Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանկարծ «Օթելլո» չբեմադրեք, Դեզդեմոնային խեղդում է․ գուցե Փաշինյանը վերագրի իրեն, ու ռեժիսորներին դատեն»․ Մալյան

Սեպտեմբեր 02,2022 17:48

«Ակնկալում եմ, որ դատարանն ինձ անպայման կպատժի եւ կազատազրկի, որովհետեւ չի կարելի բեմադրել մի ներկայացում, որը դուր չի գալիս իշխանությանը։ Դա հասկացել եմ, ու թող սա դաս լինի բոլորի համար, որ ՀՀ-ում ներկայացում չբեմադրեն։ Հանկարծ «Օթելլո» չբեմադրեք, որովհետեւ վերջում Դեզդեմոնային խեղդում է։ Հնարավոր է, որ Փաշինյանը դա վերագրի իրեն, ու դա էլ արգելվի, ռեժիսորներն էլ դատվեն»,-դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի hայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ 2021թ․-ի ընթացքում հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Նարեկ Մալյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը: Խոսքը 2021թ․-ին Մալյանի կազմակերպած՝ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման մասին է։

Նարեկ Մալյանը շարունակեց․ «Հարգելի ռեժիսորներ, հետ կանգնեք այդ հանցավոր մտքերից ու մի բեմադրեք ներկայացումներ։ Իմ դեպքում այդ ներկայացումով իշխանությունը չբավարարվեց։ Իր խմբակցությունով ԱԺ-ում անցկացրեց քրեական նոր օրենսգիրքը, որում իմ համար հոդված է ավելացել՝ հրապարակային ցուցադրվող ներկայացում բեմադրելը դատապարտվում է մինչև չորս տարի ազատազրկման։ Իմ հանցակազմը, ըստ քննիչի, այն է, որ ներկայացման ավարտից հետո դիտողները գոռացել են «Նիկոլ դավաճան»։ Ըստ քննիչի՝ դա ապացուցում է, որ ներկայացումը Փաշինյանին է վերաբերում։ Բացատրեցի, որ գուցե մարդիկ նկատի ունեին Նիկոլաե Չաուշեսկուին, բայց կրճատելով ասել են Նիկոլ դավաճան»։

Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քրեական գործը ստեղծվել է կոնկրետ  անձի վախերի հիման վրա։

Տիգրան Աթանեսյան

Հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն առիթ ունեցել է ԱԺ ամբիոնից ակնարկելու, որ փողոցում գնդակահարության տեսարան են բեմադրել․ «Ի՞նչ է նշանակում մարդուն դատել բեմադրության համար։ Չաուշեսկուն մահապատժի ենթարկեցին դատավճռի համաձայն։ Վերջ։ Սա Նարեկ Մալյանի հանդեպ մեկ մանր մարդու վրեժխնդրություն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930