Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասեք, թե ում հետ եք անցկացրել արձակուրդը». Վլադիմիր Վարդանյանը բողոքեց իրեն ուղարկված հարցումից. Թեժ քննարկում՝ տեղեկատվության ազատության շուրջ

Սեպտեմբեր 02,2022 20:02

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է տեղեկատվություն ապօրինի չտրամադրելու համար տուգանքներն ավելացնել:

Նա հրապարակեց վիճակագրություն, ըստ որի, 2019-ից առ այսօր հարցումների 18% -ի դեպքում տեղեկություն տնօրինողները խախտմամբ չեն տրամադրել իրենցից պահանջվող տեղեկատվությունը մասամբ կամ ամբողջությամբ:  3%-ի դեպքում հարցմանն ընդհանրապես չեն պատասխանել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են, այսինքն, պահանջվող որոշ տեղեկությունները տրամադրվում են, որոշ տեղեկություններ՝ ոչ: 3%-ի դեպքում ստանում են անհիմն պատասխան, այսինքն, ներառված տեղեկատվությունը որեւէ ձեւով չի վերաբերվում պահանջվող տեղեկատվությանը:

Փոխնախարարի խոսքով՝ տեղեկատվություն չտրամադրելու համար հայց ներկայացնելը բավականին ծախսատար է ու վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում ՀԿ-ներն են դիմում, դա ցույց է տալիս նաեւ  «Դատալեքսի» ուսումնասիրությունը, որովհետեւ ՀԿ-ների համար դա սկզբունքային հարց է:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց, թե ո՞վ է տրամադրել այդ վիճակագրությունը: Բացի այդ, նրա համար անհասկանալի է փոխնախարարի ասածը. «Անձը, ով նման հարցով դիմում է դատարան, պետք է շահույթ չհետապնդի: Տեղեկատվություն չտրամադրելու համար դատարանի վճիռը կարող է հիմք լինել հետագայում ծառայողական քննություն իրականացնելու, պաշտոնյային կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»: Թումանյանցը պատասխանեց, որ երբ քաղաքացին գիտի, որ դատարան դիմելու արդյունքում պաշտոնյան կտուգանվի 10 հազար դրամով, չի ուզում դիմել դատարան, բայց երբ իմանա, որ կտուգանվի 100 հազար դրամով, բնականաբար, դա տվյալ պաշտոնյային ցավեցնելու տարբերակ է, գրպանին խփում է: Իսկ վիճակագրությունը նա ասաց, որ վերցրել է «Give me info» կայքից. «Բավականին լուրջ ուսումնասիրություններ են իրականացնում այս մասով՝ ԵԱՀԿ-ի եւ ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի համաֆինանսավորմամբ»:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Երբ որ հիմնավորումների մեջ նյութ է ներկայացվում, որում հղում է կատարվում մի կազմակերպությանը ու ասում են՝ այսքան տոկոսը պատասխանել են անհիմն, իմ համար անհիմն պատասխանի, ոչ լրիվ պատասխանի հիմք կա եւ մնալու է դատարանի կամ համապատասխան պետական մարմնի վիճակագրությունը: Ի՞նչ է նշանակում՝ անհիմն է: Կներեք, մենք հարցում ենք ստացել, որտեղ նշված է՝ ասեք, թե ում հետ եք անցկացրել արձակուրդը: Հիմա կներք, դա իմ անձնական տիրույթի մեջ է եւ որեւիցե եղանակով ես այդ տեղեկատվությունը չպետք է տրամադրեմ: Բայց սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ես թերի եմ պատասխանել»:

Նա հորդորեց փոխնախարարին հղումներ անել ավելի պաշտոնական եւ հեղինակավոր աղբյուրներին, որ կարողանան ավելի տեսանելի պատկեր ունենան, թե ինչ է կատարվում:

Արձագանքեց նաեւ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը՝ հորդորելով ուշադրություն դարձնել հետեւյալին. «Գուցե ինչ-որ մի քաղաքացի ուղղակի հենց այդ տուգանքի համար որոշում է, որ օրը մեջ հարցում է ուղարկում պարոն Վարդանյանի նշած բովանդակությամբ: Խնդրում եմ դա էլ հաշվի առեք»:

Փոխնախարարն արձագանքեց. «Ես չեմ հասկանում այս քննարկում ընդհանրապես, որովհետեւ եթե «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին չվերաբերող հարցում է իրականացվում, պարզ է, կապ չունի իր ասածի հետ եւ դա չի կարող գնալ Վարչական դատարան, կամ ինչ-որ հիմք հանդիսանալ: Եթե հարցում է իրականացվում՝ ասեք ծիածանն այսօր ինչ գույն է, պարզ չի՞, որ ԱԺ-ն դրա պատասխանատուն չի»:

Վլադիմիր Վարդանյանը հարցրեց. «Իսկ կարո՞ղ է լրատվամիջոցը օրինակ առավոտ հարցնի՝ այսօր ե՞րբ եք եկել աշխատանքի, եւ ես պարտավոր եմ պատասխանել, որովհետեւ դա «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» շրջանակներում է: Բայց եթե ամեն օր 15 լրատվամիջոց ինձ նույն հարցն են տալիս, ինչքա՞ն ռեսուրս է պահանջվելու պետական մարմնից, որպեսզի կարողանա պատասխանել»: Սա ասելուց հետո Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ փակում է քննարկումը, փոխնախարարը թույլ չտվեց՝ արձագանքելով. «Դուք չփակեցիք քննարկումն այնտեղ, որտեղ պետք է, ես չեմ կարող չարձագանքել: Սահմանադրությամբ հստակ նշված է, որ մենք իրավական, ժողովրդավար պետություն ենք: Եթե այդտեղ կփոխվի Սահմանադրության մեջ այլ ձեւակերպում, ապա այդ դեպքում եկեք քննարկումներ անենք: Այո՛, ժողովրդավարությունը պահանջում է որոշ զոհեր, այդ թվում՝ պաշտոնատար անձանց կողմից հաշվետվողականություն հանրությանը: Ինձ թվում է՝ այստեղ քննարկելու ոչինչ չունենք»:

Մթնոլորտը հանձնաժողովում սրվեց, ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը սկսեց հայտարարել, թե ինչ ժողովրդավարական մեխանիզմով են եկել իշխանության, Վադիմիր Վարդանյանը հորդորեց թեման ավարտել՝ ասելով, որ գուցե ինքը սադրեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930