Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեղեկատվություն չտրամադրելու համար տուգանքի չափ փոխելը ճիշտ չի, տուգանքով ոչ մի հարց չի լուծվելու…Հլը պիտի խորանանք, տեսնենք հարցումներն ովքեր են անում, ինչի են անում». Վիգեն Խաչատրյան

Սեպտեմբեր 02,2022 21:21

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացվեց «ՀՀ Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Երանուհի  Թումանյանցը, առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար սահմանված տուգանքը բարձրացնել: Մասնավորապես, գործող կարգավորմամբ նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, հիմա առաջարկվում է տուգանել երեսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով: Իսկ նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց  հետո 1 տարվա ընթացքում կրկնելու դեպքում կիրառել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով տուգանք:

ԱԺ-ից առաջարկել են տեխնիկական որոշ ուղղումներ կատարել առաջին ընթերցումից հետո:

ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարցրեց. «Ուզում եմ հասկանալ՝ այս հարցի շուրջ մտածե՞լ եք, թե՞ ոչ. երբ հարցը վերաբերվում է կոնկրետ պաշտոնյային, նրան հարցում են ուղարկում, ապօրինաբար չի տրամադրում, հետո տույժ-տուգանքը նրա աշխատավարձից է պահվում: Բայց երբ հարցումն ուղարկվում է օրինակ աշխատակազմ կամ կառույց, այդ դեպքում տուգանքի միջոցներն ի՞նչ ձեւով են լինու, որովհետեւ եթե աշխատակազմի ղեկավարն է անփութություն ցուցաբերում ու չի պատասխանում հարցմանը, իսկ հետագայում, երբ գնում է դատարան, բյուջեն է վճարում: Այդտեղ կորում է պաշտոնյային անփութության դեպքում տույժ-տուգանքների ենթարկելու հնարավորությունը»:

Թումանյանցը պատասխանեց, որ այդ հարցով միջազգային փորձագետների են դիմել, որ պարզեն, թե ինչպես նույնականացումն անեն. «Ունենք փորձագիտական խումբ, որն աշխատում է այս պահին ամբողջ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր նախագծի վրա»: Փոխնախարարն ասաց, որ առայժմ տուգանքը բարձրացնելով շահագրգռում են քաղաքացիներին այդ խնդիրների դեպքում դիմել Վարչական դատարան:

Վադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ես տարակուսած եմ, որովհետեւ ես չեմ կարծում, որ այս կամ այն տուգանքի չափը, որը վճարելու է պետությունը, կաշկանդելու է պաշտոնյային, որովհետեւ ի վերջո սա հնարավոր կոնպենսացիոն գումարը չի, որը կարող է ստանա անձը՝ տեղեկատվություն չստանալու համար»: Վարդանյանը համաձայնեց, որ տուգանքի գործող չափն իսկապես ցածր է եւ պետության շահերից է բխում այս փոփոխությունը:

Ըստ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյայի համար 100 հազար դրամ տուգանքը կարող է մեծ լինել, բայց 1,5 մլն դրամ աշխատավարձ ստացող նախարարի համար այդ 50 հազար դրամը կարող է էական նշանակություն չունենալ: Նա առաջարկեց տոկոսով հաշվել, աշխատավարձի, ասենք, 20%-ի չափով տուգանել: Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ, ընդհանուր հայտարարագրման համակարգից հետո շատ ավելի տրամաբանական կլինի նման տոկոսային հարաբերակցությամբ տուգանքի կիրառումը:

Փոխնախարարն ասաց, որ վատ առաջարկ չէ, բայց դա նույնպես կարելի է քննարկել նոր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի շրջանակներում, այս նախագծում դրա փոփոխությունը նպատակահարմար չէ:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց. «Ես սկզբունքորեն կարծում եմ, որ տուգանքի չափ փոխելը ճիշտ չի, տուգանքով ոչ մի հարց չի լուծվելու»: Ըստ Վիգեն Խաչատրյանի, հլը պիտի խորանան, տեսնեն հարցումներն ովքեր են անում, ինչի են անում ու, ըստ այդմ, հետևություններ անեն:

Լիլիթ Մինասյանն ասաց, որ համաձայն չէ, թե այս նախագծով քաղաքացիները կշահագրգռվեն դիմել Վարչական դատարան, հիմնականում տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմում են ԶԼՄ-ները ու երբ հարցմանը չեն պատասխանում, մեկ տարի դատարաններ դիմել ու նոր ստանալ այդ տեղեկատվությունը անարդյունավետ է, որովհետեւ այլեւս անիմաստ է դառնում այդ տեղեկատվությունը ստանալը: Ու դա է պատճառը, որ ԶԼՄ-ները չեն դիմում դատարան, իմաստ չեն տեսնում: Նա առաջարկեց բացի տուգանքները բարձրացնելուց, այլ մեխանիզմներ մտածել ու պաշտոնյաներին պատասխանատվության դաշտ բերել:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, բայց Վիգեն Խաչատրյանը դեմ քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930