Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաստաբան․ «Ջալալ Հարությունյանի մեղադրանքը տվյալ դեպքի համար եւ տվյալ անձի վերաբերյալ շատ մեղմ է, ճիշտ կլիներ դիմեին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ»

Սեպտեմբեր 02,2022 21:01

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն ասում է՝ Ջալալ Հարությունյանի գործողությունները ծանր հետեւանքներ են առաջացրել, ուստի մեղադրող կողմը ճիշտ կաներ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացներ

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի համար զարմանալի է, թե ինչո՞ւ է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ ընտրվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց:

Լիպարիտ Սիմոնյանը Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչն է։ Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց՝ Ջալալ Հարությունյանի խափանման միջոցը տվյալ դեպքի համար եւ տվյալ անձի վերաբերյալ շատ մեղմ է։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

«Մեղադրանքը սպասելի էր, որ պետք է առաջադրվեր, համենայնդեպս, ծնողները վաղուց էին սպասում։ Այս պահին գործի նյութերի՝ մեր մասով մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող հստակ ասել՝ այս մեղադրանքը բավարա՞ր է, որպեսզի նրան առաջադրվեր, թե՞ ոչ միայն այս մեղադրանքը պետք է առաջադրվեր, այլ նաեւ այլ մեղադրանքներ։ Այս իմաստով սա այն նվազագույն մեղադրանքն է, որ պետք է վաղուց առաջադրվեր Ջալալ Հարությունյանի նկատմամբ, եւ ոչ միայն նրան։ Ես եւ ծնողները հակված ենք պնդելու, որ Ցորի զորամասի կապակցությամբ այլ անձինք էլ կան, որ պետք է մեղադրանքներ առաջադրվեն։ Այժմ միայն կարող եմ ասել, որ այս պահին բավարարված ենք այս մեղադրանքով, բայց ոչ լիարժեք»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ մեղադրանքը մեղմ է եւ մեղադրող կողմը պետք է դիմեր դատարան Ջալալ Հարությունյանին կալանավորելու միջնորդությամբ․«Ի վերջո, նրա գործողությունները ծանր հետեւանքներ են առաջացրել, եւ կարծում եմ՝ ճիշտ կլիներ դիմեին դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»։

Փաստաբանն ասաց, որ փորձելու է տվյալներ ստանալ, թե ինչո՞ւ է այս խափանման միջոցն ընտրվել եւ ինչու չեն դիմել դատարան, ըստ որի էլ իրենց գործողությունները նախատեսեն։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատների պայքարի եւ հետեւողական աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր  Գեւորգ Գեւորգյանին, որի գործը դատարանում է։ Փաստաբանի կարծիքով՝ մեղադրանք պետք է առաջադրվեր նաեւ հրետանու նախկին պետ Գենադի Բաղդասարյանին․«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, որպեսզի նրան էլ մեղադրանք առաջադրեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930