Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երաժիշտները հանուն գիտության միավորվել են STARMUS միջազգային փառատոնի շուրջ

Սեպտեմբեր 02,2022 17:52

Սեպտեմբերի 2-ին STARMUS VI փառատոնի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի սեղանի շուրջ հավաքվել էին աշխարհահռչակ երաժիշտներ՝ իրենց արվեստի միջոցով գիտության հանրայնացմանը նպաստելու նպատակով։

Ասուլիսի ընթացքում փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին միացել էին Սերժ Թանկյանը, Ռիք Վեյքմանը, Դերեք Շերինյանը, երաժիշտ՝ Ռոն Թալ Բամբլֆութը և Տիգրան Համասյանը (առցանց)։

Երաժիշտներին միավորել էր մարդկության ապագայի համար գիտության կարևորությունը հանրությանը հասցնելու Սթարմուսի տեսլականը։ Փառատոնն իր մեջ ներառում է գիտություն, արվեստ և տեխնոլոգիաներ, ընդ որում՝ արվեստի միջոցով մարդկանց առավել գրավիչ է դարձնում գիտությունը։ Սա է միջազգային STARMUS փառատոնի հիմնաքարը, ինչը յուրօրինակ և ողջ աշխարհում որևէ փառատոնի ժամանակ չկրկնվող ձևաչափ է։

«STARMUS-ը ունիկալ ձևաչափ է, որը որևէ փառատոն չի կարողացել կրկնօրինակել։ Մեզ հաջողվել է երաժշտության ու գիտության այնպիսի համադրություն ստանալ, այնպես բացահայտել թե՛ երաժիշտների, և թե՛ գիտնականների ներաշխարհները, որ անհնար է դառնում յուրաքանչյուր մարդու չգտնել մի մասնիկ, որն իրենն է այս փառատոնում, որն իրեն կոգեշնչի ու հետաքրքրի։

Այս ձևաչափի կիրառությանը մենք բոլորս ականատես կլինենք մի քանի օրից, երբ թե՛ Երևանում, և թե՛ մարզերում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն՝ աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների և արվեստագետների մասնակցությամբ։ Ես ինքս՝ մարդ, ով 30+ տարի զբաղվում է գիտությամբ, մշտապես ոգեշնչվել եմ երաժշտությամբ, ինքս նվագել եմ ու շարունակում եմ տարվել երաժշտությամբ։ Փառատոնի խոսնակ գիտնականներն իրենք նույնպես բազմակողմանի և ունիկալ մարդիկ են, ովքեր իրենց փորձով ու դասախոսություններով, ես ուղղակի համոզված եմ, գերելու են ներկաներին։ Մենք դրա ականատեսն ենք եղել նախորդ 5 փառատոնների ընթացքում և Հայաստանում նույնն է սպասվում»,—նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր  Գարիկ Իսրայելյանը։

Ասուլիսի ընթացքում ներկաները փաստեցին, որ իրենք մինչև  Գարիկ Իսրայելյանի հետ ծանոթանալը երբևէ չեն մտածել, որ հնարավոր է իրենց կյանքի գործը՝ երաժշտությունն ու երգարվեստը, օգտագործել գիտության հանրայնացման համար և դրանով իսկ նպաստել տվյալ երկրում, որտեղ անցկացվում է փառատոնը, գիտության առավել մատչելի դարձնելուն հասարակության ամենատարբեր տարիքի անդամների համար։

Մասնակիցներից Սերժ Թանկյանը, ով ծագումով հայ է, մատնանշեց նմանօրինակ նախագծի մասնակցության կարևորությունն իր համար, քանի որ հնարավորություն է ունենում ոչ միայն միավորելու հանրությանը երաժշտության ու իր կատարումների շուրջ, այլ երիտասարդության շրջանում սերմանելու սեր դեպի գիտություն ու դրա կարևորությունը հասցնելու հայ և միջազգային հանրությանը։

«Փոքր ազգերը, շրջափակված ազգերը և պետությունները, որոնք հարուստ չեն բնական պաշարներով, կրթության, գիտության և տեխնոլոգիաների միջոցով կկարողանան հաջողությունների հասնել»,-նշեց նա։

Հարցին, թե արդյոք արհեստական բանականությունը կդրվի իրենց երաժշտության, հիմքում Սայմն Ֆիլիպսը պատասխանեց.

«Մենք չենք պլանավորում արհեստական բանականությունը դնել մեր երաժշտության հիմքում։ Մենք ուղղակի մեր բանականությունը կդնենք։ Իհարկե, գիտական տեսանկյունից արհեստական բանականության կիրառությունը կարող է հետաքրքիր էքսպերիմենտ լինել։ Բայց մենք երաժշտությամբ գրում ենք մարդկանց զգացմունքները։ Իսկ դրանք դեռևս պետք է սովորեցնել արհեստական բանականությանը»։

Իսկ Ռիք Վեյքմանը հավելեց, որ «արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտությունը քո նախկին փորձառության վրա է հիմնված։ Իհարկե, այդպես կարող ես երաժշտություն ստեղծել։ Բայց ոգեշնչումը…»։

Երաժշտության և գիտության կապի մասին թեման շարունակեց Տիգրան Համասյանը` մասնավորապես նշելով.

«Կարծում եմ՝ գիտությունը և երաժշտությունը միշտ միասին են եղել։ Երաժշտությունը բարդ կառուցվածք ունի, և դրանում քիչ տոկոս չի կազմում գիտությունը»։

Այս տարվա Սթարմուսը լի է երաժշտությամբ՝ հրաշալի երաժիշտнերի մասնակցությամբ։ Փառատոնը կբացի Տիգրան Համասյանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը և Ռոնը Բամբլֆուտ Թալը կմիանան նրան։

Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողության համերգը տարբեր ոճերի համադրություն է՝ Sons of Apollo-ի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Տիգրան Համասյանի մասնակցությամբ։

Չորեքշաբթի օրը Բրայան Մեյի առաջնորդությամբ ևս մեկ համերգ կունենանք, որը կբացի Հայաստանի առաջատար խմբերից մեկը՝ Nemra-ն, Գոռ Սուջյանի և կրտսեր Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ։ Մեզ բոլորիս հրաշալի փառատոն է սպասվում՝ շատ հարուստ ծրագրով»,_եզրափակեց իր խոսքը STARMUS փառատոնի համահիմնադիր  Գարիկ Իսրայելյանը։

 

STARMUS VI փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս  Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930