Այսօր նշվում է Գյումրու տոնը՝ բավական համեստ, քիչ հյուրերով ու առհասարակ քիչ մարդկանցով, քաղաքի պատմական փողոցներում կազմակերպված արհեստների ու արվեստների տոնավաճառներով։
Միակ հյուրը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է, որը Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետերի հետ շրջագայեց թանգարաններում, տոնավաճառներում, ծանոթացավ արվեստագետների ու արհեստավորների ձեռքի աշխատանքներին, հատկապես հիացավ Գյումրու արծաթյա զարդանախշերով գոտիներով։
Կարդացեք նաև
Կառավարության անդամներից դեռ ոչ մեկը չի ժամանել Գյումրի, կան տեղեկություններ, որ երեկոյան պատրաստվում է հյուրընկալվել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա»-ի մասնակցությամբ կազմակերպված համերգը վայելելու։
Իսկ Երևանի քաղաքապետի՝ Գյումրիում գտնվելը պայմանավորված է նրանով, որ այսօր Գյումրիում նշվում են նաև «Երևանի օրերը»։
Երևանի քաղաքապետը Գյումրիում տիրող մթնոլորտը համարեց «գրկաբաց, երաժշտական», որը բուռն ու հետաքրքիր էմոցիաներ է փոխանցում ու Գյումրիի հետ իրագործվելիք նոր գաղափարներ ծնում։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ, որն անասելի ուրախ տրամադրության մեջ էր, հպարտությամբ արձանագրեց, որ հաղթահարել են դժվարությունները, Գյումրին վերածնվել է, մարդաշատ է, մեծ թվով հյուրեր կան, որոնք սեր են փոխանցում և սեր են ստանում, Գյումրու ամեն անկյունում դրական էներգիա է հորդում։
«Ով առաջին անգամ է գալիս Գյումրի, սիրահարվում է մեր քաղաքին։ Դա պատահական չէ, մեր քաղաքը ոնց որ թանգարան է բաց երկնքի տակ։ Հյուրերից մեկն էս վերջերս մեր քաղաքին «սև անդամանդ» է անվանել։ Էդ ադամանդը մենք փայփայելու ենք, հղկելու ենք, էլ ավելի ենք գեղեցկացնելու, որ ամբողջ աշխարհին ցույց տալու բան ունենանք»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։ Նա խոսեց նաև Գյումրիի խնդիրներից՝ ամենագլխավորը համարելով անօթևանությունն և գործազրկությունը։
Ըստ նրա, անօթևանության խնդիրը աստիճանաբար լուծվում է, իսկ աշխատատեղերի ստեղծման համար հանդիպումներ են ունենում բազմաթիվ ներդրողների հետ, չի բացառվում, որ այդ քննարկումների արդյունքում առաջիկայում 1000 աշխատատեղ ստեղծվի։
Քաղաքապետը նշեց՝ կան բազմաթիվ ծրագրեր, սակայն իր պաշտոնավարման շուրջ մեկ տարվա ընթացքում կատարված ամենամեծ աշխատանքը փողոցաշինությունն է, բացօթյա առևտրի դեմ պայքար․ մտադիր են փակ շուկա կառուցել։
Տոնը դեռ շարունակվում է, քիչ հետո Վարդանանց հրապարակում տեղի կունենա մեծ համերգ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ