից 31 տարի անց, արտահայտելով ողջ արցախահայության տեսակետն ու կամքը, այս նույն հարթակից մենք հայտարարում ենք, որ մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը մայր հայրենիքին միավորելու գաղափարը, չի փոխվել և, որ շատ կարևոր է` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այդ ռազմավարական նպատակին մոտեցնող անհրաժեշտ քայլերից մեկն է:
Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող ցանկացած կարգավիճակ, և ինքնիշխան պետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության անհրաժեշտ նախապայմանն է:
Արցախի ապագայի շուրջ բոլոր ներկա և գալիք բանակցողները պարտավոր են հիմք ընդունել վերոնշյալ արձանագրումները և զգուշանալ այն կարմիր գծերից, որոնք նշվել են Արցախի Ազգային ժողովի ս. թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ: Մենք պահանջում ենք առաջնորդվել միմիայն հնչեցված օրակարգի դրույթներով:
Միջազգային իրավասու կառույցներից և, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենաբարձր մակարդակով իրենց ստանձնած մանդատին և առաջնորդվել Մինսկի խմբի շրջանակներում ընդունված սկզբունքներով:
Համայն հայությանը, մեր քույրերին ու եղբայրներին կոչ ենք անում շարունակել ապրել Արցախով, բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել Արցախի վերականգնմանը և Արցախին վերաբերվել որպես համազգային ձեռքբերում ու հպարտություն:
Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն:

Արցախը շարունակելու է պայքարը, և մենք դեռ տոնելու ենք նոր հաղթանակներ»:

ք. Ստեփանակերտ

02 սեպտեմբերի, 2022թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930