«Չափազանց զարմացած եմ։ Այնքան անսպասելի էր, որ մի պահ ինձ թվաց, թե «ֆեյք նյուզ» է։ Որեւէ տրամաբանական բացատրություն այդ առաջարկում չեմ տեսնում։ Սա ասում եմ որպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, որպես Եվրոպայի խորհրդում մահապատժի արգելման հարցով գլխավոր զեկուցող»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին, ըստ որի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր պետք է ստեղծել, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նրա համար այս թեմայի քննարկումն անընդունելի է․ «Խոսում ենք պատժի անխուսափելիության, ոչ թե ծանրության մասին։ Մահապատժի գործընթացը Եվրոպական մայրցամաքում դիտարկվում է որպես հնացած եւ քրեական արդարադատության արդի գործիքակազմում չտեղավորվող երեւույթ։ 1995թ․-ից ՀՀ սահմանադրության մեջ նշվում է, որ մահապատիժը կարող է կիրառվել որպես բացառիկ պատժամիջոց, իսկ դրանից հետո բոլոր փոփոխություններն ուղղված են եղել մահապատժից հրաժարմանը։ Մեր միջազգային պարտավորություններում եւս ամրագրված է, որ ՀՀ-ն հրաժարվում է մահապատժից։ Խոսքը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասին է»։
Վարդանյանը համաձայն չէ Դավթյանի պնդումների հետ, թե մահապատիժը վերականգնելը չի հակասում ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին․ «Ամեն պետության իրավունքն է դրա վերականգնումը, բայց չմոռանանք, որ գործ ունենք եվրոպական ժողովրդավարության համատեքստում չտեղավորվող պատժամիջոցի հետ։ Ես չէ, որ պետք է սա բացատրեմ պարոն Դավթյանին։ Շատ դեպքերում դատավճռի փոփոխության հիմքեր են եղել, այսինքն՝ անձին ենթարկել են մահապատժի, բայց գիտության զարգացման արդյունքում ԴՆԹ անալիզի միջոցով պարզվել է, որ կատարողն այդ մարդը չէ։ Նելսոն Մանդելան եւ շատ այլ անձինք դատապարտված էին մահապատժի, բայց հետո ժողովրդավարական կառավարման համակարգում զբաղեցրին իրենց տեղը»։
Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ իր մոտեցումը նաեւ խմբակցության մոտեցումն է, թեեւ խմբակցության ձեւաչափում նման քննարկում չի եղել։
Կարդացեք նաև
Նաեւ օրինակ բերեց․ Բելառուսն այն եզակի երկրներից է, որտեղ մահապատիժ կա, եւ դա Եվրոպայի խորհրդին միանալու խոչընդոտ է։
Վլադիմիր Վարդանյանը նաեւ շեշտեց՝ Արթուր Դավթյանի հետ համագործակցությունն ու աշխատանքն այս տարիներին արդյունավետ են եղել, ուստի իրապես զարմացած է նրա այդ առաջարկից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ