Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պայքարը հաճախ դիտարկվել է՝ իբրեւ պայքար իշխանության համար, նախկինների վերադարձ». Իշխան Սաղաթելյանը՝ իրենց սխալների ու «Հայաստանը Նիկոլից հետո» ծրագրի մասին

Սեպտեմբեր 02,2022 22:55

«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ այն մյուս մասը փրկենք, գլուխները պատին են տալիս: Մենք մի մասը զիջելով՝ կորցնելու ենք նաեւ ՀՀ-ն ու մեր պետականությունը: Դրա համար այսօր ես ասում եմ, որ Հայաստանը Արցախ է եւ վե՛րջ»,- այսօր՝ Արցախի Անկախության օրը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը:

Նա ասաց, որ պետք է բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը ու Արցախ-Հայաստան ցամաքային հուսալի կապ պետք է լինի, նաեւ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը: Հայաստանը իր զինված ուժերով պետք է ստեղծի միասնական անվտանգության համակարգ, որ հնարավոր լինի կանխել Արցախի հայաթափումը. «Չկա այսօր որեւէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի շահերը: Միակ սուբյեկտը, միակ օջախը՝ իր թույլ ու ուժեղ կողմերով, բոլոր թերություններով հանդերձ՝ Դիմադրության շարժումն է ու այս հրապարակը: Ու բոլոր նրանք, ովքեր փորձում են պառակտել շարժումը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»:

Նա դիմեց ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանին, Հակակոռուպցիոն ծառայության պետ Սասուն խաչատրյանին ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասելով, որ նրանք Փաշինյանի իշխանության միակ պահապանն են ու պատասխանատվություն են կրում հայրենիքի կորուստների համար ու նրանք են, ովքեր ճնշում են Դիմադրության շարժման անդամներին՝ պահելով այս իշխանությունը. «Մեկ անգամ եւս կոչ եմ անում՝ ամո՛թ է, վերջ տվեք ձեր ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին: Ամոթ է, երբ մարդիկ ասում են՝ ձեր համակարգում այսինչ քննիչը, այսինչ դատավորը Նիկոլի զոմբին է, ով պատրաստ է ցանկացած ապօրինի հրահանգի: Վերջ տվեք, խելքի եկեք, հետո չասեք՝ մենք ի՞նչ էինք անում, մեր գործն էինք անում: Ձեր գործն է ծառայել ՀՀ-ին»:

Իշխան Սաղաթելյանը խոսեց նաեւ Դիմադրության շարժումը քննադատողների մասին, որոնք ասում են՝ հանրահավաքի ի՞նչ գնանք, գործողություն չկա: Նա դիմեց ժողովրդին. «Երբ որ դուք գործողության էիք գնում, շենքեր էիք շրջափակում, փողոցներ էիք փակում, երբ որ ձեր վրա կրակում էին, դրանք էլի կոմպյուտերների դիմաց նստած ստատուսներ էին գրում: Խոսքս ուղղորդված այն անհատների մասին է, ովքեր փորձում են ձեզ հիասթափեցնել: Մենք գնում ենք առաջ ու գիտենք ինչի համար…Մեր գլխավոր բացթողումներից մեկը եղել է այն, որ մենք մեր հանրությանը չենք կարողացել բացատրել մեր երկրին սպառնացող վտանգները:

Մեր պայքարը հաճախ դիտարկվել է՝ իբրեւ պայքար իշխանության համար, նախկինների վերադարձ, պայքար՝ հանուն իշխանության ինչ-որ բանի: Չենք կարողացել հանրության լայն զանգվածների ներկայացնել այն վտանգները, որոնք սպառնում են մեր ժողովրդին, որովհետեւ իշխանությունը մարդկանց կերակրում է, թե ճակատագիր էր դա, որեւէ ելք չկա, ով էլ լիներ՝ նույնն էր լինելու: Այդ հանգամանքից սկսած՝ մենք պետք է սկսենք ներկայացնել մեր տեսլականը, ռազմավարությունը եւ ծրագրերը՝ Հայաստանը Նիկոլից հետո: Բոլոր ոլորտներում մենք պետք է ներկայացնենք մեր ծրագիրը, ռազմավարությունը, որ մարդիկ տեսնեն՝ ելք կա, հնարավորություն կա: Կան պատասխանատու մարդիկ, ովքեր ի վիճակի են գան ու երկիրն այս վիճակից դուրս բերեն: Մենք նավթադոլարներ չունենք, հատուկ ռեսուրսներ չունենք, բայց ունենք տաղանդավոր մարդիկ, 10 մլն-անոց ժողովուրդ: Որեւէ քաղաքական ուժ միայնակ որեւէ բան չի կարող անել, մենք պետք է համախմբվենք: Ձեզ ցույց կտանք ուժեղ Հայաստան կերտելու բանաձեւը: Մենք դա անելու ենք ու կերտելու ենք միասին»:

Վաղվանից սկսելու են նախաձեռնություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, փորձագետների, մտավորականների հետ խորհրդակցություններ՝ ամբողջացնելու «Հայաստանը Նիկոլից հետո» զարգացման ծրագիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930