Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Միահամուռ վռնդենք այս չարիքը, դրանից հետո որ քաղաքական ուժն ուզում է, թող գա իշխանության». Զոհված զինվորի հոր հորդորը՝ հանրահավաքին

Սեպտեմբեր 02,2022 22:15

«Այսօր մեծ խորհուրդ կա, խորհուրդն իմ համար կրկնակի է, որովհետեւ Արցախի անկախության համար երկու սերունդ իր կյանքը զոհել է. առաջին սերունդն իմ ընկերներն էին, որ 90-ականներին, երբ Արցախը անկախություն ձեռք բերեց, բայց այդ անկախությունը թղթի վրա էր մենակ, պետք էր այն նվաճել ու իմ ընկերները մի վայրկյան չմտածելով՝ իրենց կյանքի գնով պահեցին անկախությունը: Թվում էր, թե առաջիկա 30 տարիներին արդեն անկախությունը ամրապնդել էինք, մեկ էլ 2018-ը եկավ ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Անկախության  գլխին մեծ ամպեր կուտակվեցին ու 2020-ին հրահրվեց այս պատերազմը: Այս պատերազմը արհեստական սարքված պատերազմ էր: Այս անգամ մարտի դաշտ գնացին մեր տղաները ու իրենց կյանքի գնով պահեցին այն անկախությունը, որը կա, երերուն, բայց կա: Հիմա մեզանից է կախված՝ այդ անկախությունը կարո՞ղ ենք պահել»,- այսօր՝ Արցախի Անկախության օրը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նա ասաց, որ հավաքված այս մարդկանց քանակով անկախությունը չենք կարող պահել ու դրա արդյունքն այն է, որ ամեն ամիս մի գյուղ հանձնում ենք. «Մինչեւ ամեն մեկը իր մեջ չզգա, որ այդ վիշտը կարող է իր տուն մտնել, չենք կարող Արցախը պահենք: Երեկ սեպտեմբերի 1-ն էր ու շատ ծնողներ իրենց երեխաներին տանում էին դպրոց, լավ-լավ շորեր էին առել, գրքեր, բայց այդ ծնողները չմտածեցին՝ եթե մի ամիս առաջ ոտքի կանգնած լինեին, միգուցե Աղավնոյո՞ւմ էլ այդ երեխեքը գնային դպրոց: Հիմա հավաքվել ենք, որպեսզի կարողանանք փրկել Արցախը: Բայց այս հավաքներով ես չգիտեմ՝ որքանո՞վ է հնարավոր»:

Նա հայտարարեց, որ դատախազության մոտ ծնողները հավաքվում են՝ պահանջով, որ ձերբակալեն Նիկոլ Փաշինյանին. «Օգոստոսի 28-ին, երբ հայտարարություն տարածեցինք, որ բոլոր քաղաքական ուժերը միանան մեզ, այդ օրվանից սկսած՝ ինչ-որ գործողություններ գնաց. ամսի 30-ին ձերբակալեցին գեներալ Արզումանյանին, հաջորդ օրը Արթուրը Դավթյան մահապատժի հարց դրեց ու երբ իմ ելույթում ասացի, որ հոկտեմբերի 7-ին դավաճանական քայլ է արել Նիկոլ Փաշինյանը, հակահարձակման գրոհի պլանն է բաց տեքստով ասել, այսօր հոկտեմբերի 7-ի հետ կապված ոնց որ Ջալալ Հարությունյանին են մեղադրանք առաջադրում»: Ըստ Ռոստոմյանի, եթե այդ օրը դատախազության մոտ 5000 մարդ հավաքվեր 500-ի փոխարեն, ավելի լուրջ պահանջներ կկատարվեին:

Նա ասաց, որ քաղաքական պայքարի մեջ չեն մտել, բայց սատարում են բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր կվռնդեն այս իշխանությանը: Նա հորդորեց քաղաքական ուժերին միավորվել ու եթե պետք է՝ իրենք՝ ծնողները մերանը կլինի. «Միահամուռ վռնդենք այս չարիքը, դրանից հետո որ քաղաքական ուժն ուզում է, թող գա իշխանության: Մենք բոլոր քաղաքական ուժերին սատարում ենք: Ամենաթանկը մենք ենք վճարել, որեւէ մեկը չի կարող իր մաշկի վրա զգալ, մինչեւ իր հետ դա չկատարվի: Թող մեր զոհերը լինեն վերջինը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930